Ինքնաթիռից անհետացել է քաղաքացու 500 հազար դրամ արժողությամբ ուղեբեռը

Ինքնաթիռից անհետացել է քաղաքացու 500 հազար դրամ արժողությամբ ուղեբեռը

Շաբաթ օրը «Հրապարակը» գրել էր, որ քաղաքացի Ս. Հ.-ն դիմել է խմբագրություն՝ նշելով, որ հունվարի 16-ին մեկնել է Թել Ավիվ, նույն ավիաընկերությամբ հունվարի 23-ին` վերադարձի ժամանակ, ինքնաթիռից անհետացել է ավելի քան 12 ուղեւորի ուղեբեռ, սակայն Flyone Armenia ավիաընկերությունը, որից օգտվել են քաղաքացիները, չի փոխհատուցում իրենց: Ավելին` մեզ դիմած քաղաքացին նշում է, որ ավիաընկերության աշխատակիցներն իր հեռախոսահամարը, հավանաբար, սեւ ցուցակ են գցել, որպեսզի անգամ չկարողանա կապ հաստատել ավիաընկերության հետ` օրեր շարունակ զանգահարում է, չի միանում:

«Կորցրել եմ 900 դոլարի արժողությամբ ուղեբեռ, սակայն Flyone Armenia ավիաընկերությունը խնդրին լուծում չի տալիս: Կորել է 12 քաղաքացու ուղեբեռ, 12-ից մի քանիսի իրերը վերադարձրել են, իմ ուղեբեռի հետ կապված ոչինչ չեն ասում, միայն նշում են` երբ պատասխան կունենանք, տեղյակ կպահենք: Դիմել ենք «Զվարթնոց» օդանավակայան, սակայն նման դեպքերում պատասխանատվությունն ավիաընկերության վրա է, ոչ թե օդանավակայանի»,- պնդում է քաղաքացին: «Զանգահարում եմ Flyone Armenia, սակայն հեռախոսահամարս սեւ ցուցակ են գցել, որպեսզի զանգել չկարողանամ»,- նշում էր մեր զրուցակիցը:

Մենք կապ էինք հաստատել Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ, հասկանալու համար, թե ով պետք է փոխհատուցի քաղաքացիների կորած իրերի գումարը, եւ ինչու ավիաընկերությունը չի պատասխանում հաճախորդի զանգերին: Անանյանը մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ ավիաընկերության հետ կապված ցանկացած խնդիր անպայման կստանա իր լուծումը։ «Մեր հավատամքն է, որ ամեն մի ուղեւորի խնդիր մեզ համար լինի առաջնային: Ցանկացած ուղեւորի խնդիր պահանջում է առաջնային լուծում, եթե կա նման դեպք, ապա այդ հարցը չի կարող մնալ օդի մեջ, այս պարագայում եւս խնդիրն օդի մեջ մնալ չի կարող: Flyone Armenia ավիաընկերությունը պատասխանատու ընկերություն է եւ իր պատասխանատվությունն իրականացնելու է ամբողջ ծավալով: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է դրանում վստահ լինել: Մենք մեր պարտավորություններից չենք հրաժարվում, ներպետական եւ միջպետական օրենսդրությամբ էլ այդ մասին ամրագրված է»,- նշել էր նա:

Կարդալով նշված հրապարակումը՝ երեկ նույն խնդրով «Հրապարակի» խմբագրություն էր դիմել մեկ այլ քաղաքացի` Մ. Մ․-ն՝ նշելով, որ օգտվել է Flyone Armenia ավիաընկերությունից, մեկնել է Թել Ավիվ հանգստի, արդյունքում ինքնաթիռից անհետացել է ուղեբեռը, որի մեջ եղել են 500 հազար դրամի իրեր: «Հունվարի 2-ի չվերթի ժամանակ անհետացել է ուղեբեռս: Երեք ճամպրուկից մեզ վերադարձվել է երկուսը, մյուս ճամպրուկն արդեն շուրջ մեկ ամիս մեզ չեն վերադարձնում ու ոչ էլ փոխհատուցում են: Դիմել ենք ավիաընկերությանը, սակայն ոչինչ չեն անում: Սկզբից նորմալ պատասխանում էին, ուղղորդում, որ նամակով դիմենք, սակայն հետո սկսեցին մուննաթ գալ, իսկ հետո չպատասխանել զանգերին, արդյունքում ոչինչ չեն փոխհատուցել: Դեպքից մեկ ամիս անց ոչ մի արձագանք չկա, մի կին էլ կար, որի իրերն անհետացել էին, սակայն նրանից տեղեկություն չունեմ: Շատ դժգոհ ենք նաեւ սպասարկումից: Ինքնաթիռում սնունդ չկար, անգամ ջուր չկար, եղածն էլ վաճառում էին շատ թանկ գներով: Երեխաներիս եւ ամուսնուս հետ էի գնացել Թել Ավիվ, ինքնաթիռում էլ չորսիս իրարից անջատ էին նստեցրել, խնդրեցի, որ անչափահաս երեխաներիս գոնե թողնեն ինձ մոտ նստել, մերժեցին»,- պատմում է քաղաքացին: Մենք կրկին փորձեցինք զրուցել ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ, հասկանալու համար, թե ինչ է պատրաստվում անել ավիաընկերությունը, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Դիմեցինք Flyone Armenia ավիաընկերություն՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեզ հետ զրույցում ընկերության աշխատակիցը նշեց, որ Արամ Անանյանը Հայաստանում չէ, իսկ իրենք չեն կարող մեկնաբանել կատարվածը: Ստիպված հրապարակում ենք խնդիրը, որ քաղաքացիների խնդիրները լուծում ստանան: