Ռուսները մտավախություններ ունեն նաեւ հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ կապված

Ռուսները մտավախություններ ունեն նաեւ հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ կապված

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների առաջիկա հանդիպման մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը, դրան հետեւած՝ Երեւանից Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից Չավուշօղլուի հայտարարության հաստատումը ռուսական քաղաքական շրջանակներում որոշակի տրամադրություններ են առաջացրել, որոնք, ընդհանուր առմամբ, կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ․ «Թուրքիան արդյոք կդառնա՞ Հայաստանի համար պատուհան դեպի Արեւմուտք»։

Հանուն արդարության նկատենք, որ սա երկրորդ դեպքն է, որ նախ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին հայտարարություն է անում Թուրքիայի ԱԳ նախարարը, ապա նրա հայտարարությունը հաստատում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Ու սա՝ չնայած այն բանին, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցերով Հայաստանը դիմել է Ռուսաստանի օգնությանն ու միջնորդությանը, սակայն ռուսական որոշ շրջանակներ, որոնք սովորաբար ընկալվում են որպես Կրեմլի ազդեցության գոտում գտնվողներ, սկսել են այն թեզը «ծամծմել», թե Անկարայի եւ Երեւանի միջեւ, ամենայն հավանականությամբ, արդեն որոշակի փակ քննարկումներ են ընթանում, եւ բանակցությունները, այդպիսով, կարելի է մեկնարկած համարել։

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը, իրականում, բավական բարդ ու բազմաշերտ է, եւ իրավիճակն ավելի է ոչ միանշանակ դառնում՝ կապված այն հանգամանքի հետ, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ուղղակիորեն կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Երեւանը, նկատենք, կողմնակից է առանց նախապայմանների հարաբերությունների նորմալացմանը։ Անկարայի այս վարքագիծը հանգեցրել է երկու հիմնական մոտեցումների ձեւավորման, որոնք այժմ գոնե փորձագիտական մակարդակում ակտիվ քննարկվում են․

• Կամ նախ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ ապա անցնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։

• Կամ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն իրականացնել զուգահեռաբար։

Դատելով այն ազդակներից, որոնք հանրային հասանելի մակարդակում առկա են լրատվական հոսքերում, կարելի է ասել, որ Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, կողմ է Անկարայի եւ Երեւանի հարաբերություններում դրական փոփոխություններ հաստատելուն։ Այդ «կողմ» լինելուն թերեւս նպաստեցին Սոչիի եւ Բրյուսելի բանակցությունները, «3+3», իսկ իրականում՝ «3+2» ձեւաչափի գործարկումը։ Սակայն ինչին են հանգում ռուսական կողմի մտավախությունները, որոնց ընդհանուր բանաձեւումը ներկայացրինք հոդվածի սկզբում։ Խնդիրն այն է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կամ, եթե կուզեք՝ հայ-թուրքական հաշտեցումը, զուտ երկու երկրների հետ կապված հարց չէ, այն կապված է ընդհանուր, այսպես կոչված, կովկասյան մեծ խաղի կամ Հարավային Կովկասի նոր ճարտարապետության կառուցման հետ, որի առնչությամբ մեծ քաղաքականության խաղացողներն ունեն իրենց պատկերացումները։ Ու քանի որ նախ՝ Արեւմուտքը, որպես ռազմաքաղաքական միավոր, մեր տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայի միջոցով, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, եւ բացի այդ էլ, ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականի հավաստմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետեւում նաեւ ամերիկյան «ականջներ» են երեւում։ Այս ամենին եթե ավելացնենք նաեւ Վրաստանի՝ տարածաշրջանում որպես Արեւմուտքի հաջորդ հենարանի՝ Ռուսաստանից «պոկելու» փորձառությունը, կարելի է հասկանալ ռուսների անհանգստությունները։

Ռուսական կողմը հիմա այս գործընթացի հետ կապված բոլոր նրբություններին կարծես թե սկսել է կասկածամտությամբ վերաբերվել՝ սկսած բանագնացների անձերից մինչեւ գործընթացի առնչությամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գոհունակության արտահայտությունը։ Ի վերջո, եթե ավելի անկեղծ լինենք, այս ողջ գործընթացների փաթեթով խաղատախտակին չափազանց շատ բան է դրվում, եւ կհաղթի նա, ով, այսպես ասած, գործընթացի բաժնեմասերի վերահսկիչ փաթեթը կունենա եւ դրանով կկարողանա տարածաշրջանի «թարմացումից» հետո ստանալ ավելի շատ հնարավորություններ։