Լավ ընդդիմությունից՝ վատ իշխանություն
Իշխանությունն ու պաշտոնն ամենամեծ փորձությունն են, որ կարող է պատահել մարդու հետ։ Վերջին 30 տարիների ընթացքում ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է լավ ընդդիմությունը դառնում վատ իշխանություն, եւ ինչպես են իշխանությունից զրկված մարդիկ կարճ ժամանակ անց վերագտնում նորմալ մարդկային դեմքը՝ ազատվելով նախկին ցինիզմից ու հղփացածությունից։ Առաջին անգամ ընդդիմություն-իշխանություն տրանսֆորմացիային ականատես եղա 1992-ին, երբ Երեւանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի ընդդիմությունը՝ Վահագն Խաչատրյանը դարձավ քաղաքապետ, եւ ամիսներ անց մարդիկ համոզվեցին, որ լավ ընդդիմությունից մինչեւ վատ իշխանություն ճանապարհը շատ կարճ է։
Հետագայում ՀՀՇ-ն, որի հետ էին կապվում 95-96-ի ընտրակեղծիքները, եւ որին ժողովուրդը հասցրել էր ատել ու «մերժել», 1997-ի իշխանափոխությունից կարճ ժամանակ անց վերագտավ իրեն՝ ապացուցելով, որ իրենց շարքերում մեծ թվով պրոֆեսիոնալներ կան եւ նորմալ մարդիկ, որոնք կարող են օգտակար լինել երկրին ու հասարակությանը։ Նրանցից շատերը սկսեցին փորձագետի, տարբեր ոլորտների մասնագետի կարգավիճակով հանդես գալ, աշխատել։ Անգամ նրանցից ոմանք սկսեցին գիտակցել իրենց թույլ տված սխալներն ու զղջալ դրանց համար։
Հիմա գանք մեր օրերը․ ընդամենը 6-7 ամիս է անցել իշխանափոխությունից, բայց արդեն բազում մարդկային տրանսֆորմացիաների ենք ականատես եղել եւ դեռ էլի կլինենք։ Պաշտոն ու կարգավիճակ կորցրած հանրապետականները սկսել են մարդկային տեսք ձեռք բերել, իսկ պաշտոններ գտած երիտասարդ ՔՊ-ականները աչքի առաջ, ժամ առ ժամ՝ «հաբռգել» ու մեծամտանալ։ Եթե առաջին պրոցեսը ողջունելի է եւ դրական, ապա երկրորդի համար կարելի է միայն ցավ ապրել եւ ահազանգել։ Հուսանք, որ գահավիժումը համատեղ ուժերով կկանգնեցնենք։
Կարծիքներ