Սեպտեմբերի 13-ի պատերազմի արդյունքում միայն Խնձորեսկը 350 միլիոն դրամի վնաս է կրել

Սեպտեմբերի 13-ի պատերազմի արդյունքում միայն Խնձորեսկը 350 միլիոն դրամի վնաս է կրել

Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Խնձորեսկը ադրբեջանցիների կողմից առևանգված ոչխարների ու տեխնիկայի մեծ կորուստ է ունեցել: Ընդհանուր վնասը կազմում է մոտ 350 միլիոն դրամ, որը մեկ գյուղի համար ահռելի թիվ է: Մարդիկ առանց ապրուստի են մնացել, ասում է համայնքապետ Երվանդ Մալունցը:

Գրեթե 30-ից ավելի ընտանիքի ապրուստ սեպտեմբերի պատերազմի ժամանակ ադրբեջանցի հրոսակները գողացել են, մարդիկ բանկերի վարկերը չեն կարողանում մուծել, ապրուստի միջոց չունեն.մի քանի օրից ընկնելու են սև ցուցակ, ոչ մի բանից չեն կարողանալու օգտվել՝ ոչ մի վարկային ծրագրից: «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ և Վերին Խնձորեսկ բնակավայրերի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը: 
Խնձորեսկցիները ոչխար պահելու միջոցով ստացած եկամուտով էին կարողանում փակել վարկերն ու հոգալ իրենց ապրուստը: Մալունցը տեղեկացրեց, որ կառավարությունում այդ հարցը բարձրացվել է, սակայն հստակ ոչինչ իրենց չեն պատասխանել:

«Կոնկրետ Խնձորեսկի բնակիչներինը մոտ 5400 քանի գլուխ ոչխար է եղել, 600-700 գլուխ էլ Գորիս համայնքի այլ գյուղի բնակչի ոչխար են գողացել: Գյուղտեխնիկա է, բեռնատարներ, գրեթե 350 միլիոնի վնաս ենք ունեցել՝ տեխնիկան ու գողացված ոչխարների ընդհանուր վնասը: Դրա եկամուտը մոտ 150 միլիոն էր կազմում տարեկան ու այս կորստով մի քանի օրվա մեջ գյուղում արդեն ահագին խնդիրներ կան: Բայց մարդիկ աշխատում են, փորձում են մի բան անել՝ մեկը դաշտն է վարում-ցանում է, մեկը իրենց տնամերձի հողի վրա է աշխատում»,-ասաց Մալունցը: Ոչխարների գողությունից հետո բազմաթիվ գյուղացիներ զրկվել են իրենց եկամտի միակ աղբյուրից: «Այսօր մարդիկ ոչ մի բան չունեն, մարդկանց տարիներով, ծնողների չարչարանքներով կուտակած աշխատանքի արդյունքն էր»,-ասում է Խնձորեսկի վարչական ղեկավարը: 

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզը կորցրեց իր արոտավայրերի հիմնական մասը և Խնձորեսկի բնակիչները ստիպված են եղել իրենց ոչխարների հոտը տանել Վայոց Ձորի մարզի արոտավայրեր, որտեղից էլ ադրբեջանցի զինվորականները գողացել են ոչխարի հոտը: «Ադրբեջանական կայքերում գցած են տեսանյութերը՝ գողացված ոչխարներով: ժողովրդի վարկերը մեծ խնդիր են, մարդիկ զբաղմունք չունեն՝ գոնե փոխհատուցման ձև գտնեին, մարդկանց ապրուստի միակ ձևն էր, երբ անասուն էին պահում՝ կարողանում էին մի տեղից փող ճարել, իսկ հիմա մնացել են ձեռնունայն»,-ասաց Մալունցը: 

Սյունիքի մարզպետարանի հետ թղթաբանությունն արվել է, գնային չափը կազմվել է, ակտերը կազմվել է, թե ով որքան ոչխար է կորցրել: 

Խնձորեսկի վարչական ղեկավարը նկատեց, որ կողքից կարող է թվալ, որ այս օրհասական պահին, երբ անվտանգային լուրջ խնդիրների առաջ է Հայաստանը կանգնած, իրենց՝ ոչխարների հոտի առևանգման մասին խոսելը կարող է անլուրջ թվալ, սակայն հենց դրանով էին գյուղացիները ապրուստի միջոց վաստակել: «Գոնե մի հանձնաժողովի պետք է ասեն, որ այս հարցով զբաղվի, այս մարդկանց հարցը լուծեն, թե չէ 20-30 երիտասարդ, որ գյուղից դուրս եկավ, ինչ կլինի հետո: Բայց մարդիկ շփման գծի մոտ իրենց հողերը մշակում են, գյուղական աշխատանքները կատարում են, երիտասարդները մարտական հերթապահություն են իրականացնում: Մի քիչ սառած են մարդիկ, մի քիչ անտրամադիր են, բայց ինչ արած, բոլորս իրար կողքի կանգնած ենք՝ բոլորս մեկ ենք»,- նշեց Խնձորեսկի ղեկավարը: Նա նշեց, որ իրենց գյուղի մոտակայքում տեղակայված թշնամական դիրքերից կրակոցներ չեն հնչել: