Որն է «Հայաքվեի» հաջորդ քայլը
58000 ստորագրություն հավաքած «Հայաքվե» նախաձեռնությունը երեկ ավելի քան 5 ժամանոց հանրային լսում անցկացրեց Ազգային ժողովում։
Նախաձեռնությունը քաղաքացիների ստորագրությունների միջոցով Ազգային ժողով հասած օրենսդրական փոփոխության փաթեթ է, որով առաջարկվում է քրեականացնել Հայաստանի անունից Արցախը այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը։ Գործընթացը սկսվել էր դեռ ամռանը, երբ Արցախն արդեն շրջափակված էր, սակայն ոչ հայաթափված, ինչպես այսօր։
Արդյո՞ք ուշացած չէ օրենսդրական այս առաջարկներն Ազգային ժողով բերելը, հետաքրքրվեցինք «Հայաքվե»-ի անդամ Արամ Պետրոսյանից. «Լսումներին ներկա էին տիտղոսակիր ընդդիմադիրները, զոհված զինծառայողների ծնողները: Բոլորը համակարծիք էին, իսկ նախաձեռնությունն ուշացած չէ», - նշում է Պետրոսյանը: Եթե դե ֆակտո չկա Արցախի Հանրապետություն, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ «Հայաքվեն», մեր զրուցակիցն ասում է. «Առաջնահերթ սրանց պետք է իշխանությունից հեռացնել: Անեքսիայի ենթարկվելը դատավճիռ չէ: Ֆրանսիան էլ է դրա միջով անցել, բայց հետո ազատագրվել: ՔՊ-ականները չմասնակցեցին լսումներին: Դեկտեմբերի 4-ին պետաիրավական հանձնաժողովի նիստն է տեղի ունենալու: Հուսամ հանձնաժողովի անդամները կներկայանան, քանզի՝ պարտավոր են: Ամեն մարդ թող իր խղճի առաջ պատասխան տա: Էդքան մարդ հողի տակ դրեցին, որ այսպե՞ս վարվեն: Հույս ունեմ, որ նրանց շարքերում կլինեն մարդիկ, ովքեր հանուն հայրենիքի չեն լռի», - նշում է նա:
Նկատենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ևս հայտարարում է, որ պայքարելու է արցախցիների իրավունքների համար, սակայն միևնույն ժամանակ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խոսում այն մասին, թե ՀՀ-ի համար որքան վտանգավոր կարող է լինել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանումը և այլն:
Կարծիքներ