«Հրապարակ». Ամոթ է, Ադրբեջանն այն պետությունը չէ, որից կարելի է վախենալ

«Հրապարակ». Ամոթ է, Ադրբեջանն այն պետությունը չէ, որից կարելի է վախենալ

Փետրվարի 13-ը ցավալի լուրով բացվեց։ Ադրբեջանի հետ սահմանակից Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հայկական դիրքերը հսկող 4 զինծառայող զոհվեց՝ թշնամու դիպուկահարի կրակից։ Մինչ հանրությունը սգում է խաղաղ պայմաններում մարդկային նոր կորուստները, իշխանությունը հայտարարում է՝ դեռ պետք է պարզեն, թե ով է սկսել կրակել։ Այսինքն, ուղիղ ասում են՝ եթե առաջինը կրակել է հայ զինվորը, ուրեմն կպատժվի։

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ երեկ ասաց՝ կամավորականները դիրքապահ ծառայություն են իրականացրել, ինչ-որ իրավիճակ է առաջացել, տեղի են ունեցել կրակոցներ, իսկ ինչքանով է կրակոցն անհրաժեշտ եղել, թե ոչ, ծառայողական քննությունը կտա հարցի պատասխանը։ Երեկ նույնաբովանդակ մի հայտարարություն էր տարածել ՊՆ-ն, երբ ադրբեջանական կողմը հայտարարում էր, թե հայկական զինված ուժերն են կրակ բացել։ Այլ կերպ ասած՝ թշնամու վրա չկրակելու հրահանգ տված իշխանավորները զայրացած են։ Ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը շեշտում է՝ հայրենիքը պաշտպանող, փրկող զինվորը ոչ մի օրենքի առաջ պատասխանատու չէ։ 

«Ադրբեջանցիները բազմիցս գնդակոծել են մեր դիրքերը, ու միշտ մեղադրել են մեր զինվորներին։ Հիմա էլ մերոնք մեղավոր չեն, բայց քանի որ իշխանությունն ընտրել է պարտվողական քաղաքականություն, կարող է նույնիսկ դատեն զինվորին, սպառնան, ստորացնեն, ոչնչացնեն։ Փորձեցի ճշտել, թե ովքեր են մեղավոր Նոր Հանդի դեպքերի մեջ, բայց քանի որ մեր աղբյուրները հիմնականում իշխանական են, ասում են՝ մեղավորը մենք ենք, ադրբեջանցիները լավն են։ Սրանք չեն հասկանում, որ ամբողջ մի ազգի ողնաշար են կոտրում ու ստորացնում»,- նշեց ազատամարտիկը։ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը՝ Փաշինյանի հայտարարած «խաղաղության» ճանապարհին, զինվորականի խոսքով, ուղղակի ծիծաղելի է։

«Ադրբեջանի այս վերաբերմունքը հայկական կողմի վախերի հետեւանքն է։ Ալիեւին հաջողվել է փողով առնել մեր շրջանները, եւ շարունակաբար ստորացնում է։ Սրանք մոռացել են, թե ոնց էին «մամա» գոռալով փախնում մինչեւ Գանձակ։ Եթե մենք առաջին նախագահի ու նրա թիմի պարտվողական իշխանությունը չունենայինք, այսօր Արցախը չէր հանձնվի Ադրբեջանին։ Ամոթ է, Ադրբեջանն այն պետությունը չէ, որից կարելի է վախենալ։ Սրանք մեզ սպառնում են, բայց, հասկացեք, ոչինչ էլ չեն կարող անել։ Ալիեւը վախենում է, որ Հայաստանի ղեկին մի ուժեղ ղեկավար չհայտնվի, նա ռեւանշից վախենում է։ Մենք կարող ենք փոքրիկ ռեւանշ անել, հեչ պետք չի, որ Գանձակը գրավենք։ Երբ մեր հողակտորները հետ բերենք, Ադրբեջանը կհասկանա, որ չի կարելի հայերի հետ կռվել։ Ալիեւը շտապում է, քանի որ համաշխարհային քաղաքականությունն է փոխվում։ Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ կլինի, իրենք ինչ դիրքում կլինեն։ Արտաքին ուժերի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի՝ տարածաշրջանում ունեցած դիրքից է կախված նաեւ մեր հետագա կարգավիճակը»,- ընդգծեց նա։ 

- Հայաստանի իշխանությունը, ըստ Ձեզ, ունի՞ որեւէ հայամետ ծրագիր, որով առաջնորդվում է, վաղվա քայլը պլանավորում եւ այլն։

- Իհարկե, ունի ծրագիր, այն է՝ այնպես ծնկի բերել Հայաստանը, որ չկարողանա մեր ազգը ոտքի կանգնել։ Ուժեղն այն մարդը չէ, որ չի ընկնում, այլ այն մարդը, որ ընկնում, հետո ոտքի է կանգնում։ Մեզ արհեստական ներքեւ են գցել ու խանգարում են ոտքի կանգնել։ Եթե ուզում են ապրել ազերների հետ, թող գնան Ադրբեջան, մենք նրանց վիզա կտանք։ Սա մեր հայրենիքն է, եւ մենք պարտավոր ենք ատամներով պահել այն։ Հայրենիքի փրկության գործի ժամանակ ոչ մեկը պատասխանատու չէ օրենքի առաջ։ 

- Ինչպե՞ս պետք է ոտքի կանգնենք, եթե պետության ղեկավարությունը չի վարում հայրենիքի համար կռիվ տալու քաղաքականություն։

- Առաջին հերթին պիտի իշխանություն փոխվի, գան առաքինի, փորձված մարդիկ, որոնք կյանք են ապրել եւ այնպիսի սրիկայություն չեն արել, որ ներել չլինի։ Հարկավոր է հավաքել մարդկանց, ես չեմ ասում՝ «հրեշտակների», իսկական Հայաստանի քաղաքացիներ լինեն, որոնք գիտակցում են, որ իրենց թափանը լցնելու համար երեխաների ճակատագրի վրա քար չի կարելի գցել, ոչնչանալ, ստորանալ։ 

- Որպես պետության, հայրենիքի համար ծառայած, բոլոր պատերազմներին մասնակցած տղամարդ՝ ի՞նչ կոչ կանեք զինվորականներին։

- Հայաստանը, հայ ազգը անմշակ տախտակ է, որից ամեն ինչ կարող ես պատրաստել՝ կացնի պոչ, դագաղ, կահույք։ Կախված է նրանից, թե երկրի ղեկավարն ինչ է ուզում ստանալ այդ տախտակից։ Չե՞ք տեսնում, որ էս իշխանավորներն իրենց ուզած ձեւով են կերտում մեր ժողովրդին։ Դրա համար նոր եկող մարդը պիտի լինի առաքինի եւ ուժեղ, հայրենասեր մարդ, որը կդաստիարակի այնպիսի քաղաքացու, որ քայլելիս ասի՝ ի՞նչ լավ բան անեմ իմ հայրենիքի համար, որ հանգիստ զգամ, լավ զգամ։ 

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Սա հայրենիք չէ, սա հայրենիքի մնացորդ է»։

- Ինքը սարքեց մնացորդ։ «Հայոց պատմություն» առարկան սարքում են «Հայաստանի պատմություն»։ Հայոց պատմություն է, երբ մեր մեծերը կերտում են այն աշխարհի տարբեր ծայրամասերում, օրինակ՝ Շառլ Ազնավուրը՝ Ֆրանսիայում։ Թուրքիան եւ Ադրբեջանն այնքան են իրենց պատմության մասին սուտ բաներ գրում, որ մարդիկ սկսում են հավատալ։ Հայաստանի պատմություն ասելիս կարող են գրել միայն ծնկի եկած այսօրվա ժողովրդի պատմությունը, ինչպես ազիկներն են ասում՝ Հայաստանը տարածաշրջան է եկել 19-րդ դարում, չեն ապրել այս հողի վրա, դա՛ պիտի գրեն իրենց ուզած գրքում։