Իմ վրա ոչ մեկ չի կարա ճնշում գործադրի․ վարչապետի այցի «զոհը»
Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 զննման բաժնի տեսուչ Հայկ Մարտիրոսյանը՝ վարչապետի երեկվա այցի «հերոսը», այս պահին աշխատանքից դուրս գալու դիմում է գրում։ Այդ մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հայկ Մարտիրոսյանը։ Մինչդեռ մենք տեղեկություն ունեինք, որ Հայկն ասել է, որ չի պատրաստվում դիմում գրել։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր Արարատյան մաքսատուն-վարչություն, որը հայտնի է որպես Նորագավիթի ավտոմաքսատուն, որտեղ նրան զայրացրել էր սենյակներից մեկի անկյունում ընկած ՀՀ դրոշը։ Տեսնելով դա՝ վարչապետը զայրացել էր այդ սենյակում գտնվող մաքսային ծառայողի վրա, որը Հայկ Մարտիրոսյանն էր, ու հրամայել․ «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ»։
- Հայկ, մենք իմացանք, որ Դուք հրաժարվել եք դիմում գրել, ճի՞շտ է։
- Ես հեսա գնում եմ դիմում գրեմ, ինքնակամ դուրս գամ։
- Ինչո՞ւ որոշեցիք այդպես անել։
- Հիմա էնքան անհասկանալի վիճակ ա, որ ես ինքնակամ որոշել եմ դուրս գամ։
- Ինչ-որ ճնշո՞ւմ են գործադրել Ձեզ վրա, պարտադրե՞լ են, որ դիմում գրեք։
- Ոչ, ոչ, իմ վրա ոչ մեկ չի կարա ճնշում գործադրի։ Դա իմ որոշումն ա։
- Իսկ միայն Դո՞ւք եք դիմում գրելու-դուրս գաք, թե՞ բաժնի այլ աշխատակիցներ ևս։
- Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ։
- Վարչապետի հեռանալուց հետո Ձեզ հետ որևէ խոսակցություն եղե՞լ է, ձեր բաժնի ղեկավարը կամ ՊԵԿ ղեկավարությունից Ձեզ որևէ բան ասե՞լ են։
- Ոչ, որևէ հատուկ խոսակցություն՝ որպես այդպիսին, չի եղել։
- Իսկ գիտե՞ք, որ «Մաքսային ծառայության մասին» օրենքով վարչապետն իրավունք չունի Ձեզ նման բան պարտադրելու։
- Ինչքան գիտեմ՝ Աշխատանքային օրենսգրքով ա դա կարգավորվում, ես ամեն ինչից տեղյակ եմ։
- Աշխատանքային օրենսգրքով վարչապետը կարող է պարտադրել մաքսային ծառայողին դիմում գրել-դո՞ւրս գալ։
- Չէ, պարտադրանքի մասին չի։ Դիմում գրելը, ես ինքնակամ որոշել եմ դիմում գրել, խնդիրը դրա մեջ է։
- Ո՞րն է պատճառը, որ որոշեցիք դիմում գրել, որովհետև վարչապետն ասաց՝ դիմումդ կգրես-կգնաս, դրա՞ համար։
- Ճիշտն ասած՝ բերեք չպատասխանեմ, էլի, էդ հարցերին։ Հազար անգամ կներեք, բայց ես աշխատում եմ էս խառը պահին զերծ մնալ ինչ-որ մի բանից։ Ես ուղղակի ինքնակամ դուրս եմ գալիս, ոչ մի ճնշում չի եղել ու չի կարող լինել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում։
Կարծիքներ