Մերժված հնի ու ռիսկային ներկայի պայմաններում կենսական է «Ավելի նոր Հայաստանի» գաղափարը

Մերժված հնի ու ռիսկային ներկայի պայմաններում կենսական է «Ավելի նոր Հայաստանի» գաղափարը

Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր» 
խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի 
հետ


- Պրն Հովհաննիսյան, Ձեր վերջին հոդվածում Դուք խոսում եք Հայաստանի չանցնող շոկի մասին, բայց չեք բացում փակագծերը։ Ի՞նչ նկատի ունեք։

- Այո, ես վերահաստատում եմ այդ ձեւակերպումը եւ դրա մեջ տեսնում եմ լրջագույն ռիսկեր։ Մեկ տարին բավարար ժամանակ էր՝ երկրում աշխատանքի եւ զարգացման մթնոլորտ ձեւավորելու համար. ավելին, այդ մեկ տարին նվիրված պետք է լիներ հենց այդ խնդիրը լուծելուն։ Իսկ եթե մթնոլորտը չի դառնում կայուն, զարգացման միտումներով, ուրեմն ինչ-որ կարեւոր բան սխալ է գնում։ Այդ շոկը խորքային է, այն կարելի է ձեւակերպել այսպիսի բանաձեւով. հները չեն հասկանում՝ ինչ կատարվեց, նորերը չեն հասկանում՝ ինչ անել, հասարակությունը չի հասկանում՝ ինչ է լինելու։ Դժվար չէ պատկերացնելը, թե ինչ ռիսկերով է հղի այս վիճակը։

- Չանցնող շոկն ի՞նքն է խնդիր, թե՞ դրա հետեւանքներն են վտանգավոր։

- Շոկն այն խոչընդոտն է, որը ճնշում է ռացիոնալ մտածելակերպը, սառը դատողությունները, հին ու նոր մարտահրավերները համարժեք գնահատելու կարողությունը։ Շոկը ե՛ւ հետեւանք է, ե՛ւ պատճառ։ Մեր պետությունն այսօր բաց է բոլոր վտանգավոր գաղափարների եւ բոլոր վտանգավոր զարգացումների համար։ Դրանց կրողները կարող են լինել թե՛ ներսից, թե՛ դրսից եւ թե՛ համատեղ։ Կարող է լինել դրանց «արդյունավետ համագործակցության» արդյունք։ Ի՞նչ ենք ստանում մենք արդյունքում՝ Արցախում ապակայունացման միտումներ, անցումային արդարադատության ու վեթթինգի ծրագրեր եւ այլն։ Սրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին կարող է երկրում քաոսի եւ աննկարագրելի սցենարների աղբյուր հանդիսանալ։ Մենք ունենք ինքնահռչակ ՍԴ նախագահ, վաղը կարող են հայտնվել նոր ինքնահռչակներ, որոնցից ամեն մեկը կկազմալուծի կոնկրետ ոլորտներ։ Այս ամենը մենք անում ենք մեր ձեռքերով ու սրանով լայն բացում ենք մեր պետության դարպասներն ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջ։ Այս պայմաններում խոսել առաջընթացի կամ թռիչքային զարգացման մասին՝ ուղղակի ժամավաճառություն է։

- Բայց իշխանությունը բերում է աճի ցուցանիշներ, խոսում է բարեփոխումների մասին, ազդարարում է տնտեսական հեղափոխություն։

- Դուք փորձեք խոսել իշխանության ներսում գտնվող, քիչ թե շատ իրավիճակը հասկացող, սթափ, գրագետ մարդկանց հետ ու լսեք նրա՛նց անհանգստությունները։ Թող նրա՛նք Ձեզ ասեն, թե ինչ է իրականում թաքնված այդ ներկայացվող թվերի ետեւում։ Ցավոք, իրականությունը եւ մեդիայով ներկայացվող պատկերն իրար հետ գրեթե կապ չունեն։ Այնինչ Հայաստանն իսկապես կարիք ունի խորքային բարեփոխումների։ Հայաստանը կարիք ունի փոփոխությունների մի ճանապարհային քարտեզի, որը կբերի պետության մոդեռնիզացիային՝ ժամանակակից պետության կայացմանը։ Ես սրա տակ հասկանում եմ տնտեսական մոդելը, հասարակական հարաբերությունների մոդելը, անվտանգության համակարգը եւ այլն։

Իսկ այսօր Հայաստանում որեւէ ոլորտում չկա բարեփոխում։ Ավելին. իշխանության մեջ չկա բարեփոխիչ։ Առանց անվանական բարեփոխիչի չի լինում ոլորտային բարեփոխում։ Չկա դրա կրողը որեւէ ոլորտում։ Բարեփոխիչը պարտադիր պետք է ունենա գրագիտություն եւ փորձ։ Նոր իշխանությունը, տեմպի տակ մերժելով նախկին ամեն ինչը, մի պահից գիտակցելու է (կամ արդեն գիտակցում է), որ ունի բանիմաց եւ փորձառու մարդկանց խիստ դեֆիցիտ։ Փորձը ձեռք է բերվում տարիների աշխատանքի արդյունքում։ Փողոցում ակցիաներ կազմակերպելիս պետական աշխատանքի փորձ ձեռք չի բերվում։ Այդ պատճառով էլ այսօր աշխատելու փոխարեն խոսում են։ Լայվը գերիշխող դիրք է գրավել աշխատանքի հանդեպ։

- Ձեր խոսքի մեջ նկատվում է անելանելիության որոշակի տարր։ Դուք խոսում եք խնդիրների մասին, բայց չեք նշում ելքերը։

- Իրականում իմ խոսքում ոչ թե անելանելիության միտում կա, այլ՝ ահազանգի։ Եթե դու չես գիտակցում ռիսկերը, խուսափում ես տեսնել վտանգները, դա չի նշանակում, որ այդ վտանգների վտանգավորությունը նվազում է։ Լրիվ հակառակը։ Ես ասում եմ՝ առկա են լուրջ խնդիրներ։ Ես ասում եմ նաեւ, որ ակնհայտ երեւում է այն «անտեսանելի ձեռքը», որը շահագրգիռ է Հայաստանում իրավիճակի ապակայունացման մեջ։ Իսկապես, ինչ-որ մի անտեսանելի ձեռք ներմուծում է վտանգավոր գաղափարներ, գեներացնում է վտանգավոր զարգացումներ, կոորդինացնում է դրանք կրող մարդկանց։ Սրա դեմը պետք է առնել։

Սրա հետեւանքները շատ ծանր կարող են լինել։ Եթե ապակայունացման եւ ներքին թշնամանքի, ճնշող անորոշության, համապետական անաշխատունակության պրոցեսը շարունակեց թափ առնել, ապա չի լինելու այն սահմանը, որտեղ այն կանգ կառնի։ Այն կարող է անվերջ քայքայել պետությունը։ Եվ ասեմ, որ այսօրվա իշխանությունը պետք է շատ զգուշանա այս խորացող ապակայունացումից, քանի որ եթե ինքն այսօր ինչ-որ թվացյալ քաղաքական դիվիդենտներ է շահում, վաղն այդ հետեւանքների թիվ մեկ կրողը եւ ամենածանր տուժողը հենց ինքն է լինելու։ Կարեւոր է, որ իշխանությունը չկորցնի սթափությունը եւ շոշափի այն շեմը, որից այն կողմ անցնել չի կարելի։

- Վերջին հարցը՝ ո՞րն է ելքը։

- Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական մտքի, նոր քաղաքական օրակարգի։ Քաղաքական դաշտի վերակենդանացումը հրամայական է։ Իմ խորին համոզմամբ՝ քաղաքական դաշտի վերածնունդը, քաղաքական մտքի գեներացիան պետք է կառուցվեն «Ավելի նոր Հայաստանի» գաղափարի վրա։ Ավելի նոր Հայաստանն է նոր հանրային մտքի տեսլականը։ Մերժված հնի ու խիստ անորոշ, ռիսկային ներկայի պայմաններում կենսական անհրաժեշտություն է «Ավելի նոր Հայաստանի» գաղափարի ուժեղացումը, որը ենթադրում է պետության մոդեռնիզացիա, գրագետ կառավարում, ներքին համերաշխություն։ Սրանք այն պարզ, հստակ սկզբունքներն են, որոնք թույլ կտան համախմբել ռեսուրսները, ճիշտ գնահատել ռիսկերը եւ պետությունը դնել զարգացման ուղու վրա։