Թաթուլ Հակոբյանն ընդգրկվա՞ծ է ԱՀԿ «short list»-ում

Թաթուլ Հակոբյանն ընդգրկվա՞ծ է ԱՀԿ «short list»-ում
Թաթուլ Հակոբյան

Ապրիլի 17-ին արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում հավատարմագրված եվրոպական տարածաշրջանային երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրված թեկնածուին՝ առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանին:

Դրանից առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր հասցրել իր ֆեյսբուքյան էջում հպարտորեն տեղեկացնել, որ Հայաստանն առաջին անգամ թեկնածու է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար: Եվ այդ թեկնածուն Թաթուլ Հակոբյանն է, որը, ըստ Թորոսյանի, ունի անհրաժեշտ բոլոր գիտելիքները, հմտությունները եւ փորձը՝ մեր տարածաշրջանի համար այդ կարեւոր կառույցը ղեկավարելու համար։ Մի կողմ թողնենք՝ որքանով է Թաթուլ Հակոբյանն իրապես լավագույն թեկնածուն այս պաշտոնի համար՝ հաշվի առնելով նրանց անցած ճանապարհը քաղաքականության մեջ եւ առողջապահության ոլորտում։ Այստեղ մեկ այլ՝ ավելի կարեւոր հարց կա․ արդյոք Հակոբյանը շանսեր ունի՞ հաղթելու մրցույթում եւ դառնալու ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն։ 

Նշենք, որ Թաթուլ Հակոբյանը 2002-2010թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2011թ.-ից աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համակարգում, իսկ 2017թ.-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչն է Սլովակիայում:
Այդ պաշտոնի համար առաջադրված է 6 թեկնածու՝ Հայաստանից, Ավստրիայից, Թուրքիայից, Բուլղարիայից, Բելգիայից եւ Վրաստանից: Սեպտեմբերին կայանալիք ընտրության ժամանակ 53 երկրի պատվիրակներ կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին, իսկ կընտրվի այն թեկնածուն, ով կստանա առնվազն 27 ձայն:

Սակայն բանն այն է, որ կառավարությունը բյուջեից 17 մլն դրամ է հատկացրել, որ կազմակերպվի Թաթուլ Հակոբյանի լոբբինգը կամ պրոմոակցիան այս մրցույթում։ Եվ չնայած պաշտոնական աղբյուրները դեռեւս թաքցնում են, բայց, մեզ հասած տեղեկություններով, նախնական փուլով Հակոբյանն արդեն իսկ դուրս է մնացել թեկնածուների «short list»-ից։

Առողջապահության նախարարի խոսնակը մեզ այս մասով հայտնեց ընդամենը․ «Հաղթողը կորոշվի սեպտեմբերի 17-ին, Դանիայում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանի ընթացքում»։ Իսկ ընդգրկվե՞լ է «short list»-ում մեր թեկնածուն, խոսնակն ասաց, որ տեղյակ չէ դրանից, բայց նախարարն էլ է լինելու Դանիայում եւ ամեն գնով աջակցելու է մեր թեկնածուին, որ հենց նա ընտրվի։ Իսկ թե ինչի վրա են ծախսել այդ 17 մլն դրամը, նա դարձյալ դժվարացավ պատասխանել։ Եթե իսկապես Թաթուլ Հակոբյանն ընդգրկված չէ «short list»-ում, այդ դեպքում ինչպե՞ս է նախարարն աջակցելու նրան, որ հաղթի՝ պարզ չէ։