«Հրապարակ». 2017 թվականից փորձում են «նստացնել» նախկին դատավորին, չի ստացվում 

«Հրապարակ». 2017 թվականից փորձում են «նստացնել» նախկին դատավորին, չի ստացվում 

Դատախազությունն օրերս հաղորդեց դատարանում տարած իր հաղթանակի մասին` Գեղարքունիքի մարզի դատավորներից մեկը 2 տարվա դատաքննության արդյունքում մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ եւ 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվել։ «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի հունվարի 9-ի դատավճռով մասնակի բավարարվել է դատախազության պահանջը (դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում)․․․ դատավորին մեղադրանք էր ներկայացվել այն հանցանքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը․․․ խարդախությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ մեղադրանքի, դատավորը գումարի դիմաց խոստացել է նոր երեւան եկած հանգամանքով հասնել դատական ակտի վերանայման, քաջ տեղյակ լինելով, որ դրա հիմքերը բացակայում են։ Մենք պարզեցինք, որ խոսքը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Աղվան Պետրոսյանի մասին է, որի նկատմամբ վարույթի մասին անցյալում մենք հրապարակումներ արել ենք։ Նրա վերաբերյալ երկու դատական գործ է եղել։ Մեկը հարուցվել է 2017 թվականին՝ Հատուկ քննչական ծառայության կողմից։ Ըստ քննիչների, Գեղարքունիքի մարզի դատարանում մի ամբողջ «հանցագործ խումբ» է գործել՝ դատարանի նախագահի, դատավոր Վանիկ Վարդանյանի, դատախազ Սեւակ Շհոյանի, կադաստրի, բերդի աշխատողների մասնակցությամբ։ Փաստորեն, խումբը բացահայտվել է, եւ գործը հարուցվել է նախկին իշխանության օրոք։ 

Դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանի փաստաբան Էդգար Արամյանը մեզ հայտնեց, որ այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել։ Փաստորեն, այս գործն արդեն 7 տարի է՝ ոչ մի կերպ չի հասնում դատավճռի։ Համաձայնեք` պարծենալու առանձնապես թեմա չկա։ Մյուս վարույթը, որով անցնում է դատավոր Պետրոսյանը, եւ որը դատարան է մտել 2021 թվականին, հաղորդագրության առարկան է։ Ըստ մեղադրանքի, Պետրոսյանը, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Մերուժան Միքայելյանի միջոցով, վերջինիս ազգական Սոնյա Մարգարյանից ուղղակի դիտավորությամբ` խարդախությամբ եւ նրա վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Ահա այս գործով է, որ դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Աղվան Պետրոսյանին։

ՀԳ․ Զարմանալի է, որ թեեւ կա դատավճիռ, թեեւ գործն ամբողջությամբ կարելի է կարդալ Դատալեքս համակարգում, սակայն դատախազությունը խուսափում է նշել դատավորի անուն-ազգանունը։ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը, կոծկելով նախկինների օրոք կատարված աշխատանքը, տարածել է կցկտուր, անհասկանալի մի տեքստ, թյուրիմացության մեջ գցելով լրագրողներին։ Իսկ երբ դիմում ես մամուլի պատասխանատու Արեւիկ Խաչատրյանին, որպեսզի գոնե ժամանակագրությունը պարզաբանեն կամ ասեն, թե ինչ կապ ունի 2017 թվականի գործը 2021 թվականին սկսված դատաքննության հետ, մերժում է։ Անգամ հրաժարվեց ճշտել, թե դատախազության տարածած հաղորդագրությունը Պետրոսյանի՞ն է վերաբերում, թե՞ նրա անունը գրելով` մենք անմեղության կանխավարկած ենք խախտում։ Մինչդեռ կարելի էր ընդամենը գրագետ հաղորդագրություն տարածել, առանց երկիմաստությունների եւ դատավորի հաշվին փիառվելու։ Ի դեպ, դատախազության հաղորդագրությունները վերածվել են մի քանի անհայտով ռեբուսների, որոնք ստիպված ենք լինում վերծանել։