Ոչխարը ուտելու համար է

Անտառում լուրջ սխալ էր տեղի ունեցել: Այն ծագել էր, երբ գայլն առաջարկել էր հանրաքվե անցկացնել ու հաշտեցնել ընտանի և վայրի կենդանիներին: Ոչխարներն ամբողջ հոտով կողմ էին արտահայտվել: Նրանց օրինակին էին հետևել կովերի նախիրները, ձիերի երամակներն ու սագերի երամները: Առյուծը ձեռնպահ էր մնացել: խորամանկ շնագայլերն ու աղվեսները չէին մասնակցել քննարկմանը: Հավերի ֆրակցիայի անկանոն կչկչոցից էլ ենթադրել էին, որ այդ թռչուններն առհասարակ անտեղյակ են թե ինչ է կատարվում կենդանական աշխարհում: Ինչևէ, որոշում են հանրաքվեի ժամանակ ձեռքի հետ էլ ղեկավար ընտրել, որ համ ավելորդ փող չծախսեն, համ էլ ավելորդ նյարդեր չքայքայեն, քանզի ղեկավարի ընտրության արդյունքը կենդանական աշխարհում էն գլխից հայտնի էր: Առյուծին այս միտքը շատ էր դուր եկել, և նա, որ մինչ այդ ձեռնպահ էր հանրաքվեի հարցում, դարձավ կողմ և գոհունակություն հայտնեց Աստծուն՝ իր որսն այսպես հեշտացնելու համար: Համ թագավոր կլինեմ, համ էլ կենդանիներն իրենց ոտքով կգան ինձ մոտ՝ մտածեց նա: Ի՞նչ իմանար, սակայն, խեղճ առյուծը, որ տեղի է ունենալու ամենաանհավանական բանը, և գիշատիչներն իրեն «քցելու» են՝ ընտրելով նոր ղեկավարի:
Մեռնեմ ժողովրդա… ներողություն, կենդանավարության օրենքին: Բերին, բացեցին քվեատուփն ու ի՞նչ տեսան… Հաղթել էր ոչխարը: Անտառում տհաճ լռություն տիրեց: Իրենց ընտրությունից շփոթված կենդանիները ժողովվել էին բացատում և սպասում էին, թե երբ առյուծը կբարեհաճի վեր կենալ գահից ու տեղը զիջել հաղթողին: Առյուծը, սակայն, չէր շտապում լքել դիրքը և կարծես միտումնավոր ձգում էր ոչխարի համար այդ հանդիսավոր պահը: Այդ ժամանակ մոտիկ ջրափոսից գետաձին դուրս եկավ ու լնգլնգալեն մոտեցավ Առյուծին: Այստեղ նշեմ, որ գետաձին մեծ հարգանք էր վայելում կենդանական աշխարհում և համարվում էր կենդանի բնության գլուխը ինչպես վայրի, այնպես էլ ընտանի կենդանիների շրջանում: Նա փափուկ շրթունքները մի կերպ մոտեցրեց առյուծի ականջին, ու հուշեց, թե ինչ պետք է անի արդեն նախկին արքան: Առյուծը ցավից մռնչաց… Եվ դո՞ւ, գետաձի… Այդ մռնչոցի մեջ ընտրություններում հաղթած ոչխարը վտանգ նկատեց և, ցատկելով քարափին, հայտարարեց՝ կամ ես կլինեմ կենդանապետ, կամ կենդանիները պետ չեն ունենա… Գայլերը ծափահարեցին, գետաձին գլխով արեց, աղվեսներն ու շնագայլերը պահմտեցին թփերի տակ, նախիրներն ու երամակները բացականչեցին՝ կեցցե ոչխարը: Առյուծին ուրիշ բան չէր մնում անելու: Նա կանգնեց տեղում, բաշը թափահարեց, ու ձիգ հորանջեց՝ ցուցադրելով թրի նման ժանիքները: Շատերը սահմռկեցին, բայց իսկույն էլ խառնվեցին ընդհանուր իրարանցմանը… Կեցցե՜ ոչխարը, կեցցե՜, կեցցե՜… Բերին, դրեցին գահին, ու պրոցեսը, ինչպես ասում են գնաց…
Ավելորդ է, կարծում եմ, այստեղ երկար-բարակ նկարագրել ոչխարի կառավարման ժամանակահատվածը: Ասեմ միայն, որ ինչ անում էր՝ ոչխարավարի էր անում: Ձեռքից ոչինչ չէր գալիս, խելքն էլ այնքան չէր բրթում, որ կարողանար կարգուկանոն հաստատել անտառում: Անտառապատկան տարածքները կրճատվում էին, կենդանիների գլխաքանակը՝ արագ նվազում՝ չնայած վայրի և ընտանի կենդանիների միջև ձեռք բերված հաշտության համաձայնությանը, որ կնքվել էր հանրաքվեով:
Մի օր էլ էս ոչխարը, ձիերի երամակը հետևից գցած, շվիշտոկ տալով, լուսաձայնային ազդանշանները միացրեծ տեղ է գնալիս լինում, տեսնում է գայլին՝ ծառի տակ ոչխար խժռելիս: Երամակին կարգադրում է՝ դուք այստեղ մնացեք, ես գնամ դրա հարցերը լուծեմ: Երամակի հրամանատարը, թե՝ գործ չունես, հեռու մնա: Սա՝ չէ որ չէ, ես պիտի դրան իր տեղը ցույց տամ: Մոտենում է… Գայլը, որ դեռ տակին դրած ոչխարի կեսն էլ չէր լափել, նկատեց իրեն մոտեցող երկրորդ՝ ավելի չաղ ոչխարին ու արյունոտ ժանիքները բացեց… Դա կանգնեցրեց անակնկալ հյուրին… Սա հայացքը շուռ տվեց երամակի կողմը… Շատ էր հեռացել, փախչելն անիմաստ էր: Բա ինչ անե՞ր… Գայլը կանգնել էր տեղում՝ պատրաստ նոր հարձակման: Եվ այդ պահին «ղեկավարի» միտքը պայծառացավ.
-Էս ում ախպերն ա, էս ում ընտրազանգվածն ա, ո՞նց ես գայլ եղբայր, վաղուց չեմ տեսել քեզ… Էդ ի՞նչ ես ուտում, ոչխար ա՞…
Համ այսպես խոսում էր, համ ավելի մոտենում… Գայլը մնացել էր բերանը բաց՝ բան չէր հասկանում ոչխարի հանկարծահաս հրճվանքից: Մե փաթաթվել, մե պաչպռոշտի… հեռվից այս ամենին հետևող երամակի հրամանատարի ծնոտը կախվել էր մինչև գետին: Չէր կարողանում ուշքի գալ իր տեսածից… Սա փորձանք է բերելու իր գլխին՝ ասաց փոխհրամանատարը: Բերանդ խեր բաց արա, ոչխարը գիտի ինչ է անում՝ մեջ ընկավ մի լավատես ձի: Ու հենց այդ պահին ծառի տակ խլրտոց սկսվեց: Գայլը հաշված վայրկյաններում ոչխարին դրեց տակին, կոկորդն առավ երախն ու սկսեց սեղմել… Բը՜ը՜ը՜, կամ ես ղղղղեկավար, կամ… Սրանք ոչխարի վերջին խոսքերն էին, որ քամին հասցրեց երամակին…
-Էդ ի՞նչ արեց, կերա՞վ,- ուշքի եկավ հրամանատարը:
-Չէ, հա, ղեկավարին ո՞վ կարա ուտի,- խոսեց լավատես ձին:
-Բայց ոնց որ կերավ,- իր կասկածը պնդեց հրամանատարը:
-Իհարկե կերավ,- խրխնջաց փոխհրամանատարը,- այնպես եք զարմանում, կարծես չգիտեք, որ ոչխարը ուտելու համար է…
Այսպես էլ ավարտվեց «ընտրություններով» իշխանության եկած ոչխարի էպոպեան: Անտառում լուրջ սխալ էր տեղի ունեցել, և բոլորն էին դա հասկանում: Սկսեցին փնտրել գետաձիուն, իսկ նա վաղուց լքել էր ջրափոսը:
Կարծիքներ