Ես ընդամենը 2 ժամ ունեմ

Ես ընդամենը 2 ժամ ունեմ

«Իմ քայլը» խմբակցություն-նախարարներ հանդիպումները գնալով կորցնում են իրենց հմայքը. «գորգի» վրա հրավիրված նախարարները նախ հենց սկզբից պայման են դնում, որ շատ-շատ 2 ժամ կարողանան հարցերին պատասխանել` «հանդիպում ունեն նշանակված», եւ ապա` հանդիպումներից` մամուլում հայտնվող «արտահոսքի» պատճառով սկսել են շատ զգույշ խոսել, ավելին` ասել բաներ, որոնք ոչ թե խմբակցության ականջի, այլ արտաքին լսարանի համար են:

ԵՊՀ-ի բուռն զարգացումների շեմին իմքայլականների «ձեռքում» հայտնված Արայիկ Հարությունյանն առավել քան զգուշավոր է եղել, ոմանց կարծիքով` անգամ «կաշկանդված». պատգամավորների մեծ մասը չի կարողացել իրեն հուզող հարցերն ուղղել, այնուհանդերձ` ԵՊՀ-ի շուրջ է ընթացել հիմնական խոսակցությունը. երբ պատգամավորները տրտնջացել են, որ չեն կարողանում իրենց հուզող հարցերն ուղղել, Արայիկ Հարությունյանը խոստացել է` «էլի կգամ, ձեր հարցերը հիշեք»: Ի դեպ, թեժ զրույց է ընթացել նաեւ ուսուցիչների աշխատավարձի թեմայով. պատգամավորներից Սարգիս Խանդյանը հարցրել է` ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ, ուսուցիչները պատրաստվում են գործադուլ անել առաջիկա շաբաթ:

Արայիկ Հարությունյանի պատասխանը շփոթեցրել է ներկաներից շատերին: Պարզվում է` ԿԳՆ-ն պատրաստվում է հարցը կարգավորել ատեստացիոն մեխանիզմների շնորհիվ՝ ուսուցիչները կամավոր ատեստացիա են անցնում, ով կարողացավ այդ «ծանր փորձությունը» հաղթահարել, կստանա շատ բարձր աշխատավարձ։ «Ի դեպ, այդ մոտեցումը շատ նման է Օրուելի «Անասնաֆերմային»՝ հավասար, բայց ոմանք՝ ավելի հավասար»,- ասաց «Իմ քայլի» մեր զրուցակիցը: