Լոռու մարզի Դսեղ համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգում են մեզ՝ Դսեղի անտառներն անխնա հատվում են, անտառապահներ չկան։ Որպեսզի էկոպարեկային ծառայությունից չասեն, թե «լկտի սուտ է», հրապարակում ենք նաեւ Դսեղի անտառներում ապօրինի հատված ծառերի նկարները, որտեղ երեւում է, որ դրանք ապօրինի են հատվել, քանի որ օրինական հատվող ծառերի բների վրա նշում է արվում, եւ համարակալվում են։ Մեզ ահազանգած դսեղցիները պատմում են, որ էկոպարեկային ծառայության աշխատակիցները, որոնք պարտավոր են կանխել ապօրինությունները, մասնակցություն ունեն փայտի ապօրինի բիզնեսի մեջ, ապօրինի փայտով բեռնված մեքենաները բռնում են, վերջում էլ «բարի երթ» մաղթում ու ճանապարհում։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանն ալավերդցի Գուրգեն Խաչիկյանին նշանակել է Թումանյանի անտառտնտեսության Դսեղի անտառապետ, որը մեղադրվել է գողության մեջ եւ դատվածություն ունի: Նրա պաշտոնավարման երկու տարվա ընթացքում 3 հազարից ավելի ծառ է հատվել` ապօրինի։ Դսեղում Խաչիկյանին Էշ Գուգո են ասում։ Մեզ դիմած գյուղացիները պատմում են․ երբ իրեն ասում ենք՝ այ մարդ, էդքան փողն ի՞նչ ես անում, ասում է՝ հո մենակ չե՞մ ուտում, պարծենում է, թե Մարկոսյանին է «տեսնում», համ էլ խոզի գոճիներ է տարել շեֆին։ Դսեղում նա պատմել է, որ, բացի Մարկոսյանից, տեղամասի պետ Հրաչ Կլեկչյանին էլ է «նայում»։ «Վերջին երկու տարվա մեջ 4 հազարից ավելի խախտում է եղել, համարեք, որ դրանց կեսն էլ չեն արձանագրել։ Այս պահին էլ ծառերը հատվում են»,- պատմում է մեզ դիմած դսեղցին։
Դսեղի անտառապետն այս պահին էլ դեռ դատվում է` 450 հազար դրամ գողանալու համար։ «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ Գուրգեն Նորիկի Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թ. օգոստոսի 20-ին, ժամը 15:00-ից մինչեւ 2023 թվականի օգոստոսի 21-ի ժամը 00:10-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք է գործել Լոռու մարզի Դեբետ գյուղի 4-րդ փողոցի 6-րդ հասցեում գտնվող, Գարիկ Պողոսյանին պատկանող առանձնատուն եւ հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել վերջինիս եւ նրա հորը պատկանող 450 հազար ՀՀ դրամ կանխիկ գումարը: Գործով դատավարությունը դեռ ընթանում է։
«Անցած տարի է Գուգոն իր անտառապահի տնից գումար գողացավ, երբ բռնվում էր, ասաց, թե տան հարսն է էդ փողը տվել, մարդ ու կնիկ բաժանվեցին, հիմա դատ է գնում էդ մասով։ Վախկոտ Քաջ Նազար է մեր էշ Գուգոն»,- նկատում է զրուցակիցս։ Բայց նա համոզված է, որ Գուրգեն Խաչիկյանը չի կարող միայնակ գործել՝ առանց թեւութիկունքի։ Տեղամասի պետ Հրաչ Կլեկչյանն է դուխ տալիս՝ Լոռու նախկին մարզպետ, այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանի ընկերը։
«Բնակիչներն օրենքով հատկացվող վառելափայտի թուղթ են ուզում, չեն տալիս, էդ բլանկները բաժանում են նրանց, ովքեր մուծվում են։ Վառելափայտի թղթով մեկ անգամ կարող են փայտ դուրս բերել, բայց սրանք տասն անգամից ավել մտնում` փայտ են գողանում, դեմներն առնող չկա։ Անտառների պահպանությունն էկոպարեկներն են իրականացնում, որոնք փայտի բիզնեսի մեջ են խրված, ապօրինի փայտով բեռնված մեքենաները բռնում` բաց են թողնում։ Շատ ժամանակ Դսեղում խմում են, գործի չեն էլ գնում։ Մի խայտառակ վիճակ է անտառներում։ Էկոպարեկների գալուց հետո թույլ չեն տալիս, որ ոստիկաններն ապօրինի փայտահատներով զբաղվեն։ Մտեք Դսեղ` գյուղացիներից հարցրեք, թե տեղամասի պետ Հրաչ Կլեկչյանին վերջին անգամ երբ են տեսել աշխատավայրում, էս մարդը գործի չի գնում։ Գյուղացին ուզում է փաստաթուղթ վերցնել, դուռը փակ է»,- պատմեց դսեղցին։ Թումանյանի տարածաշրջանի էկոպարեկների պետ է նշանակվել հին հանրապետական Արմեն Այդինյանը, որը ժամանակին Փաշինյանին էր հայհոյում, հիմա արդեն պետական ծառայող է։ «Էս մարդը Դսեղի անտառտնտեսության նախկին տնօրենն է եղել, փայտի բիզնեսի մեջ խորացած` «դիսերտացիա» պաշտպանած»,- ասաց զրուցակիցս։
Մենք օրերս անդրադարձել էինք նորաստեղծ էկոպարեկային ծառայությանը։ Գրել էինք, որ անտառներից ու բնության այլ պահպանվող տարածքներից հանվել է պահպանության ծառայությունը, հիմա էկոպարեկները պետք է պահպանությունն իրականացնեն, բայց կառույցը փաստացի չի գործում, քանի որ տեխնիկական վերազինում եւ կադրային համալրում տեղի չեն ունեցել։ Իշխանությունն այս կառույցի ստեղծումը համարում է բարեփոխում, որը շուրջօրյա վերահսկողություն պետք է իրականացներ անտառներում, սակայն ծառայությունը փաստացի բացակայում է` չկա։ Շրջակա միջավայրի նախարարությունում էլ են կարծում, որ անտառներն ամենաթողության են մատնված եւ անխնա հատվում են։ Նախկին անտառապահների հետ համագործակցաբար՝ ապօրինի փայտահատների «մաֆիա» է գործում։ Փայտի բիզնեսում իրենց անձնական «հետաքրքրություններն» ունեն էկոպարեկների ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, որը ժամանակին սգո ծառայություն է ունեցել, եւ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, նրանք նաեւ մտերիմ ընկերներ են: Հիմա փայտի բիզնեսի «ոստիկանապետը» Կիրակոսյանն է` շուրջ 1200 աշխատակցով: Առանց նրա թույլտվության ոչ ոք չի կարող այսօր գործել` փայտ հատել, փայտի գործ անել եւ այլն, իսկ օրինական թույլտվություններն ունեն իրենց «գինը»։


