Ես չգիտեի, որ Աննա Հակոբյանը գալու է, եկանք տեսանք՝ զարմացանք

Ես չգիտեի, որ Աննա Հակոբյանը գալու է, եկանք տեսանք՝ զարմացանք

Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, հոկտեմբերի 31-ին, ընթրիք էր կազմակերպել` «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժեր 1 միլիոն դրամ: Ընթրիքը տեղի է ունեցել  «Լիվինգսթոն» ռեստորանում։ Լրագրողները ռեստորանի մուտքի մոտ նկատել էին, որ միջոցառմանը հրավիրված  է եղել նաև կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը։ Համացանցում մարդիկ զարմանք են հայտնում, թե ինչպե՞ս կարող է Երզնկյանը Աննա Հակոբյանին երաժշտական ծառայություններ մատուցել։ Թեմայի մասին «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց կոմպոզիտորին։

- Ձեզ քննադատում են Աննա Հակոբյանի՝ 1 միլիոն դրամանոց խնջույքին երաժշտական ծառայություններ մատուցելու համար։

- Ես ոչինչ էլ չեմ ապահովել, ուղղակի ես այնտեղ աշխատում եմ, Աննա Հակոբյանն այդ օրը ուղղակի եկել էր մեզ մոտ, ուրիշ ոչ մի բան: Մենք այդտեղ աշխատում ենք ամեն օր: Նույնիսկ ես չգիտեի, որ Աննա Հակոբյանը գալու է, եկանք զարմացանք, թե ինչու են այսքան լրագրողներ եկել։

- Հանրությունը չի ընկալում՝ ինչպե՞ս կարող է արվեստագետը Աննա Հակոբյանի համար ծառայություններ մատուցել։

- Բայց ինչի՞ համար, դա մեր աշխատանքն է, մենք հրավերով չէինք էլ գնացել, եթե հրավերով էլ լիներ, եթե նորմալ վճարեին, կարող է և գնայինք: Մենք դրանով ենք ապրում, մեզ համար ի՞նչ նշանակություն ունի ով ինչ է… 

- Արվեստագետներին հաճախ մարդիկ անտարբերության մեջ են մեղադրում։

- Ես ճիշտն ասած քաղաքականության մեջ երբեք չեմ խորացել, բայց դե որպես քաղաքացի ես ամեն ինչի հանդեպ իմ վերաբերմունքն ունեմ։

- Այս իշխանությունների մասին ի՞նչ կարծիք ունեք։

- Ես ոչ մի բան չեմ ասի։

 - Ցավո՞ւմ եք Արցախի կորստի համար։

- Շատ եմ ցավում, ափսոսում եմ նաև շատ: