Ապաշնորհների խմբակ

Ապաշնորհների խմբակ

Կանխատեսելի սցենարով զարգացան Արցախի շուրջ իրադարձությունները: Հայաստանն ու Ռուսաստանը հրաժարվեցին պաշտպանել մեր երկրորդ պետությունն ու նրա քաղաքացիներին եւ անգամ նրա ղեկավարներին հանձնեցին Ադրբեջանի հոշոտմանը: Ազգությամբ հայ` ոչնչով գյումրեցուց ու լոռեցուց չտարբերվող արցախցիները ստիպված եղան լքել իրենց տներն ու տեղափոխվել Հայաստան, որտեղ նրանց, եթե անկեղծ լինենք, չէին սպասում: Մի քանի ժամվա մեջ ապահով ու բարեկեցիկ ապրող մարդիկ դարձան տնանկներ, անապահովներ, որոնք հիմա ստիպված են հանձնվել իրենց այսպիսին դարձրած իշխանությունների բարի կամքին: Կկարողանա՞ն այս տարիներին բազմիցս իրենց ապաշնորհությունն ապացուցած կառավարիչները լուծել 100 հազար անտուն եւ անեկամուտ մնացած մարդկանց խնդիրները: Վստահ եմ, որ ոչ:

Մի հույս կար, որ մեր հասարակությունը կինքնակազմակերպվի եւ պետության ֆունկցիաները կվերցնի իր վրա` հոգ տանելով իր օգնության կարիքն ունեցող հայրենակիցների մասին: Բայց կարծես թե այդ հարցում էլ ենք զուր հույսեր փայփայում` հատուկենտ բացառությունները չհաշված, մենք հումանիզմի մեծ դրսեւորումների ունակ չենք: Իհարկե, հասարակությունը պարտավոր էլ չէ պետության գործառույթները կատարել` մենք հարկեր ենք վճարում հենց սրա համար, այլ ոչ թե մի խումբ տգետների շքեղ կյանքն ապահովելու: Եվ պետական կառույցները հենց նման իրավիճակներում հասարակության առաջ ծառացած խնդիրները լուծելու պարտավորություն ունեն: Իսկ ի՞նչ է անում այս իշխանությունը: Արցախը վերադարձնելու ուղղությամբ` ոչինչ: Ավելին` արդեն ուզում են փակել Արցախի օպերատիվ շտաբն ու Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը: Բայց արցախցիների անվան տակ հումանիտար եւ ֆինանսական օգնություն դեռ երկար կստանան, եւ հայտնի չէ` ինչի վրա կծախսեն: