Հայրենիքը պետությունն է եւ վե՞րջ

Հայրենիքը պետությունն է եւ վե՞րջ

Նիկոլ Փաշինյանը, ոչ մի կասկած չկա, արտացոլում է մեր այսօրվա պետությունը: Նրա քայլվածքը, հագուկապը, կեպին, խոսքը, բնիկներում վազվզող աչքերը, հրճվանքը, զայրույթը, վախերն ու պարտությունները, ամեն ինչն արտացոլում են այսօրվա Հայաստանի Հանրապետությունը՝ բզիկ-բզիկ արված մի պետություն՝ անգաղափար, անապագա, առանց սահմանների, թշնամու կողմից ոտնակոխ արված դրոշով ու անարգված, շենքերի ճակատից իջեցված զինանշանով: Ասում են՝ Նիկոլն ի՞նչ անի, նախկինները լավ ժառանգություն չեն թողել նրան: Չէ, նախկինները կապ չունեն, նախկինները նրան մի պետություն տվեցին, որի հետ հաշվի էին նստում բոլորը, վստահում էին, գործընկեր էին: Թշնամիներ էլ ուներ այդ պետությունը, բայց այդ թշնամիներն այդքան լկտի չէին, որքան այսօր: Հո ասելով չի՝ նախկինները, նախկինները… Փորձի համար Նիկոլ Փաշինյանին նշանակեք Վրաստանի վարչապետ (հեռը` Վրաստանից) ու կտեսնեք, թե մի քանի ամիս հետո ինչ կկատարվի այդ պետության հետ:

Չգիտեմ էլ, արժե՞ խոսել Փաշինյանի՝ պետություն ղեկավարելու հմտությունների եւ ունակությունների մասին: Նրա ղեկավարած պետությունն ի՞նչ պետք է լինի, չէ՞: Ոչ մի գործ մինչեւ վերջ չի հասցրել այդ մարդը: Ամեն ինչ կիսատ-պռատ է՝ ո՛չ մարտի 1 բացահայտվեց, ո՛չ հոկտեմբերի 27, ո՛չ քառօրյա, ո՛չ 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզվեցին, ո՛չ վեթինգը տեղ հասավ, ո՛չ կոռուպցիան վերացվեց… Մի քանի գործարան իբր բացեց՝ չեն աշխատում, ճանապարհներ սարքեց՝ կիսատ-պռատ, օրենքներ փոխեց՝ արդյունքում շիլափլավ ստացանք, գիտությունն ու կրթությունը փախան երկրից՝ իրենց տեղը զիջելով ուժային կառույցներին, էկոնոմիկայի մասին խոսք չկա վաղուց, բնապահպանություն չկա, գյուղատնտեսությունն էլ հո ամենահին մեռելներից է: Բայց չմոռանամ ասել, որ թափով շինարարություն է ընթանում, ու մեկ էլ սպուտնիկ են բաց թողել: Թեեւ եկեք չմոռանանք, որ ոչ մեկի, ոչ էլ մյուսի հետ Նիկոլը կապ չունի: Փոխարենը Նիկոլը շատ սերտ կապ ունի դոլարի փոխարժեքի հետ: Դոլարը «կզըցրել» է, որ իր բանկիր-օլիգարխները կարողանան ժողովրդի ձեռքից էժան դոլար առնել: Դե իրեն էլ մի բան կտան, հո չե՞ն կարող գերշահույթներն այնպես կոծկել, որ շեֆը չիմանա: Բա գնաճը, բա աղքատությունից մեռնող թոշակառուները: Եվ Նիկոլ Փաշինյանի արտացոլած պետությունը կամաց-կամաց սատկում է:

Վերջերս էլ սկսել են ասել՝ Նիկոլն ի՞նչ անի, պաշտոնյաներն են անբարեխիղճ, թալանում են, ատկատ են անում, պետական փողը վերցնում՝ տեղը խոտան են տալիս, եւ այսպես շարունակ: Այո, հեշտ չէ աշխատել այն պաշտոնյաների հետ, որոնց Նիկոլն է նշանակել: Պետություն կառավարելը թիմային գործ է: Կառավարությունը որպես մեկ թիմ չաշխատեց՝ ոչինչ չի ստացվի: Նիկոլի հավաքած թիմն էլ, ինչպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, աշխատում է այնպես, ինչպես կարողանում է: Ինչքան անխելք, անպետք, ներողություն, անբարոյական կա՝ հավաքել, լցրել է կառավարություն՝ «թող պոլի փետ լինեն, բայց մերոնցից լինեն» սկզբունքով: Պաշտոնյաներ կան, որ այսօր նույնիսկ տաքսի չէին կարողանա քշել, եթե մարզպետ, նախարար կամ փոխնախարար չաշխատեին: Կին պաշտոնյաների մասին էլ չեմ խոսում, ամոթ է նույնիսկ: Տնային տնտեսուհու բարձունքներից այն կողմ ոչ ոք չի անցել: Եթե կարճ՝ ՀՀ կառավարությունն ու մնացած պաշտոնյաները Նիկոլի ճիշտ արտացոլանքն են, այլ բառով՝ ՔՊ, այլ բառով Նիկոլի ստեղծած խառնամբոխ, Նիկոլի կենսագործունեության հետեւանք, այսինքն՝ չարիք, այսինքն՝ «տոռմուզ»:

Իմացա, որ Նիկոլը սրանց հավաքել է ու առաջադրանք տվել՝ գրել շարադրություն «Իմ հայրենիքն իմ պետությունն է» թեմայով: ՔՊ-ում վայնասուն է բարձրացել՝ ո՛չ դպրոց են գնացել, ո՛չ էլ ներկա եղել այդ դասին: Բա ի՞նչ անեն… Դե էլ ո՞վ, եթե ոչ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պետք է օրինակ ծառայեր մյուսների համար եւ Նիկոլին ապացուցեր, որ ինքը շատ ճիշտ է ըմբռնել նրա հերթական զառանցանքը՝ հայրենիքը պետությունն է, եւ վերջ… Եվ Պետրոսի տիկինը թեմայի մեջ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է արտացոլի մեր այսօրվա պետությունը: Հասկացաք, չէ՞, ինչ է կատարվում: Նիկոլի վարչապետության քաղաքական հետեւանք Ժաննան որոշել է, որ պետք է իրականացվի Նիկոլի «գաղափարը» պետության ու հայրենիքի նույնականության մասին: Ասել է, թե մեր զինանշանի վրայից պետք է քերվի-հանվի ամեն ինչ, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը կամ նիկոլապետությունը չի արտացոլում: Դրանք են՝ հայ ժողովրդի ունեցած 4 թագավորական տների սիմվոլիկան, Արարատը, Նոյան տապանը, պատերազմասեր եւ հաղթող կենդանիները, զինտեխնիկան՝ սուրն ու վահանը: Թե տակն ինչ կմնա Նիկոլի այսօրվա պետություն-հայրենիքն արտացոլող, դա էլ դու երեւակայիր, սիրելի ընթերցող: Ի դեպ, արդեն առաջարկներ կան՝ առյուծը փոխարինել խելացի գոմից փախած կովով, իսկ արծիվը՝ տիկին Ժաննայի հավերից մեկով: Վահանի փոխարեն կովն ու հավը կպահեն լողանալու կլոր տաշտը՝ վրան չեկանկա արված ցնցուղ, կախիչ, բասկետբոլի վահանակ եւ սպուտնիկ: Վահան ասացի՝ հիշեցի. Քերոբյան Վահանն էլ առաջարկել է հայկական արտադրության «Սեպուհ» մակնիշի ավտոմեքենա մտցնել զինանշանի մեջ: Տեսնենք՝ ինչ կստացվի: