«Հրապարակ». Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին կտեղադրվի՞ ռենտգեն-սկաներ, թե՞ ոչ

«Հրապարակ». Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին կտեղադրվի՞ ռենտգեն-սկաներ, թե՞ ոչ

Լաչինի միջանցքի անցակետում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրման հարցը տագնապ է առաջացրել Արցախի շարքային քաղաքացիների շրջանում եւ «ռազբորկաների» առիթ դարձել ներիշխանական, ներքաղաքական հարթակում։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վրա մաքսակետ տեղադրելու պահանջն Ադրբեջանը սկսեց առաջ մղել իր կազմակերպած տեղեկատվական արշավից հետո: Ադրբեջանական մամուլում օրեր շարունակ գրում էին, թե հայկական կողմն այդ ճանապարհով Հայաստանից զինտեխնիկա է տեղափոխում Արցախ։ Հող էին պատրաստում, որ ներխուժելու առիթ ստեղծեն եւ անցակետը տեղադրեն:

Հետո այդ մասին երկուստեք պաշտոնական մակարդակով հայտարարություններ հնչեցին, իսկ դեկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ տեղացի լրագրողների հարցուպատասխանը, որտեղ քննարկվում էր Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրելու հարցը, որը կվերահսկի Արցախ մտնող եւ դուրս եկող ավտոմեքենաների բեռները՝ իբրեւ թե զենքի ներկրումն արգելելու համար:

Արցախի Անվտանգության խորհուրդը շտապեց փարատել մարդկանց մտահոգությունները՝ հայտարարելով, որ խոսքը ոչ թե մաքսակետի մասին է, այլ «խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` արգելված առարկաների մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։ ԱԽ-ն շեշտել էր նաեւ՝ բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել խաղաղապահ զորակազմի կողմից։  

Ինչպեսեւ սպասվում էր՝ այս պարզաբանումն էլ բուռն կրքեր բորբոքեց ոչ միայն Արցախի քաղաքական ու հանրային տիրույթում, այլեւ՝ հայաստանյան։ Բանն այն է, որ նման սարքերի տեղադրումն իրականում նշանակում է Ադրբեջանին տալ միջանցքը վերահսկելու լիազորություններ, մանավանդ որ խոսվում է, թե Ադրբեջանը ջանք չի խնայելու, որ այդ սարքերով կարողանա առցանց հետեւել միջանցքի անցուդարձին։ Սա նշանակում է, որ եթե ներկայումս հույս կա, որ Հայաստանի գործող իշխանությունների հեռացումից եւ նոր ազգային իշխանության գալուց հետո հնարավոր կլինի փրկել Արցախի մնացած մասը՝ այն վերստին սպառազինելով, նման սարքերի տեղադրումից հետո կարելի է վերջնականապես հույսը կտրել դրանից։ Սա քաջ գիտակցում են Արցախում ապրողները, եւ եթե նման բան տեղի ունենա, ապա դժվար չէ պատկերացնել, որ Արցախը կհայաթափվի։

Պատահական չէ, որ ԱՀ ԱԽ հայտարարությունից հետո Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունների ղեկավարները հանդիպեցին խաղաղապահների հրամանատարի հետ։ Մեր տեղեկությունններով՝ հանդիպման ընթացքում Վոլկովը զարմացել է, թե ինչու են իր հետ հանդիպում, ասել է, որ իր հետ հանդիպելու փոխարեն ճիշտ կլիներ հանդիպել իրենց ղեկավարների հետ: Ապա տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրման հարցն ինքն ավելի վաղ քննարկել է իշխանության ներկայացուցիչների հետ եւ նրանցից համաձայնություն ստանալուց հետո է ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերել։ Վոլկովը նշել է, որ խոսել է Արայիկ Հարությունյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի հետ, եւ երեք պաշտոնյաներն էլ տեղեկացված են գործընթացներից։ Խորհրդարանականները, այդուհանդերձ, պնդել են իրենց պահանջը, որ չպետք է նման սարքեր տեղադրվեն, ապա փորձել են պարզաբանումներ ստանալ հիշյալ պաշտոնյաներից։ Վիտալի Բալասանյանն ասել է, թե ընդամենը քննարկում է եղել, բայց իրենք համաձայնություն չեն տվել:

Արցախի նախագահ Հարությունյանը թեպետ այս օրերին Ֆրանսիայում է, բայց իր մերձավորների միջոցով փոխանցել է, որ նման բան չկա։ Պատգամավորները չեն հասկացել` որտեղ է ճշմարտությունը. հավատալ Արցախի իշխանությունների՞ն, թե՞ Վոլկովին, ով, թվում է, ստելու պատճառ չպիտի ունենար, քանի որ նման սարքերի տեղադրումը նաեւ ռուսական կողմին ձեռնտու չէ: Չէ՞ որ Արցախի հայաթափումից հետո ռուսական կոնտինգենտն այնտեղ այլեւս անելիք չի ունենա։ Մի քանի օր է՝ այս թեմայով ներքին բուռն քննարկումներ են ընթանում, խորհրդարանականները սպասում են Արայիկ Հարությունյանի վերադարձին, որ հասկանան, թե ինչ է կատարվել, եւ փորձեն այս հարցին լուծում տալ ու հասնել նրան, որ նշված սարքերը չտեղադրվեն: Հարցն առաջին հայացքից փոքր է թվում, սակայն սա հերթական զիջումը կլինի Ադրբեջանին, եւս մեկ քայլ՝ Արցախն Ադրբեջանին ենթարկեցնելու ճանապարհին։

ԱՀ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը չհերքեց, որ նման խոսակցություն է եղել, հավելեց, սակայն, որ իշխանական շրջանակներից հավաստիացումներ են ստացել, թե պայմանավորվածություն չի եղել, այլ ընդամենը քննարկում է եղել: «Մենք պարզաբանումներ պահանջել ենք իշխանության պատկան մարմիններից, իրենք ասացին, որ մեզ ներկայացվել է, որ Ադրբեջանը նման առաջարկ է արել, այո, տեղեկացված եղել ենք, բայց հավանություն չենք տվել դրան»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Մոսիյանը: Ապա հավելեց, որ ԱՀ իշխանությունների եւ Վոլկովի խոսքից առավել հավատում է ինքն իրեն եւ պնդում է, որ նման սարքեր չպետք է տեղադրվեն։

«Վոլկովի հետ հանդիպմանը մեզ ասվեց, որ անվտանգության բարձրացման նպատակով որոշել են նման սարքեր տեղադրել, որի վերահսկողությունն իրականացվելու է բացառապես խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը բողոքել է, թե իբր զինտեխնիկա է տեղափոխվում, իրենք էլ որոշել են ինֆորմացիա, ապացույցներ ներկայացնել»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Ապա հավելեց, որ կան կասկածներ, ենթադրություններ, որ ադրբեջանական կողմն էլ է վերահսկելու դրանք․ «Դրա համար էլ դեմ ենք»։ Պատգամավորը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են ադրբեջանցիների այդ պահանջը չեղարկելու համար։

Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանին հարցրինք՝ ինչո՞ւ իրենց կուսակցությունը Վոլկովի հետ հանդիպումից հետո արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարեց՝ շեշտելով, որ նոր իշխանություններ են պետք։ Պետրոսյանը, որ լրագրողների հետ հարաբերվելու առանձնապես սեր չունի, նետեց․ «Կներեք, որ Ձեզ չէինք հարցրել, նոր տարածել»։ Միայն բարեհաճեց ասել, որ դեռեւս հայտնի չէ՝ ռենտգեն սարքերը կտեղադրվե՞ն, թե՞ ոչ։ «Նախագահը կգա Ֆրանսիայից, կպարզենք՝ ինչ է եղել»,- ասաց նա։