Ով է կենդանի մնացել, ում երեխան է զոհվել, ով ինչ է կորցրել. տարհանման ճամփեքին

Ով է կենդանի մնացել, ում երեխան է զոհվել, ով ինչ է կորցրել. տարհանման ճամփեքին

Արցախի նախագահը կոչ է անում մարդկանց՝ վերադառնալ հայրենիք, օպերատիվ շտաբ է գործում կառավարությունում, իսկ սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությունից խոստանում են, որ մայրաքաղաք Ստեփանակերտի եւ հարակից տարածքների վնասված ենթակառուցվածքները վերականգնվելու են 15-20 օրում: Իսկ առայժմ քաղաքում անորոշ իրավիճակ է: Տեղահանված ժողովուրդը՝ Քաշաթաղից, Հադրութից, Շուշիից, գալիս, հավաքվում են կառավարության շենքի մոտ: Այստեղ գործում է Արցախի ընդհանուր օպերատիվ շտաբը՝ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Շատերը  կառավարության դռնից այն կողմ գնալու տեղ չունեն: 

«Հեռախոսակապ, ինտերնետ, լույս, ջուր՝ սաղ ունենք» 

«Տարբեր տեղերից մարդիկ գալիս են, տեղավորում ենք, հյուրանոցներում, վարկով սարքված շենքերում»,- ասում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Թե որ տներն են տիրազուրկ, իսկ որ տների տերերն են դեռ գալու, չգիտի: Վստահեցնում է, որ հիմնահատակ քանդված տների հաշվառումն արել են արդեն: «Մի վեց շենք կա քանդված: Այդ շենքերը կառուցելու ենք: Տարբեր տեղերից օգնում են, տարբեր երկրներից ֆինանսավորում են, վերականգնում ենք»,- ասում է քաղաքապետը, սակայն այս պահին չի կարող հստակեցնել, թե ֆինանսական ինչ միջոցներ են հատկացվել, որքանն է արդեն ծախսվել: «Քաղաքում հեռախոսակապ, ինտերնետ, լույս, ջուր՝ սաղ ունենք: Ժամանակ չունեմ էդքան խոսելու»,- կարճ է կապում Դավիթ Սարգսյանը:
«Որեւէ վայր, որտեղ պետք է հավաքվեն տեղահանվածները, նախանշված չէ,- ասում է Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը,- մարդիկ տարերայնորեն մտնում են, ով որտեղ հասցնում է: Ամեն մեկն իր ծանոթ-բարեկամի մոտ է գնում: Կառավարության շենքի մոտ եկածների մի մասին արդեն տեղավորել են, բայց համակարգում, կանոնակարգված գործընթաց չկա, որ ասենք՝ այսինչ հյուրանոցը կամ այսինչ շենքը տրամադրված է փախստականներին, և պետք է մարդիկ գնան այդտեղ»: Ըստ պատգամավորի, Արցախի մայրաքաղաքի բնակֆոնդը, մեղմ ասած՝ լավ վիճակում չէ: Շենքերի տանիքներն են վնասված, պատուհանները, էլեկտրաէներգիայի ենթակայանները: Դրանք այս պահին ինտենսիվորեն վերականգնվում են, ինչի պատճառով ցերեկային ժամերին հոսանքի անջատումներ են լինում: Բայց հոսանք քաղաքում կա, գազ ու ջուր՝ նույնպես: «Գիտե՞ք ոնց է: Եթե այսօր մարդն ունի տանիք իր գլխին ու մեկ ջեռուցիչ՝ պլիտա, որ տանը տաքանա, նստում է տեղը, ու էլ ոչ մի տեղ չեն դիմում: Պարտված իշխանությունների հետ կապված հույս չունեն, սպասելիք չունեն, որ դարման կանեն իրենց վերքին»,- վստահեցնում է Դավիթ Գալստյանը:  


Ի՞նչ է առաջարկում կառավարությունն այն մարդկանց, որոնց ամեն օր կանչում է Արցախ: Մեր հարցին պատգամավորը  պատասխանեց. «Ֆեյսբուքում այս քանի օրը շատ լավ հայտարարություններ են տարածում, որ մի տարի կոմունալները ձրի են լինելու, բայց տողատակեր չեն բացում: Այսինքն, ի՞նչ կարգի է ձրի լինելու: Ի՞նչ լիմիտ է սահմանված, ինչքան ուզեն, վառե՞ն: Անորոշ վիճակ է: Ինչպես որ պատերազմի օրերին ֆեյսբուքներով ասում էին՝ հաղթելու ենք, հաղթել ենք, այսօր էլ այդ սոցցանցում լցված են հայտարարություններ, որ ամեն ինչ լավ ա լինելու: Բայց մենք կոնկրետ քայլեր չենք տեսնում, որ լավ է լինելու»: Իսկ որ ռուսական զորքը կա, զգո՞ւմ եք ապահովություն: «Այո, եթե այս ամենի մեջ մի դրական բան կա, դա հենց այն է, որ ինչ-որ չափով ապահովություն կա, բայց ունենք ամսի 10-ից հետո էլ գերի ընկած մարդիկ, թե մոլորվել են, թե ճանապարհը լավ չի վերահսկվում, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ այդպիսի մարդիկ էլ կան»: 

