Մշակույթ

Հայոց պատմության դասագրքի ճակատագիրը կորոշի գաղտնի հանձնախումբը

Հայոց պատմության դասագրքի ճակատագիրը կորոշի գաղտնի հանձնախումբը

Նախօրեին ԿԳՄՍ նախարարությունում` ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում վերջին ամիսներին մեծ աղմուկ հանած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի շուրջ։ Հանդիպմանը մասնակցել է թե՛ դասագրքի հեղինակային խումբը, ի դեմս հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի, թե՛ պատմագիտական համայնքը, որն օրեր առաջ երկար մասնագիտական եզրակացություն էր հրապարակել՝ պահանջելով կասեցնել դասագրքի կիրառումը դպրոցներում։

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի առնչությամբ մասնագիտական շրջանակների անհանգստությունն առավելապես վերաբերել է փաստական անճշտություններին, որոնցից որոշները, ըստ գիտնականների, սկզբունքային խնդիրներ են պարունակում։ Դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն էլ ի պատասխան նշել է, որ ժամանակի սղության պատճառով դասագիրքը մասնագիտական կառույցների գրախոսմանը ներկայացնելու հնարավորություն չի եղել։ Նրա խոսքով՝ մասնագետների բարձրացրած հարցերի մի մասն արդեն իսկ ընդունվել է, որոնք անպայման շտկվելու են։

Հանդիպմանը ներկա գտնված ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք նորից ներկայացրել են իրենց մոտեցումները, որոնք նախօրոք արդեն հրապարակվել էին․ «Իսկ մեր մոտեցումն այն էր, որ այս վիճակով դասագիրքը չի կարող շրջանառության մեջ մնալ, ուրեմն պետք է հանվի»։
Թե ինչ լուծում է առաջարկել ԿԳՄՍՆ-ն, ապա․ «Նախարարությունն առաջարկեց մի տարբերակ, ավելի ճիշտ՝ մտադիր է ստեղծել մի հանձնախումբ, որը պետք է որոշի, թե այդ դիտողությունները որքանով են ընդունելի կամ ոչ, եւ հեղինակն ինքը պետք է որոշի՝ ինչն է ընդունում, ինչը չի ընդունում, որից հետո պետք է որոշեն, թե գրքի ճակատագիրն ինչ է լինելու»։

Ինչ վերաբերում է հանձնախմբին, ապա այն պետք է լինի փակ եւ գաղտնի․ «Չպիտի իմացվի, թե ովքեր են նրանք, կարծիքներ պետք է գրեն, որից հետո ըստ այդմ առաջնորդվեն։ Գրքի ճակատագիրը որոշվելու է այդ հանձնախմբի արձագանքի արդյունքում»։ ԿԳՄՍ նախարարությո՞ւնն է ձեւավորելու այդ գաղտնի հանձնախումբը։ «Չեմ կարող ասել, հավանաբար, ամեն դեպքում մեզ որեւէ բան չառաջարկվեց, որ մենք էլ մաս կազմենք այդ հանձնախմբին»։
Իրենց համար սա ընդունելի՞ տարբերակ է, թե՞ առարկություններ ունեն։ «Մենք մնացինք մեր կարծիքին, որ այս դասագիրքը նման ձեւով չի կարելի դնել շրջանառության մեջ, որովհետեւ ինչքան էլ բարելավել ես, ինքը խոցելի է, եւ այդ փոփոխությունների արդյունքում բան չի փոխվելու»։

Իր կարծիքով սա ընդառաջ քա՞յլ էր ԿԳՄՍՆ-ի կողմից, թե՞ այսկերպ փորձում են իրավիճակը հանդարտեցնել ու փափուկ բարձ դնել իրենց գլխի տակ։ «Դժվարանում եմ ասել, բայց, համենայնդեպս, քննարկումը ողջունելի էր, իսկ կառուցողական էր այն, թե ոչ, կախված կլինի արդյունքներից, թե ինչ է լինելու դասագրքի ճակատագիրը։ Այս առումով գնահատական տալը դեռ վաղ է»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image