Նիկոլ Վովայիչ եւ Լեոնիդ Իլյիչ՝ ակնհայտ առնչություններ

Նիկոլ Վովայիչ եւ Լեոնիդ Իլյիչ՝ ակնհայտ առնչություններ

Չլիներ այս հակառուսական վակխանալիան, կարելի էր բավականին հետաքրքիր բանավեճ ծավալել Նիկոլի քաղաքական ծագումնաբանության ուղղությամբ: Լեւոն Տեր-Պետրոսյանը, հավատացնում եմ ձեզ, որեւէ դերակատարում չունի Նիկոլի առաջացման հարցում: Նիկոլը միանգամայն այլ «ֆրուկտ» է: Նիկոլի քաղաքական նախատիպը խորհրդային ժամանակների հայտնի գենսեկ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւն է՝ ՍՄԿԿ Կենտկոմի քարտուղար, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահ: Հիշո՞ւմ եք ծերուկին: Հիշո՞ւմ եք, որ նա գիրք էր գրել՝ «Խոպան» («Ցելինա»), ու դպրոցներում աշակերտներին հանձնարարում էին այդ գրքում արծարծված հարցերի շուրջ շարադրություններ գրել: Եվ գրում էինք, նույնիսկ մեջբերումներ անում: Հատուկ ուշադրության էին արժանանում այն աշխատանքները, որոնցում ամենաշատն էր գործածված «բազմահարգելի» առաջնորդի անունը:

Իր անկախության 4-րդ տասնամյակը թեւակոխած Հայաստանի Հանրապետության դպրոցներում պատրաստվում են մի յուրօրինակ ծրագիր իրականացնել, որը, ըստ էության, նույն բանն է, ինչ «Խոպանի» հետ կապված էշի հարսանիքը, մի տարբերությամբ, որ մեր աշակերտները ոչ թե զուտ շարադրությունների, այլ իրենց նախընտրած ձեւաչափով պետք է ներկայացնեն ՔՊ-ի գենսեկ եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայրենիքը պետություն է» գլուխգործոց հայտարարությունը: Դրանք կարող են լինել նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ, տեղեկատվություն այն տարածքի մասին, որտեղ ապրում է տվյալ աշակերտը: Այդ աշխատանքները պետք է ներկայացվեն կարճ (մինչեւ 3 րոպե) տեսանյութով: Դպրոցներն իրենք կամփոփեն արդյունքներն ու լավագույն աշխատանքները կտեղադրեն իրենց ֆեյսբուքյան էջերում: Եվ այս ամենը պետք է ավարտվի մինչեւ ապրիլի վերջին շաբաթ օրը՝ 27-ը: Ինչպես գիտեք, ամեն տարի այդ օրը մեր հանրապետությունում «մեծ շուքով» նշվում է որպես «ՀՀ քաղաքացու օր», ինչն ամրապնդված է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով:

Ի՞նչ է տեղի ունեցել: Տեղի է ունեցել այն, որ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի շառավիղ Նիկոլ Փաշինյանը շփոթել է Բրեժնեւի եւ իր ապրած ժամանակները: Եթե Բրեժնեւի ժամանակ նրա որեւէ բառ եւ կետադրական նշան քննարկման ենթակա չէր, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է, եւ միայն խելապակասը կարող էր այդքան ինքնավստահ կերպով իր, հազար ներողություն, բարբաջանքը ներկայացնել երեխաների դատին կամ պարտադրել նրանց՝ ձեռքի աշխատանքներով ու նկարներով ցույց տալ, որ հայրենիքը պետություն է: Եթե Փաշինյանը գիտական հիմնավորումներ ունի, որ դա հենց այդպես է, ես պատրաստ եմ ներողություն խնդրել նրանից, բայց չէ՞ որ դա այդպես չէ, եւ ժողովուրդների հայրենիքները ոչ միշտ են համընկնում իրենց պետությունների հետ, եթե, իհարկե, նրանք նաեւ պետություն ունեն: Փաշինյանը կարո՞ղ է ինձ ապացուցել, որ Հյուսիսային Ամերիկա աշխարհամասի բնիկների հայրենիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներ անունով պետությունն է: Սեմինոլների առաջնորդ Օցեոլան, հավանաբար, ԱՄՆ-ի քաղաքացի էր, այո՞, այն էլ՝ ընդդիմադիր: Դե իսկ, ըստ Նիկոլի, բյուզանդացիներն ու ասորիներն ընդհանրապես հայրենիք չունեն, որովհետեւ հայրենիքը պետություն է, իսկ Բյուզանդիա եւ Ասորեստան պետություններ չկան: Փաշինյանի տեսության համաձայն՝ ծանր վիճակում են կիպրացիներն ու կորեացիները: Խեղճերը չգիտեն՝ իրենք կես հայրենի՞ք ունեն, թե՞ կես պետություն: Սա մոտ 40 տարի շատ ծանոթ իրավիճակ է եղել նաեւ գերմանացիների համար, որոնք ունեին երկու պետություն, բայց, չգիտես ինչու, երկու հայրենիք չունեին: Թուրքերի վիճակն էլ մի վիճակ չէ: Նրանք, իրենց ասելով, մեկ հայրենիք ունեն եւ բազմաթիվ պետություններ: Ահա այսպիսի խառնիփնթոր վիճակ է ստեղծել Նիկոլ Փաշինյանի վիճելի հայտարարությունը, որն այսօր փորձում են մտցնել մեր երեխաների գլուխները:

Մի խնդիր էլ կա՝ ո՞ւմ են հանձնարարել այդ անշնորհակալ գործը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որ նույնիսկ չգիտի, թե ինչպես են ստեղծվում առասպելները, եւ Խորենացին պատմահա՞յր է, թե՞ հեքիաթասաց, կարողանալո՞ւ է, արդյոք, գլուխ բերել Փաշինյանի անձի պաշտամունքի մասին վկայող այս ծրագիրը: Ես տեսնում եմ, որ Ժաննա Անդրեասյանն արդեն իսկ սարսափած է եւ ամեն ինչ արել է, որ ծրագրի կատարման պատասխանատվությունը կրեն դպրոցներն ու տնօրենները: Վերջիններս պետք է ամփոփեն արդյունքները, հաղթող աշխատանքները տեղադրեն իրենց ֆեյսբուքյան էջերում: Եվ հետաքրքիր է, թե այս թեմայով ինչ աշխատանքներ կներկայացնեն ՀՀ դպրոցներում սովորող արցախցի եւ սփյուռքահայ ընտանիքների երեխաները, ինչո՞ւ ոչ՝ նաեւ հենց ՀՀ-ում ծնված փոքրիկները, որոնց հայրենի շեներում այսօր թուրքն է նստած: Թե բա՝ ՀՀ քաղաքացու օրվա կապակցությամբ տեղեկություններ այն տարածքների մասին, որտեղ տվյալ աշակերտն ապրում է: Մեր բազմաթիվ աշակերտներ արդեն վաղուց ներքին փախստական են՝ տուն, տեղ ու մանկություն կորցրած: Իսկապես Ժաննա Անդրեասյանի վիճակն աննախանձելի է: Այս անգամ արդեն ֆեյքերի ինստիտուտները գրոհելու են դպրոցների ֆեյսբուքյան էջերի վրա, ու, Աստված չանի, մի կախիչ, ներողություն, մի աշխատանքում Նիկոլի ու ՔՊ-ի գովք չլինի: