Քաղաքականություն

Նախկիններին ՔՊ-ացնում են եւ ՏԻՄ-երը զավթում

Նախկիններին ՔՊ-ացնում են եւ ՏԻՄ-երը զավթում

Մոտ երկու տարի առաջ ստեղծված եւ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Ապրելու երկիր» կուսակցությունը, մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, իշխանության համար պայքարի նոր օջախներ ստեղծեց՝ Փարաքարում եւ Ալավերդիում իշխող ՔՊ-ի հետ գրեթե հավասար ձայներ հավաքելով։ 

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը երկու տարի առաջ ստեղծված կուսակցության համար հաջողություն, իսկ երկրի համար ժողովրդավարության տոտալ ոտնահարում է որակում ՔՊ-ի՝ բոլոր համայնքները զավթելու մոլուցքը։ Դեկտեմբերի 5-ին ոստիկանական մեծաթիվ զորքով ՔՊ-ն «զավթեց» Ալավերդու համայնքապետի աթոռը։

«Մոտ երկու տասնյակ համայնքներում մասնակցել ենք ՏԻՄ ընտրությունների՝ արձանագրել ենք տարբեր արդյունքներ։ Կան համայնքներ, որ ղեկավարումն ենք ստանձնել, կան համայնքներ, որ ուղղակի ներկայացվածություն ունենք, ինչը երկու տարվա համար բավական դրական արդյունք ենք համարում։ ՔՊ-ից հետո ամենաշատ մանդատներ եւ ձայներ համայնքներում «Ապրելու երկիրն» է արձանագրել։ Ընտրությունների ժամանակ բոլոր համայնքներում տարբեր տրամաչափի վարչական ռեսուրսներ են կիրառվել։ Լոկալ իշխանիկներ՝ պատգամավորներ, նախարարներ, գործի են դրել բոլոր լծակները՝ ճնշելով անգամ ՏԻՄ-երին մասնակցած թիմերի ցուցակներում ընդգրկված անձանց։ Բայց մենք ընդունել էինք այդ մարտահրավերը եւ արել առավելագույնը՝ համայնքներում հասարակության վստահությունը ստանալու համար»,- նշում է Առաքելյանը։

Նա նկատում է՝ բացի Ալավերդուց, մի քանի այլ համայնքներում էլ է ՔՊ-ն թեժ պայքար մղել՝ իշխանությունը վերցնելու համար։ Առաքելյանը հիշեցնում է Վանաձորի ընտրությունների արդյունքները, Թալինում ՔՊ-ի պարտությունը։ «Թալինում արհեստական խոշորացման գնացին, նոր ընտրություններ անցկացրին։ ՔՊ-ն ամեն ձեւով փորձում է իշխանությունը վերցնել իր ձեռքը»։ Նախկինների դեմ պայքարելու խոստումներով երկրորդ անգամ իշխանության եկած ՔՊ-ն, ըստ Առաքելյանի, հանրապետականներին ՔՊ-ականացնելով է նախկինների դեմ պայքարում։ Օրինակ՝ Ալավերդու ՔՊ-ական նոր ղեկավար Դավիթ Ղումաշյանը, որ 2018-ից առաջ Հանրապետական կուսակցության անդամ էր, ժամանակին իր աշխատասենյակի պատին Սերժ Սարգսյանի լուսանկարն էր ցուցադրում։ 

«Ղումաշյանը ղեկավարում էր Շնող համայնքը, նաեւ Հանրապետական կուսակցության կառույցի ղեկավարն էր։ Բազմաթիվ տեսագրություններ կան իր քաղաքական կենսագրությունից, առ այն, թե ինչ ակտիվ հանրապետական է եղել։ 2021թ․ խորհրդարանական ընտրություններին համակարգել է «Հայաստան» դաշինքի աշխատանքները։ ՔՊ-ն, որ իբր պայքարում էր նախկինների դեմ, պարզվում է՝ այսօր նախկինների դեմ պայքարն իրագործում է նրանց ՔՊ-ականացնելու միջոցով»,- ասում է Առաքելյանը: Նրա խոսքով՝ ՔՊ-ն իշխելու մոլուցք ունի ոչ միայն ՏԻՄ-երի, այլեւ դատական իշխանության, անկախ կառույցների, իրավական համակարգի վրա։ 

«Բոլոր տեղերում ՔՊ-ականներն իրենց թիմակիցներին են տեղավորում, մի քանի տեղերում նույնիսկ խայտառակ վիճակ է, անկախ կառույցներ են ղեկավարում գործադիրի կուսակցական անձինք։ Սա մի թիմի ձեռագիր է, որն իր իշխանության գլխավոր ձեռքբերում է հայտարարում ժողովրդավարությունը, ազատ, արդար ընտրությունները, բայց փաստացի ամենատարբեր մեթոդներով փորձում է տիրանալ իշխանությանը»։

Փարաքար խոշորացված համայնքի վերջին ընտրություններում փարաքարցիներից 4 հազար 637 հոգի իր ձայնն «Ապրելու երկիր» կուսակցությանն էր տվել` համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին, բայց ավագանու երկու խմբակցություններ` «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Մինասյան դաշինքը», միացան ու ընտրեցին 2 հազար 227 ձայն ստացած Դավիթ Մինասյանին: Փարաքարցիներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին անում համայնքապետարանի եւ կառավարության շենքի առաջ՝ անարդար համարելով  Գրիգորյանից քիչ ձայներ հավաքած Մինասյանին համայնքապետ կարգելու որոշումը եւ պահանջում էին նոր ընտրություններ նշանակել։ 
Երկու անգամ տապալվեց համայնքի ղեկավարի ընտրությունը՝ ավագանու անդամների անհամաձայնության եւ քվորում չունենալու հետեւանքով։ Երկշաբաթյա ընթացքում չձեւավորվեց համայնքի ղեկավարի պաշտոնը, եւ օրենքի այդ կետը հաշվի առնելով՝ համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը դիմեց կառավարություն, որպեսզի ավագանու լիազորությունները դադարեցվեն, եւ արտահերթ նոր ընտրություններ նշանակվեն։ Գրիգորյանը նույն հարցով նաեւ վարչական դատարան է դիմել։ Շուրջ մեկ տարի է՝ դատարանը վճիռ չի կայացնում։

«Փարաքարի դեպքում դատական գործընթացների մեջ ենք, բայց որեւէ հույս չկա, քանի որ դատական իշխանությունն էլ է ՔՊ-ականացվել։ Ալավերդու դեպքում առաջիկա օրերին հայց կներկայացվի դատարան։ Ալավերդու ավագանու նիստը կազմակերպվել էր օրենքի խախտումով, եւ մենք դատարանից պահանջելու ենք, որ այդ ապօրինի նիստի ընթացքում ընդունված որոշումը համարվի անվավեր»,- ասում է Առաքելյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image