Եթե Ռուսաստանում արագորեն չճնշվի խռովությունն, ապա տեղի կունենան լայնածավալ ադրբեջանական հարձակումներ

Եթե Ռուսաստանում արագորեն չճնշվի խռովությունն, ապա տեղի կունենան լայնածավալ ադրբեջանական հարձակումներ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

-Ռուսաստանի Դաշնությունում իրավիճակը բավականին լարված է: Խոսվում է ռազմական հեղաշրջման մասին: Ի վերջո՝ ՌԴ-ում տեղի ունեցող պրոցեսներն ինչի՞ մասին են վկայում:

-Այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, կարծում եմ՝ ունի հստակ արտաքին ազդեցություն։ Բացի 1904-1905թթ, ռուս-ճապոնական պատերազմից, այլ պատերազմներում Ռուսաստանը չի պարտվել։ Ռուսաստանին կարողացել են պարտության մատնել՝ ներսից, ինչպես 1917թ․, այնպես էլ՝ 1985-1991թթ․։ Հիշենք, որ 1917թ․ հեղափոխությունն իրականացավ գերմանական ֆինանսավորմամբ, ինչ վերաբերում է գորբաչյովյան-ելցինյան շրջանին, ապա կարծում եմ, որ ԽՍՀՄ գաղափարախոսությունն իրեն սպառել էր,իսկ գորբաչովյան, այսպես կոչված բարեփոխումներն էլ ավելի թուլացրեցին պետությունը, որն էլ բերեց կայսրության փլուզմանը։ Անկախ այն բանից, թե ով ինչ վերաբերմունք ունի ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ, ես կարծում եմ, որ այդ պատերազմում Ռուսաստանը կարող է անհաջողության մատնվել, միայն եթե Ռուսաստանի ներսում տեղի ունենան խժդժություններ։Կարծում եմ, որ այս մասին հասկանում են նաև Ռուսաստանի թշնամի երկրները և բացի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուց, աշխատում են նաև այդ ուղղությամբ։ Քիչ առաջ նայեցի խռովություն բարձրացրած,այդ «Վագներ» կոչվող ռազմական միավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի կենսագրությունը։ Զարմանալի է, որ նրա նման արկածախնդիր, քրեական անցյալով մեկին վստահել են Ռուսաստանում նման պատասխանատու պաշտոնում։ Նա իրեն արդեն բացահայտեց Արտյոմովսկի (Բախմուտ) մարտերի ժամանակ։ Եվ զարմանալի է, որ դրանից հետո, նա չհայտվեց ճաղերի ետևում։ Նորից կրկնեմ, ծանոթանալով նրա կենսագրությանը, նրա շահամոլությանը, նա հիանալի օբյեկտ է Ռուսաստանի դեմ գործողությունների համար։
 
-Պուտինը դավաճանություն էր անվանել ՌԴ-ում սկսված ռազմական ապստամբությունը: Ի՞նչ զարգացումներ կարող են լինել նման կտրուկ հայտարարությունից հետո:

-Նորից կրկնեմ, անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում ռուս-ուկրաինական պատերազմին, այդ խռովությունն իսկապես դավաճանություն է սեփական երկրի նկատմամբ։ Որպես Ռուսաստանի քաղաքացի, դու կարող ես դեմ լինել  քո երկրի քաղաքականությանը, տարվող պատերազմին,հայտարարել այդ մասին, հեռանալ երկրից, բայց ոչ այս ձևով։ Փաստորեն, Ռուսաստանի ներսում հաջողվեց բացել երկրորդ ճակատ, և կարծում եմ՝ Ռուսաստանը խիստ վճռական պետք է լինի խռովությունը ճնշելու հարցում։ Հակառակ դեպքում, Ռուսաստանը կփլուզվի։

-Ռուսաստանում առկա լարվածությունն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի վրա

-Ինչպես ռուս-ուկրաինական պատերազմն, այնպես էլ այս խռովությունը, հիանալի նվեր է մեր թշնամիների համար։ Եթե Ռուսատանում արագորեն չճնշվի խռովությունը, ապա վստահ եմ, որ տեղի կունենան լայնածավալ ադրբեջանական հարձակումներ և ․․․