Մարդ կա՝ մի սովորական տռուսիկ չունի, որ փոխի

Դավիթ Գալստյանի կուսակցական ընկերը՝ «Արդարության» պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը, համակարգում է կուսակցության աշխատանքը Քաշաթաղի շրջանում: Այն ձգվում է Արաքսի ափից մինչեւ Քարվաճառ: Բերձորը՝ որպես Քաշաթաղի շրջանի կենտրոնական քաղաք, անցումային կետ է դարձել: Բերձորից հարավ այլեւս թուրքեր են նստած: «Այս տարածքից 4-6 հազար բնակիչ փախել է՝ անդազահան եղած, փախստականի կարգավիճակով: Նրանք տեղափոխվել են Ղափան՝ իր շրջակայքով, ու Գորիս: Էդ մարդիկ իրենց ամենատարրական խնդիրներով են հիմա զբաղված: Դուրս են եկել հապճեպ, խուճապահար: Մարդ կա՝ մի սովորական տռուսիկ չունի, որ փոխի: Չեն կարողացել իրենց իրերը հանել: Ինչպե՞ս կարող էին, եթե կես ժամում մարդը պետք է դուրս գար, հակառակ դեպքում մնում էր գերի: Շատերը եկողներից եթե մի սումկա էլ հասցրել են վերցնել, արդեն լավ է: Մարդիկ չգիտեն՝ իրենց տները ոնց դատարկեն: Գալիս, թալանում են, հայը հայի տուն է թալանում, անիշխանության վիճակ է»,- պատմում է Կարեն Հովհաննիսյանը: Թալանված են Բերձորի վարչական շենքերը, դպրոցը: Ոստիկանությունն անզոր է թալանի դեմն առնել: «Ոստիկանության անձնակազմը խիստ սակավ է: Նոր-նոր պոստեր են դրել, որպեսզի Քաշաթաղից դուրս եկող մեքենաները կարողանան վերահսկել, բայց այդ մեքենաների մեջ որ մասն է գողոնը, որը՝ մեքենայի տիրոջը, ոչ ոք չգիտի: Նույնիսկ հարեւանը հարեւանից կարող է գողանալ: Շատերը փախեփախի ճամփին անգամ փաստաթղթեր չեն կարողացել հետները վերցնել: Աշխատող մարդիկ, որոնք 20 տարի կյանք, ջանք, էներգիա են ներդրել, հիմա տկլոր են, նույնիսկ չգիտեն, թե որ ճանապարհով պետք է գան Ստեփանակերտ, որտեղ իրենց կանչում է կառավարությունը: Հիմա նոր Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը ոնց որ թե ուզում են բացել: Ստեփանակերտն էլ՝ ռմբահարված»:

«Գողությունը մեր հայերի ձեռքի աշխատանքն է»

Կարեն Հովհաննիսյանը փորձում է անձնական, նաեւ իր կուսակիցների կապերով, ռեսուրսներով տարհանվողներին օգնել տեղափոխվել, կացարան գտնել: Հարցնում ենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Աննա Հակոբյանի հիմնադրամները փախստականներին չե՞ն օգնում: «Օգնում են երեւի, ես տեղյակ չեմ: Ես այդ մանկապարտեզի հետ ժամանակ ու ներվեր չունեմ վատնելու: Ես իմ ազգաբնակչության, իմ Քաշաթաղի շրջանի ժողովրդի հետ առարկայական, մեկս մյուսին օգնելով ենք ապրել: Մի 20 տարի քաշաթաղցիներով, վերաբնակեցման առաջին օրվանից, մեկս մյուսի վրա ենք հույս դրել, առաջ շարժվել: Աննա կլինի, Սիմոն կլինի, Սորոս կլինի, թե Լենին պապիկ՝ մեզ համար երկրորդական ա: Այս պահի համար են այդ գումարները պետք: Եթե կառավարություն կա, եթե գոյություն ունի նման կառույց, այդքանը պետք է հասկանան: Հաշվարկ չի արվել, թե քանի կարիքավոր կա: Դեռ ո՞նց կարանք հաշվարկ անել, դեռ հասկանում ենք՝ որս ենք կենդանի մնացել, ում երեխան է զոհվել, ով ինչ է կորցրել»:

Կարեն Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել մեզ հասած լուրը, թե ռուս զինվորները տեղացիների տներն են զբաղեցնում, եւ բնակիչները մնում են դրսում։ «Նման բան չկա, բայց գողություն կա, իսկ գողություն անողը ոչ թե զինվորն է, որը գտնվում է իր զորամիավորման տարածքում ու եթե մի բաժակ սուրճ է առնում, սուս-փուս գնում է, խանութից առնում է, հետ է գալիս իր տեղը: Գողությունը մեր հայերի ձեռքի աշխատանքն է, մի այլ կարգի գողություն»: