Արուսյակ Ալեքսանյանը դիմել է ՍԴ

Արուսյակ Ալեքսանյանը դիմել է ՍԴ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ով այժմ կալանավորված է, դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրության հետ համապատասխանության հարցը։ Ըստ այդ հոդվածի՝ «Իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից, եթե լրացել է դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը»։ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ գործի քննության օր է նշանակել փետրվարի 6-ը։ 

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը կալանավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 19-ին, նա մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է: