Քաղաքականություն

Ավինյանական չբարեփոխումը

Ավինյանական չբարեփոխումը

Նախորդ տարեվերջին մեկ անգամ արդեն անդրադարձել եմ հասարակական տրանսպորտի ավինյանական չբարեփոխմանը: Ստիպված եմ դրան անդրադառնալ նաև երկրորդ անգամ, քանի որ արդեն երրորդ օրն է, ինչ ամուսիններով փորձում ենք գլուխ հանել «ԹելՍել Վոլիթ» կոչված գլխացավանքից: Դրա ֆեյսբուքյան էջում գտնում ենք համապատասխան (1 րոպեանոց) վիդեոն և հետևելով հրահանգներին՝ հասնում ենք անհաղթահարելի խոչընդոտի: Ստիպված զանգահարում ենք ընկերության հեռախոսով ու երիտասարդի օգնությամբ հասնում ենք մի կետի, որից հետո պետք է սպասեինք 24 ժամ՝ հաստատման համար: Երիտասարդի օգնությունից հետո քրքրելով համացանցը՝ պարզեցինք, որ նրա կողմից ասվածն առկա է ընկերության հին կայքում: Ստացվում է, որ հին կայքը փոխարինելով նորով՝ «մոռացել» են այնտեղ առկա վիդեոն տեղադրել նոր կայքում: Ընդամենը տեղադրել, եթե այդքան բարդ էր երկուսի միավորումը մեկի մեջ:

Ի դեպ, այսպես կոչված, «Դիջիթալ բանկինգ»-ի դեպքում հաստատման համար պահանջվում էր ընդամենը վայրկյաններ: Իսկ բանկային էլեկտրոնային հարթակի միջոցով կառավարվում է ոչ թե ամսական 10 հազարական (խոսքը թոշակառուների մասին է)՝ ինչպես «ԹելՍել Վոլիթ»-ի դեպքում է, այլ առնվազն մի քանի տասնյակ հազարական դրամ: Ինչևէ, 24 ժամվա վերջում իմանում ենք, որ ինչ-որ խնդիր է առաջացել (հստակ չեն նույնականացման քարտի տվյալները), ու մերժում ենք ստանում: Ի դեպ, նույն այդ գործողությունը երբ նախորդ անգամ այլ հարցի առումով կատարել ենք «օֆլայն» տարբերակով, խնդիր չէր առաջացել: Այսինքն, խնդիրը ոչ թե հեռախոսի լուսանկարահանման, այլ այդ ընկերության՝ տվյալ գործողությանն առնչվող «օնլայն» հնարավորության մեջ է: Մի խոսքով, ստիպված ենք նորից կրկնել նախորդ օրվա ամբողջ գործողությունը:

Բայց պարզվում է, որ դա այդքան էլ հեշտ չէր: Նույնականացման քարտի դեպքում պետք էր կատարել ընդամենը երեք «օնլայն» նկարահանում: Առաջինը քարտի տիրոջ հետ «սելֆի»-ն էր, երկրորդն ու երրորդը՝ զուտ քարտի դիմերեսի ու հետին երեսի տվյալների լուսանկարումը: Այստեղ կրկին «ԹելՍել»-ի կայքը դրսևորեց իր բնավորությունը: Երկրորդ լուսանկարահանումից հետո մի քանի անգամ ՝ թռչելով երրորդի վրայից, գնաց առաջ, սակայն բախվեց խոչընդոտի: Այսինքն չէր բերվում այն էջը, որում արդեն պետք է ընտրություն կատարվեր բանկերի միջև: Իսկ այնուհետև կայքը «կախվեց». հրաժարվեց շարունակել գործողությունը: Ստիպված դադարեցրինք ինքներս մեզ տանջելը՝ գործը թողնելով արդեն երրորդ օրվան: 

Երրորդ օրը տեսնելով, որ բախվում ենք նույն խնդրին, հեռախոսից ջնջեցինք համապատասխան հավելվածը: «Գուգլ Պլեյ»-ից այն նորից տեղադրեցինք հեռախոսում, փոխեցինք գաղտնաբառն ու «պին» կոդը: Բայց քանի որ հեռախոսահամարը փոխել չէինք կարող, կրկնվեց նախորդ երկու օրվա պատմությունը: Ստիպված կրկին դիմեցինք համացանցին ու գտնելով ընկերության գրասենյակի հասցեն՝ ոոշեցինք «հյուր գնալ» ընկերության գրասենյակ: Իհարկե, մինչ այդ, երրորդ օրվա երեկոյան օգտագործելով «կրկին փորձիր» տարբերակը: Իսկ մինչ այդ հարևան խանութում առկա «ԹելՍել»-ի տերմինալից գնեցինք մի քանի թղթային տոմս՝ բնությանը պատճառելով հերթական վնասը՝ եթե հաշվենք, թե որքան քաղաքացի է մեզ նման ստիպված եղել ձեռք բերելու այդ թղթերը: Ի դեպ, ավինյանական չբարեփոխման շրջանակում դա կոչվում է «ֆինանսական էկոհամակարգ»: Փաստորեն, ըստ քքաղաքային իշխանության, քաղաքացիների կյանքը հեշտացնելուն կոչված երևույթը շատ ավելի է բարդացնում այն: Որպեսզի Ավինյանը կամ Նիկոլը ժեխահանրությանը մատուցեն առաջընթացի վերաբերյալ հերթական հեքիաթը:   
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image