«Մենք ունե՞նք լավ պետություն» հարցը ուղղակիորեն մի բան է նշանակում՝ մենք ունե՞նք լավ մշակույթ

«Մենք ունե՞նք լավ պետություն» հարցը ուղղակիորեն մի բան է նշանակում՝ մենք ունե՞նք լավ մշակույթ

«Հրապարակ» օրաթերթի «Հոգեւոր Հայաստան» մենախոսությունների շարքի հաջորդ հերոսը բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն է, ով տալիս է հոգեւոր Հայաստանի իր սահմանումը եւ այն, թե ինչ կփոխեր ներկայիս Հայաստանի հոգեւոր-մշակութային կյանքում։

Եկեք մեզ չխաբենք

Մեր մեծագույն բանաստեղծ Վահան Տերյանն իր «Հոգեւոր Հայաստան» հոդվածում շեշտը ճիշտ է դրել՝ մշակույթը ժողովրդի հավաքագրումը, կազմակերպումը եւ սպասումն է,- սա մշակույթի օրգանականությունն է, եթե այդպես չէ՝ մշակույթը օրգանական մի բան չէ, այն ընդամենը տվյալ ժողովրդի հպարտության, իսկ ավելի շուտ՝ գլուխգովանության ու սնապարծության առիթն է։ Այնինչ Մշակույթի նպատակը ոչ թե իր ժողովրդին այդ սնամեջ պարծենկոտության մեջ գցելն է, այլ Օրենքին, Կարգին, Իրավունքին ու Սիրուն հպատակ սարքելը, որի մարմնավորումը նրա պետությունն է։ Մշակույթներն իրացվելու եւ իրականացվելու մի հնարավորություն ունեն՝ իրենց ժողովուրդներին նրանց Սուվերենի, Ինքնիշխանի հպատակը սարքել։ Եթե այն դրան չի հասել, ոչնչի չի հասել․․․ Այնպես որ՝ Վահան Տերյանի ասած Հոգեւոր Հայաստանն այսօր կոնկրետ մի բան է նշանակում․ Հայաստանի Հանրապետություն եւ նրա հպատակ հայ ժողովուրդ։ Քանի դեռ սրանք չեն եկել, եկեք մեզ չխաբենք՝ մենք մշակութային ժողովուրդ չենք կարող համարվել․․․։

Ապապետականացնել մշակույթը

Ես կապապետականացնեի հայոց մշակույթը՝ այն կհանեի լավ կամ վատ պետական պաշտոնյայի հայեցողականությունից, ես պետության ուսերին կթողնեի միայն մեր մշակույթի տեխնիկական պահպանության ու սպասարկության ծախսերը եւ կստեղծեի պետական կամ ոչ պետական (այս դեպքում՝ պետության կողմից հովանավորվող) հիմնադրամներ, որոնք կգործեն բացառապես մրցութային կարգերով։ Դրանով ես հնարավորություն կստեղծեի, որ բոլորը հավասար հնարավորություններ ունենան՝ իրենց մտահղացումներն իրագործելու համար։

Հայկական մշակույթի պատկերն այսօրվա Հայաստանն է

Պետությունը լավը չէ, որովհետեւ չունի՞ լավ մշակույթ, թե՞ մշակույթը լավը չէ, դրա համար չունենք լավ պետություն։ Դա ամենակարեւոր հարցն է, որը մենք չենք գիտակցում։ Մեզ թվում է, թե մշակույթը զուռնա-դհոլ, ասմունք ու արտասանություն, երգ ու պար եւ, մի խոսքով, թամաշա ու ժամանց է, ավելի ճիշտ՝ օրվա մեջ կուշտուկուռ ուտելուց հետո օրվա վերջում թամաշա (հաց ու թամաշա), ինչպես մեր մշակութային պատկերացումներն արհամարհանքով բնութագրել է լատին մեծ սատիրիկը։ Մշակույթը շատ կոնկրետ սոցիալական իրականացումներ է ենթադրում (ես այստեղ բաց եմ թողնում մշակույթի անձնական՝ սուբյեկտիվ կողմը, որի քննարկումը լրագրային թեմա չէ)․ դրանցից ամենակատարյալը, նորից վերադառնանք սկզբին, պետությունն է․ մշակույթը եթե պետության կառույց չի բարձրացնում, փուչ ու սնամեջ հոխորտանք է։ Գերմանական մշակույթի պատկերն այսօրվա Գերմանիան է, ռուսական մշակույթի պատկերն այսօրվա Ռուսաստանն է, դե, սրանից հետեւում է, որ հայկական մշակույթի պատկերն էլ այսօրվա մեր Հայաստանն է․․․։ Իհարկե, կան պետություններ, որոնք այլ ազդակ ունեն, օրինակ՝ իսլամական պետությունները, բայց սա ուրիշ խոսակցություն է։ Քրիստոնեական երկրների մշակույթների մեջ սա աքսիոմա է։ Այնպես որ՝ ես կրկնում եմ․ «Մենք ունե՞նք լավ պետություն» հարցն ուղղակիորեն մի բան է նշանակում՝ մենք ունե՞նք լավ մշակույթ։ Քրիստոնեական պետությունն իր մշակույթի արտադրությունն է։ Եթե մենք պետությունը չենք ընդունում իբրեւ մշակութաբանական երեւույթ, ուրեմն մեր մշակույթը մեզ ոչ մի տեղ չի հասցրել։ Այսօրվա քրիստոնեական պետության հիմքում երկու կարգախոս է ընկած․ «Պետությունը՝ իբրեւ արվեստի ստեղծագործություն» եւ ավելին՝ «Մշակույթը՝ իբրեւ իշխանություն»․․․։

Մշակույթն ինքն է բուն հեղափոխությունը

Ոչ մի հեղափոխություն չի կարող մշակույթի համար հեռանկարներ բացել, իսկ, այ, հակառակը կարող է լինել։ Ընդհակառակը, բարձր մշակույթը հեղափոխություն չի ենթադրում, այն ինքն է բուն հեղափոխությունը։ Ինչքանո՞վ կարող է հայ մշակույթը մեր գիտակցության մեջ ապահովել մեր այս ակնկալվելիք երկրի, պետության ու հայրենիքի պատկերը՝ դա էլ կլինի նրա պատկերը։