Չսեր

Չսեր

Չսերն այնքան ուժեղ զգացում է, որ իր էությամբ, բնույթով եւ գործողությամբ կարող է չափվել միայն սիրո հետ: Դա աշխարհակործան զգացմունք է, այն բացարձակապես կապ չունի արդեն ինչ-որ մեկին չսիրելու հետ:
   

Չսերն իր մեջ կրում է ամբողջ սիրո քաղցկեղացումը: Դա ոչ միայն սիրո աշխույժ կործանումն է, այլեւ կործանման հայտարարած պատերազմն ընդդեմ սիրո, որի հետքն էլ չկա: Այն տարողունակ սիրո ամբողջ դատարկությունն է, սիրուց մնացած դատարկ տեղը (пустое место): Չսերը սիրո оболочка-ն է, որի ներսում ոչինչ չկա: Այն չես տեսնի, եթե չի պատմում մինչ այդ եղած ամբողջ սիրո մասին, որը չկա: Իր բոլոր գծերով այն նման է սիրուն, բայց առանց սիրո քայքայիչ երանության: Որպեսզի հասկանալ չսերը, պետք է պատկերացնել երկուսին, որոնք նախ իրար ունենալու համար պատրաստ են բնաջնջել ամբողջ աշխարհը՝ որպես խոչընդոտ: Երկու բյուրեղյա հոգի, որոնք սիրուց բացի ոչինչ չգիտեն եւ այլեւս չեն իմանա, քանի կան միմյանց համար: Չսերը նույն երկուսն են, որոնք բառացիորեն նույն գործիքներով նախապատրաստեն ոչնչացնել միմյանց: Սիրո մեջ երկու հոգին ամբողջ աշխարհն է, չսիրո մեջ միայն այդ երկուսն են, որոնց ոչնչացումով կերեւակվի մնացած աշխարհը, իսկ մինչ այդ ոչինչ չկա:
   

Չսերը ողբերգություն է, դա նույնիսկ ավելին է, քան արդեն իրար չսիրելը: Որովհետեւ արդեն չսիրելը դեռ կամուրջներ կործանել չէ, չսերը բեւեռների հակառակ ձգողականությունն է, երբ նույնիսկ ձգողականության բացակայությունն արդեն բախում է: Չսերն անհնար է առանց երբեւէ եղած բռնկուն սիրո: Այն նույն իդեալական սերն է հակառակ բեւեռում: Նրա մեջ կացին կա, ահա ինչու Զվյագինցեւի համանուն ֆիլմում այն չէր կարող չավարտվել տղայի մահով (ֆիլմում մահը չկա, այլ սոսկ` անհետացումը), որովհետեւ չսիրո մեջ երկուսն զբաղված են միայն իրարով: Ամբողջ Տիեզերքն է երկրորդական այդ ատելության մոտ: Դա փախուստն է մի տարածության մեջ, որտեղ իրարից հեռու լինելու ոչ մի տարբերակ չկա, եւ դա չսիրո «հացերից» մեկն է: Չսերը սնվում է հենց այն տարածությունից, որտեղ գծված են փախուստի բոլոր ուղիները, մինչդեռ փախչելու ոչ մի տարբերակ չկա: Իր «գաղափարախոսական» հենակետը փախչել չկարողանալն է:
   

Չսիրո մեջ ամբողջ բացասական բեւեռն արտահայտվում է կատարյալ զգացումներով, որոնք կարող էին ոչնչացնել ամբողջ աշխարհը: Միմյանց հանդեպ այդպիսի ոչնչացումով են լցված Ֆյոդոր եւ Դմիտրի Կարամազովները: Անհնար է, որ մահ չենթադրի չսերը: Այստեղ էլ նա «հարազատ» է իսկական սիրուն, որը սպանում է: Համաշխարհային գրականության մեջ մի կերպար կա, որ ինքն իրենով միայնակ մարմնավորում է էդ չսերը, կարծես կարիքը չունի նրա, որին ինքն ուղղակի տանել չի կարող: Մորավիայի «Արհամարհանքի» հերոսուհին է։
   

Չսիրել մարդուն՝ դեռ ոչինչ չի նշանակում, հարկ է, որ այդ մարդն իր սոսկ գոյությամբ քո մեջ հասունացնի «ատոմային ռումբը», որը կհերիքեր ամբողջ աշխարհը փոշիացնելուն: Ֆոկուսն այն է, որ այս երեւույթը երկուսին էլ աքցանում է մի Տիեզերքի մեջ, որքան էլ նրանք օր օրի միմյանցից հեռանան վայրկյանում տասնյակ հազար կիլոմետրերով: Այսինքն, նրանք երեւակայության, կրքի եւ ատելության ամբողջ ուժով միմյանց տանել չեն կարող, եւ հենց դա ուժեղացնում է ներծծումը: Նրանց միջեւ կրակ կա, որ չես ասի ոչ մի բառով: Չսերը չսիրելը չէ, որովհետեւ այն արդեն ինքնուրույն կյանք ունի, մտնում է այլ հարաբերություններ, դրանցում թելադրում է սեր: Ինքն արդեն հաջորդ հարաբերության Սատանան է: Այսինքն, ինքն արդեն կա հաջորդ սիրո մեջ, որովհետեւ այդ պահից ի սկզբանե է: Չսիրո բնազդներով արդեն կառուցում ես մի նոր սեր, որտեղ նույնիսկ դիմացինի փռշտոցը քեզ կարող է փլուզել:
       

Նա, ով մեկ անգամ ճանաչում է չսերը, այլեւս սիրել չի կարող: Չսիրո զգացողությունը ծնվում է այն հողի վրա, որտեղ կարող էր սերը լինել: Այդ զգացողությունը միշտ այնտեղ է, որտեղ իր փոխարեն եղել է կամ կարող էր լինել սերը: Չսերն անհնար է, եթե մեկը դեռ մի քիչ սիրում է, այն հավատարմություն է ուզում միմյանց կործանված տեսնելուն: Սովորաբար սերը կա, երբ մյուսը չի սիրում: Նման դեպքում սրվում է սիրողի սերը: Չսիրո «պոեզիան» ուժեղ է հենց երկուսի սիրո բացակայությամբ: Սա Զվյագինցեւի հայտնագործությունն է: Մեկը, այո, կարող է չսիրո մեջ ապրել, բայց այստեղ մյուսի սիրո հանդեպ խղճի խայթ կամ մեղքի զգացում ունենալու վտանգը կա: Ի վերջո՝ չսիրողը կարող է ինքնասպան լինել այդ խղճի խայթից: Մինչդեռ նրան բալանս է պետք` մյուսի փոխադարձ չսերը, որպեսզի կարողանա խնամել սեփական «տիեզերական» ատելության փաստարկները: Մյուսը նրան անհրաժեշտ է փախուստի սեփական հենակներն ունենալու համար:

ՀԳ. Շնորհակալ եմ Անդրեյ Զվյագինցեւին, որն օգնեց ձեւակերպել:
 

Հեղինակ՝ գրող, լրագրող Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