«Հրապարակ». Փաշինյանի երկու աթոռը

«Հրապարակ». Փաշինյանի երկու աթոռը

Մինչ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է պնդել իշխանական թեզը, թե ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է, որ Հայաստանին դուրս մղի իր կազմից, եւ չի բացառում, որ մի օր դա կարող է տեղի ունենալ, նրա «շեֆը» պատրաստվում է մեկնել Կազան՝ մասնակցելու ԲՌԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) գագաթնաժողովին։ Փաշինյանի խոսնակը հաստատել է վարչապետի մասնակցությունը, իսկ ավելի վաղ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը՝ առանց հստակեցնելու ձեւաչափը, հայտնել  էր, որ Հայաստանը մասնակցելու է նաեւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ 

Հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին եւ ԱՊՀ հավաքին Փաշինյանի մասնակցելու որոշումը հաստատում է այն տեսակետը, որ արեւմտյան վեկտորը դրոշակ սարքած Փաշինյանի իշխանությունը չի ուզում ամբողջովին խզել կապերը Ռուսաստանի հետ՝ որքան էլ իշխանական ու մերձիշխանական քարոզիչները Հայաստանի բոլոր ձախողումների համար մեղավոր կարգեն Մոսկվային ու թուքումուր լցնեն ՀԱՊԿ-ի գլխին։ Փաշինյանի իշխանությունը, ըստ էության, շարունակում է 2 աթոռի վրա նստելու փորձերն ու Երեւան-Մոսկվա՝ հաճախ դիվանագիտական սահմաններն անցնող փոխհրաձգության ֆոնին, փորձում է իրեն ապահովագրել հնարավոր տարատեսակ սցենարներից։ 

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանն իշխանությունների քայլերը բացատրում է ուկրաինական պատերազմի ելքի անորոշությամբ․ հայտնի չէ՝ այն երբ եւ ինչ արդյունքով կավարտվի։ «Քանի որ բացարձակ հստակ չէ, թե Ուկրաինայում պատերազմն ինչպես է ավարտվելու կամ, առնվազն, Ռուսաստանի համար ինչ հետեւանքներով է սառեցվելու, այսինքն՝ Ռուսաստանը դուրս է գալու շատ ավելի թուլացա՞ծ, լինելու է չեզո՞ք արդյունք, թե՞ Ռուսաստանը շատ ավելի շահեկան է դուրս գալու, բոլորը սպասում են։ Շատերը կարծում են, թե պատերազմի ելքը պարզ կլինի մինչեւ տարվա վերջ։ Դա կապում են ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների հետ, եւ քանի որ հարցականները շատ են, ու դրանց պատասխանները դեռ չկան, որեւէ կառավարություն, որը որեւէ բլոկի անդամ չէ, չի ցանկանում վերջնականապես փչացնել հարաբերությունները կողմերից որեւէ մեկի հետ»,- «Հրապարակ»-ին ասում է Բենիամին Պողոսյանը։

Ըստ նրա, բացի Բելառուսից, որեւէ պետություն, անգամ Ղազախստանն ու Ղրղզստանը, այդ թվում՝ եւ Հայաստանը, որը թեեւ դե յուրե ՀԱՊԿ անդամ է, բայց գործնականում սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը, ուղղակիորեն չի ընկալվում միանշանակ ռուսական բլոկի երկիր։ «Եթե դու ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ ես, ամեն ինչ շատ պարզ է՝ Ռուսաստանը սեւն է, դու սպիտակն ես, սակայն, եթե ուղղակիորեն ներգրավված չես բլոկների մեջ, վարում ես այդ նույն քաղաքականությունը՝ բոլորը սպասում են։ Այսինքն՝ եթե ՌԴ-ի հետ կապերը վերջնականապես խզում ենք, ամեն օր ենք ՌԴ-ին հայհոյում, իսկ հետո պարզվում է, որ պատերազմն ավարտվում է Ռուսաստանի համար ոչ այնքան վատ, եւ Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակ Ռուսաստանը մնում է վճռորոշ պետություն, ապա դա շատ, շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ թե՛ պետության, թե՛ կառավարության համար, որը նման որոշում է ընդունել»,- բացատրում է քաղաքագետը։

Ըստ մեր զրուցակցի՝ այսկերպ իշխանությունն իրեն փորձում է ապահովագրել, որովհետեւ կա ընդհանուր ռազմավարություն՝ նվազեցնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում, իսկ տնտեսական ոլորտում՝ փորձել դիվերսիֆիկացնել, օրինակ, ապրանքների ներմուծումը՝ էներգակիրներից մինչեւ ցորեն եւ պարեն, բայց, մյուս կողմից՝ չայրել կամուրջները, քանի որ նույն տնտեսության դիվերսիֆիկացումը տասնամյակի հարց է։ Ինչ վերաբերում է Արեւմուտքի արձագանքին, Բենիամին Պողոսյանի խոսքով, այս պահին Արեւմուտքը բավարարված է այն քայլերով, որոնք Հայաստանն իրականացնում է՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Արեւմտամետ դիրքավորված Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Կազան մեկնելու որոշումը Մոսկվային Փաշինյանի լոյալության հերթական դրսեւորումն է, որը, ըստ նրա, չի կարող նպաստել Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերություններում վստահության ամրապնդմանը։ «Ինձ թվում է՝ Արեւմուտքում հասկանում են, որ Փաշինյանի կառավարությունը 2 աթոռի վրա նստելու հատկութուն ունի, եւ յուրաքանչյուր նման քայլ թուլացնում է վստահությունն այդ կառավարության նկատմամբ»,- ասում է Ղուկասյանը։ Այս գործելաոճին Արեւմուտքի արձագանքը, ըստ մեր զրուցակցի, հոկտեմբեր-նոյեմբերին կարող է տեսանելի լինել, քանի որ միջազգային դասավորությունը՝ պայմանավորված ԱՄՆ-ում եւ Վրաստանում ընտրություններով, հենց այդ ժամանակ է հստակեցվելու։ 

ԲՌԻԿՍ-ին Փաշինյանի մասնակցությունը, բացի Մոսկվային ուղղված հավատարմությունից, Անդրիաս Ղուկասյանը մեկ այլ լույսի ներքո է մեկնաբանում՝ համաժողովին Էրդողանի ու Ալիեւի մակարդակով մասնակցելու են նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը, եւ բացառված չէ, որ Կազանում Փաշինյան-Ալիեւ շփումներ լինեն։ «Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու խնդիր կա, այնտեղ, հավանաբար, կարող է լինել Ալիեւ-Փաշինյան հանդիպում»,- ասում է Ղուկասյանը։

«Տեսանելի է, որ Ալիեւն օժանդակության կարիք ունի՝ իր դեմ քրեական հետապնդումների վտանգներ են առաջանում, հունիսին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ զեկույցներ պատրաստեցին ու հայտարարեցին, թե կան ապացույցներ, ո Արցախում տեղի է ունեցել բռնի տեղահանում եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Օրեր առաջ լուրջ էքսպերտային համայնք համատեղ բանաձեւով հանդես եկավ, որով Արցախում տեղի ունեցածը ճանաչում են իբրեւ ցեղասպանություն, եւ հիմա կա կարիք Ալիեւին փրկելու։ Ռուսաստանի համար դա կարեւոր է, իսկ Հայաստանը սպասարկում է այդ քաղաքականությունը»,- կարծում է Անդրիաս Ղուկասյանը։