Դավիթ Տոնոյանի պաշտպանները փոխվել են. մեղադրյալները ցուցմունք չեն տալիս

Դավիթ Տոնոյանի պաշտպանները փոխվել են. մեղադրյալները ցուցմունք չեն տալիս

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կյանքում էական փոփոխություն տեղի չի ունեցել, նա շարունակում է մնալ կալանքի տակ։ Չնայած նա  օգոստոսի 1-2-ին հանդես եկավ 2020 թ. պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում եւ մեծ հաշվով հաստատեց Նիկոլ Փաշինյանի ասածները: 
Բայց մի փոփոխություն, այնուամենայնիվ եղել է` ԱԺ-ում խոսելուց հետո փոխվել է նրա պաշտպանական թիմը, իսկ մեկ ամիս անց՝  նույն գործով անցնող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի եւ Դավիթ Գալստյանի խափանման միջոցը․ երկուսն էլ տնային կալանքի մեջ են։ 

Պետությունից շուրջ հինգ միլիոն դոլար յուրացնելու` «անպիտան հրթիռների» գործով անցնող 6 մեղադրյալներից կալանքի տակ են այս պահին պաշտպանության նախկին նախարար Տոնոյանը եւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։ Տոնոյանի եւ Գալստյանի նոր պաշտպանը փաստաբան Անդրանիկ Մանուկյանն է, ով «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ դատաքննությունը թեւակոխել է ամբաստանյալների հարցաքննության փուլ: 

Փաստաբանը մի ուշագրավ մանրամասն միայն ներկայացրեց. «Կան ամբաստանյալներ, որոնք չեն ուզում ցուցմունք տալ»,-ասաց նա՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել փակ դատավարությունից։ Նշենք, որ «անպիտան հրթիռներ» անվանումը ստացած այս քրեական գործով են անցնում նաեւ ազատության մեջ գտնվող, պաշտոնական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը եւ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը։ Թե ամբաստանյալներից կոնկրետ ովքեր են հրաժարվում ցուցմունք տալ, Մանուկյանը չասաց։ 

Փաստաբանական թիմի փոփոխությունից հետո քրեական գործում որեւէ նոր հանգամանք ի հայտ չի եկել։ «Պարոն Տոնոյանի նախկին փաստաբանները ներկայացրել էին խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդություն, որը Հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել էր։ Մերժման մասին դատական ակտը Վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ, ես այն ներկայացրել եմ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք։ Ներկայացրել եմ վերջերս, նորությունը կլինի առաջիկա մեկ ամսում»,-ասաց Մանուկյանը։

Գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա կունենա հաջորդ երեքշաբթի։ Տոնոյանի փաստաբանը հույս ունի, որ իր պաշտպանյալը շուտով ազատության մեջ կլինի։ «Հույս ունեմ, որ դատավարական համապատասխան ընթացակարգերի կիրառման դեպքում Տոնոյանի խափանման միջոցը կփոխվի»,-ասաց նա։ 

Հիշեցնենք նաեւ, որ պետական գաղտնիք պարունակելու պատրվակով` նախկին բարձրաստիճան զինվորականների դատավարությունը ընթանում է դռնփակ ռեժիմով։ Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 30-ին դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը եւ կոռուպցիայի մեջ կասկածելու հիմքով կալանավորեց Փաշինյանի երբեմնի թիմակից Դավիթ Տոնոյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Չնայած 20 թվականին պաշտոնաթող լինելուց հետո Դավիթ Տոնոյանը լռում էր` չքննադատելով Նիկոլ Փաշինյանին եւ հույս ունենալով, որ իրեն չեն նկատի, սակայն պատերազմից մեկ տարի անց նրան «նկատեցին»: Նրան առաջադրված մեղադրանքը շատերն անհիմն են համարում եւ կարծում էին, որ կարճ ժամանակ անց նա ազատ կարձակվի, սակայն դեռ այդ շրջանում լուրեր կային, որ «Տոնոյանը երկար է նստելու», քանի որ Փաշինյանից նման հրահանգ է ստացվել: Եւ նա արդեն 2 տարուց ավելի` առանց դատավճռի նստած է: