Եկեք արձանագրենք

Եկեք արձանագրենք

Չգիտեմ՝ այլ երկրներում ինչպես է, իսկ մենք իրականությունը հորինված ու սարքված կյանքի հետ շփոթող, այսպես ասած` «կտեր ուտող» հասարակություն ենք դարձել: Բավական է մի քանի հմտորեն մտածված քայլ ու փիառ ակցիա, որ մեզ կառավարեն, ընդ որում` կառավարելով նաեւ մեր հույզերն ու գործողությունները: Երեկ արցախցի գործիչներից մեկն ուշագրավ միտք էր հայտնել, որ ֆեյսբուքներին հետեւելով կարծում էին, թե Հայաստանում իրենց վատ են ընդունելու, պարզվեց` շատ ջերմ ու եղբայրաբար ընդունեցին, իսկ արցախցի-հայաստանցի պառակտումը դրսեւորվում է միայն սոցցանցերում եւ ուղղորդվում որոշ շահագրգիռ շրջանակների կողմից: Քաղաքական գործիչներից մեկը, որին ամենաշատն են հայհոյում համացանցում, պատմում էր, որ օրեր շարունակ շրջում է փողոցներում` ուզում է հասկանալ, թե ովքեր են իրեն հայհոյողները, գեթ մեկ մարդ չի հանդիպել, որ իրեն տեսնելով` բացասական բան ասի: Այո, վիրտուալ եւ իրական Հայաստանն իրարից անչափ տարբերվում են:

Փոքր` 2 միլիոնանոց հասարակության մեջ շատ հեշտ է 100 մարդու եւ մի քանի խոտոր կարծիքի միջոցով փոթորիկ առաջացնել, բուռն գործընթացների տպավորություն ստեղծել: Իսկ մենք, քանի որ կախված ենք վիրտուալ տարածքից, սոցցանցերում կարդացած մի գրառում, մի քանի քոմենթ, մի կիսատ ակցիա անմիջապես իրականության հետ ենք շփոթում եւ լուն ուղտ դարձնում: Պետք է հստակ արձանագրել` արցախցիներին չսիրողները մեզանում աննշան փոքրամասնություն են կազմում, իշխանություններին համակրողները` նույնպես, վկան` Երեւանի ընտրությունները: Ֆեյսբուքում գրած-կարդացածները պետք է հստակ տարբերել իրական պրոցեսներից: Ընտրություններում մի քանի տասնյակ հազար ձայն ստացած կուսակցությունը դեռ քաղաքական դաշտի լուրջ խաղացող չէ, ոչ էլ պարտվածը` մարգինալ: