Մխիթար Հայրապետյանը հեղափոխական նշանակություն է ունեցել հեղափոխության ժամանակ

Մխիթար Հայրապետյանը հեղափոխական նշանակություն է ունեցել հեղափոխության ժամանակ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ով հայտնի է որպես Մխիթար Հայրապետյանի կուրսեցի, ոչ վաղ անցյալում ղեկավարել է կուսակցություն՝ «Ժողովրդավարական Հայաստան» անվանումով, որի անդամ են եղել իշխանության այսօրվա ներկայացուցիչներից շատերը՝ Մխիթար Հայրապետյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը եւ այլք։ Ավելին, տարիներ առաջ մամուլի ասուլիս տալով՝ նրանք չէին բացառել, որ կարող են աջակցել ՀՀԿ նախագահի թեկնածուին՝ համարելով, որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային շահին համապատասխան։ «Ամեն ինչ պարզ կդառնա համագումարից հետո, սակայն տեսականորեն բոլոր քաղաքական ուժերի հետ էլ կարող ենք համագործակցել, քանի որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային պետական շահին համապատասխան. համենայնդեպս՝ այդպես գրված է նրանց ծրագրերում»,- ասել էր Մխիթար Հայրապետյանը։ Թե ինչպես հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի կողքին եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Վաղարշակ Հակոբյանի հետ։

- Ինչպե՞ս ստացվեց, որ  հրաժարվեցիք Ձեր կուսակցությունից ու հանգրվանեցիք ՔՊ-ում։

- Այո, տարիներ առաջ ես, Մխիթար Հայրապետյանը, Տրդատ Սարգսյանը եւ հասարակական դաշտում տարբեր գործունեություն ծավալող անհատներ հավաքվել էինք միեւնույն գաղափարի շուրջ։ Այո, որոշ մարդիկ վերջերս փորձեցին շահարկել մոտավորապես այսպես․ «Վաղոն ու Մխոն, երբ Սերժ Սարգսյանը նրանց համար դեռ հեղինակություն էր․․․»։ Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

- Բայց համացանցում տեսանյութեր հայտնվեցին, որտեղ Դուք եւ Մխիթար Հայրապետյանն ասում եք, որ չեք բացառում ՀՀԿ-ի թեկնածուին աջակցությունը, քանի որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային պետական շահին համապատասխան։ Իհարկե, Սերժ Սարգսյանի անունը չեք տալիս, բայց բոլորը գիտեին, որ նա է լինելու։

- Սերժ Սարգսյանի անունը չի հնչել, այն ժամանակ դեռ նրա թեկնածությունը չէր առաջադրվել։
2012, թե 2013 թվականներին մի խումբ երիտասարդներով մենք փորձում էինք ազդեցություն ունենալ քաղաքական պրոցեսների վրա, եւ վերջնարդյունքում, կարծում եմ, դա մեզ հաջողվեց։

- Բայց ո՞ր պրոցեսների վրա էիք ուզում ազդեցություն ունենալ, եթե չէիք բացառում ՀՀԿ-ի թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին աջակցելու հեռանկարը։

- Ես կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանի անունը չի հոլովվել, պրոցեսները նոր պետք է սկսվեին։

- Ամեն դեպքում, դուք ՀՀԿ-ի թեկնածուին պատրաստ էիք աջակցել։

- Ոչ, ոչ, որոշված կոնկրետ բան չկար․․․ Մեր որոշումը կայացվեց այնպես, որ բոլորն իմացան, մեր կազմակերպության որոշ մասը միացավ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր» շարժմանը, որից հետո՝ 2015-ին, մեր տղաները կանգնած էին ՔՊ-ի ստեղծման ակունքներում։ Ես մի քիչ ավելի ուշ միացա նոր ձեւավորվող կուսակցությանը, քանի որ մի որոշ ընթացք զբաղվում էի գիտությամբ, սովորում էի ասպիրանտուրայում եւ զբաղված էի ատենախոսություն գրելով, եւ մենք բոլորս միասին ենք, աշխատում ենք միեւնույն կուսակցության շարքերում, միեւնույն թիմում եւ փորձում ենք մեր ամենօրյա աշխատանքներով ինպաստ բերել մեր երկրին։

- Դուք միայնակ չկարողացա՞ք ճանապարհ հարթել, այն ժամանակ խոշորներին էլ պետք չեկաք, դրա համար կցվեցիք Նիկոլ Փաշինյանին։

- Նախ՝ ես միայնակ չէի, մենք թիմով էինք ու թիմի թիմային որոշմամբ մենք միացանք այդ շարժմանը, որը կոչվում էր «Քաղաքացիական պայմանագիր»։ Դուք տեղյա՞կ եք, որ Մխիթար Հայրապետյանն իսկապես հեղափոխական նշանակություն ունեցավ հեղափոխության գործընթացում։ 

- Մինչեւ Նիկոլ Փաշինյանին միանալը կարծես թե այլ պատկերացումներ ունեիք քաղաքական դաշտի մասին, ինչո՞ւ միանգամից փոխեցիք ճամբարը, գնացիք արմատական ընդդիմության դաշտ։

- Ես չեմ համարում, որ մենք ճամբարափոխ ենք եղել։ Մենք ամբողջ թիմով ենք որոշում կայացրել, մենք եղել ենք ՔՊ-ի ստեղծման ակունքներում։

- Ձեզ առավելապես ճանաչում են որպես Մխիթար Հայրապետյանի կուրսեցի, ում շնորհիվ խորհրդարանում եք հայտնվել։

- Մխիթար Հայրապետյանը, այո, իմ համակուրսեցին է, իմ ընկերն է, գաղափարային ընկերը, մենք քաղաքական ճանապարհ ենք անցնում դեռեւս 2011 թվականից, երբ հիմնադրել ենք «Երիտասարդ քաղաքական գործիչներ ասոցիացիա» կազմակերպությունը։ Ես ինչու նշեցի Մխիթար Հայրապետյանի հեղափոխական նշանակությունը հեղափոխության մեջ, որովհետեւ դա անհերքելի իրականություն է, ես միմիայն հպարտ եմ, որ ունեմ նման ընկեր, որը կարողացել է նման ճանապարհային քարտեզ ներկայացնել սերժաքոչարյանական խունտայից մեր երկիրն ազատելու համար։ Քայլարշավի գաղափարն իրենն էր, եւ ամեն ինչ սկսվեց քայլարշավից, եւ Մխիթար Հայրապետյանն իր ներկայությունը հեղափոխության ամբողջ ընթացքում զիլ կերպով ապացուցեց։

- Իսկ մենք գիտեինք, թե Նիկոլ Փաշինյանի գործոնն է մեծ դեր խաղացել, փաստորեն՝ Մխիթար Հայրապետյանն է ամեն ինչ արել։

- Ես նման բան չեմ ասում, բայց կան իրողություններ, որ Մխիթար Հայրապետյանն է քայլարշավի ճանապարհային քարտեզը ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանն այն անհատն է, այն լիդերը, որը կարողացավ գլխավորել համաժողովրդական շարժումը, Նիկոլ Փաշինյանը սպասված քաղաքական գործիչ էր ամբողջ հայության կողմից։

Եվ նրա պարկեշտությունն ու քաղաքական հոտառությունը բերեց նրան, որ ամբողջ թիմը, այդ թվում՝ Մխիթար Հայրապետյանը, ես եւ մյուսները հաջողենք։ Ես եւ Մխիթար Հայրապետյանն այսօր ԱԺ-ում ենք եւ աշխատում ենք, շատ հաճախ գործում ենք միասին, միասին քննարկում ամենատարբեր հարցերը՝ հանգելով միասին որոշումների, եւ ես միայն ուրախ եմ, որ ունեմ նման ընկեր ԱԺ-ում, եւ դա մեծ ձեռքբերում է։ Բայց պետք է նշեմ, որ պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային կարգով, ոչ թե Մխիթար Հայրապետյանի միջնորդության շնորհիվ․ ես համամասնական ցուցակում վերջից երրորդն էի՝ 179-րդ տեղում։ Երեւի թե Դուք ինձ չեք ճանաչել։ Ես իմ գործունեությունը սկսել եմ Կոտայքից՝ բավական վաղ տարիքից, ապրել եմ Ծաղկաձորում, հիմա նույնպես շատ հաճախ լինում եմ այնտեղ եւ ապրում։ Ես ունեի անհրաժեշտ չափով ձայներ, որ հավաքեի ու հաղթեի, ես դա գիտեի ու այդ պատճառով առաջադրվեցի Կոտայքում։
Մենք ունենք իրողություն, որ «Իմ քայլը» դաշինքը 88 հոգով ներկայացված է Հայաստանի պառլամենտում, եւ մենք պետք է հաշվի նստենք այդ իրողության հետ, ու խորհուրդ կտամ, որ մեր գործընկերները շեշտադրում չանեն նման ասպեկտների վրա, 88 հոգուց 44-ն անցել է ցուցակով, մյուս կեսը՝ ռեյտինգայինով, որտեղ միանշանակ դեր են խաղում մարդու արժանիքները։

- Ո՞ր մարդու՝ Փաշինյանի՞, թե՞ տվյալ թեկնածուի։

- Ե՛վ պարոն Փաշինյանի, ե՛ւ տվյալ թեկնածուի, 9-10 թեկնածուներից ընդամենը 2-3 կամ առավելագույնը չորսն ընտրվեցին մեկ ընտրատարածքից, եւ պետք է գնահատենք այն մարդկանց աշխատանքը, ովքեր ռեյտինգային պայքարի արդյունքում հավաքել են առավելագույն ձայներ ու հայտնվել խորհրդարանում։

- Ի դեպ, Կոտայքում՝ Աբովյանում, ձեր կուսակցության պարտությունն ինչպե՞ս կգնահատեք։

- Ես նախ ուզում եմ շնորհավորել ԲՀԿ-ի մեր գործընկերներին, որովհետեւ ԲՀԿ-ն  բավականին օժանդակություն ցույց տվեց Վահագն Գեւորգյանին, ես այս հաղթանակը վերագրում եմ ԲՀԿ-ին։ Պետք է ասեմ նաեւ, որ սրանք հեղափոխական եւ առաջ քայլ ընտրություններ էին։

- Խորհրդարանական ընտրություններին Աբովյանում ձեր թիմը հաղթել էր, իսկ ամիսներ անց պարտվեց։

- Հեղափոխական ամենաթեժ կիզակետում, երբ տեղի էին ունենում Կապանի ընտրությունները, ՔՊ թեկնածուն եւս պարտություն կրեց․ սա քաղաքական իշխանության ձեռքբերումն է նաեւ հոգեբանական իմաստով, երբ դու բացարձակ մոնոպոլիայի չես գնում։