Ռուսաստանի բոլոր երաշխիքները նոյեմբերի 9-ից հետո հօդս ցնդեցին՝ մեզ նոր երաշխավորներ են պետք

Ռուսաստանի բոլոր երաշխիքները նոյեմբերի 9-ից հետո հօդս ցնդեցին՝ մեզ նոր երաշխավորներ են պետք

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը կնքվելու է Արեւմուտքում, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Հայաստանն այլեւս չի կրկնելու նոյեմբերի 9-ի սխալը։ Մեր նպատակն այն է, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կոնկրետ երաշխավորներ լինեն, որպեսզի ցանկացած խախտման դեպքում իմանանք, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող ենք գործի դնել։ Ռուսաստանի բոլոր երաշխիքները նոյեմբերի 9-ից հետո հօդս ցնդեցին։ Հայաստանը երկրորդ անգամ այդ սխալը չի գործելու»,-ասաց Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կնքվելու է մի շարք արեւմտյան երկրների երաշխավորությամբ։ «Ադրբեջանը սա շատ լավ հասկանալով ամեն ինչ անում է, որ այդ երաշխավորությունները չլինեն։ Վերջերս ՌԴ-ից արձագանք եղավ, որ եթե ճանապարհը բացվի, ապա Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ վերահսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանի Դաշնությունը։ Սա որեւէ կերպ չի կարող տեղի ունենալ, Հայաստանի ճանապարհներին որեւէ երկրի ուժեր չեն կարող լինել։ Ճանապարհների անվտանգությունը ապահովելու է մեր երկրի հատուկ ստորաբաժանումը»,-ընդգծեց նա։

Փաշինյանը չի ցանկանում Ռուսաստանում շարունակել կառուցողական բանակցությունները, Ալիեւը՝ Արեւմուտքում։ Չորս օր առաջ խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, թե խաղաղության պայմանագիրը չի կնքվում ՝ կողմերի միջեւ անվստահության պատճառով եւ չնայած այդ անվստահությանը, Ադրբեջանի հետ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ համաձայնեցվել են 3 առանցքային սկզբունքները, որոնք դրված են լինելու Խաղաղության պայմանագրի հիմքում։ 

«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր է։ Ըստ էության, պիտի ասեմ, որ այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել է ՀԽՍՀ և ԱԽՍՀ տարածքի մասին արձանագրումը։ Այնտեղ գրված է Հայաստան Հանրապետություն՝ 29 հազար 800, ադրբեջանական հանրապետություն՝ 86 հազար 600», - թվարկեց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, եթե կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին, ապա խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը կդառնա իրատեսական։ Բաքվից չեն արձագանքել՝ հիշյալ 3 սկզբունքներն ընդունելի՞ են, թե՞ ոչ։ Ավելին՝ դժգոհում են, թե՝ Հայաստանն արդեն երկու ամիս է չի արձագանքում խաղաղության պայմանագրի իրենց առաջարկներին։

Որքան Փաշինյանը խոսում է խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին, այդքան այն ավելի է դառնում անիրատեսական։ Ալիեւն արդեն 2 անգամ մերժել է արեւմտյան հարթակներում Փաշինյանի հետ բանակցելու առաջարկները։ Գրանադայի եւ Բրյուսելի տապալված հանդիպումներից հետո արեւմտյան միջնորդներին չի հաջողվում կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել։ Անգամ արտաքին գործերի նախարարների հանդիպումներ այժմ չեն ընթանում։