Իշխանությունների թուրք զավակները պատասխան են տալու՝ նման կեղտոտ չարիք գործելու համար

Իշխանությունների թուրք զավակները պատասխան են տալու՝ նման կեղտոտ չարիք գործելու համար

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում էր կատարել, որ ադրբեջանցիները հայկական կողմին 10 օր ժամանակ են տվել և փակելու են Գորիս-Կապան ճանապարհը․

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը Սեվ լճի շրջանում ոչ մի մետր չի նահանջել։ Պարզապես 250 հոգի էին մնացել են 50-ը։ Բացի այդ թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ և փակելու են Գորիս -Կապան ճանապարհի մեր մասը։ Կապիտուլյանտ Նիկոլի գործունեության պատճառով այդ ճանապարհի մի 15 կմ ներկայումս անցնում է Ադրբեջանի տարածքով։ Այս նվերը Նիկոլը Ալիևին տվեց 2020թ դեկտեմբերին ստորագրված ապօրինի արձանագրությամբ։ Սիրելի հայեր. սյունեցիներ Կապան գնացեք Հալիձոր-Տաթև-Կապան ճանապարհով։ Գիտեմ այդ ճանապարհի կեսն ասֆալտապատ չէ։ Նիկոլն ասֆալտ է փռում միայն Իջևանի ու ենոքավանի կողմերը»,- գրել է Բագրատյանը։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը 10 օր ժամանակ տալու վերաբերյալ տեղեկություններ չունի, իսկ հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փակեն այդ ճանապարհը, կա՞ այլընտրանքային ճանապարահ, Հովսեփյանը պատասխանեց․

«Այլընտրանքային ճանապարհ․․․, Դուք ինձ հիմա այնպիսի հարցեր եք տալիս, որ ես պիտի հայհոյեմ, այլընտրանքային ճանապարհի մասին կարող են մտածել միայն այս երկրի իրական դավաճանները, որովհետև բազմիցս ասվել է, որ այս սնուցող ճանապարհի վրա տեղակայված են Գորիս համայնքի 3 կարևորագույն գյուղ՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան։ Այս ճանապարհը թողնելու մասին խոսք լինել չի կարող, ով էլ որ մտածում է, որ այս ճանապարհը պիտի շրջանցվի, նա թուրք է, ուղիղ ճակատին եմ ասում, ուզում է նախարար լինի, ով ուզում է՝ թող լինի»,- ասաց Հովսեփյանը։

Հովսեփյանը նաև ասաց, որ կոնկրետ Գորիս-Որոտան ճանապարհի 3.5-4 կիլոմետր ճանապարհահատվածի վրա կանգնած են ադրբեջանցիները՝ ճանապարհի 2 կողմերից։ Հովսեփյանին հարցրինք՝ ի՞նչ պիտի լինի, եթե փակեն ճանապարհը․

«Իշխանությունների թուրք զավակները պատասխան են տալու՝ նման կեղտոտ չարիք իրականացնելու համար»,- պատասխանեց Հովսեփյանը։