Արցախցիներին հատուկ պաշտպանության կարգավիճակ տրվեց, բայց Արցախի պետական ինստիտուտների պահպանման եւ արցախցիներին ՀՀ-ում պետական ծառայության ընդունելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն անում: Զրուցել ենք Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։
- Պարոն Բեգլարյան, արցախցիները, ՀՀ կառավարության որոշմամբ, ստացան հատուկ կարգավիճակ, սակայն մասնագետների եւ հենց արցախցիների կողմից այս որոշումը միանշանակ չի ընկալվել` նշում են, որ արցախցիներն ունեն այն անձնագրերը, որոնք ունեն ՀՀ քաղաքացիները, եւ նրանք չեն կարող ճանաչվել փախստական։ Այս կարգավիճակն ինչպե՞ս կմեկնաբանեք Դուք։
- Ես դեռ պետք է ամբողջությամբ ծանոթանամ այդ որոշմանը, հետո նոր կկարողանամ ամբողջական, համապարփակ կարծիք հայտնել։ Բայց ընդհանուր տպավորությունս ասեմ՝ մի կողմից, այո, մենք ունենք ՀՀ անձնագիր եւ քաղաքացիություն, մյուս կողմից՝ դա առանձնահատուկ փաստաթուղթ է, քանի որ անձնագրերում Արցախի Հանրապետության տարածքը հաշվառվել է ՀՀ անվան տակ, որը միջանկյալ լուծում է եղել 90-ականներից սկսած, որպեսզի Արցախի բնակչությունը հնարավորություն ունենա միջազգային ճամփորդությունների մեկնել։ Առաջնային նպատակը դա էր, որովհետեւ ներքին իրավունքների համար Արցախի անձնագիրը բավարար էր։ Հիմա մենք ունենք որոշ չափով իրարամերժ իրավիճակ․ մի կողմից՝ ունենք ՀՀ անձնագիր, մյուս կողմից` ՀՀ հաշվառում չունենալով, Արցախի քաղաքացիներ ենք համարվում, եւ քաղաքական խնդիր կա՝ Արցախի ժողովրդին միջազգային իրավական կարգավիճակ տալու, այն է` փախստականի կարգավիճակ, որը, բնականաբար, նախընտրելի տարբերակ է, որպեսզի հավաքական կարգավիճակ լինի` հավաքական իրավունքները եւ քաղաքական պայքարը փորձենք շարունակական պահել: Այս տեսանկյունից ես կարծում եմ, իր թերություններով հանդերձ, փախստականի կարգավիճակ տալը նախընտրելի տարբերակ է, քան մեզ դիտարկել ՀՀ քաղաքացի` միջազգային իրավունքի տեսանկյունից: Սակայն ես որքան տեղյակ եմ` յուրաքանչյուր արցախցի փախստականի կարգավիճակ ինքնաբերաբար ստանալուց հետո կարող է ցանկացած պահի դառնալ ՀՀ քաղաքացի: Ճանաչման հիմքով է դա արվում թե շնորհման. ես կարծում եմ` ճանաչման հիմքով ավելի օպտիմալ տարբերակ է, ավելի արագ: Եթե «Քաղաքացիության մասին» օրենքը նայեք, կհասկանաք տարբերությունը: Այստեղ հարցն այն է, թե փախստականի կարգավիճակով ինչ իրավունքներ եւ պարտավորություններ ունենք եւ դրանից հետո երբ դառնում ենք ՀՀ քաղաքացի, արդյո՞ք պահպանվում են փախստականի կարգավիճակից բխող իրավունքները, հատկապես` վերադարձի իրավունքը, փոխհատուցման իրավունքը, ՀՀ-ում լրացուցիչ այլ իրավունքները, այդ թվում՝ բնակարանային հնարավոր ծրագրերից օգտվելու եւ այլն։ Այս հարցերի պատասխանները ես չունեմ, այս հարցերի պատասխանները պետք է տան ՀՀ պատկան մարմինները, պատշաճ ներկայացնեն, որ Արցախի ժողովուրդն էլ հասկանա` ինչ է կատարվում։ Ի դեպ, Արցախի իշխանությունների, քաղաքացիական հասարակության կարծիքն այստեղ շատ կարեւոր է հաշվի առնել, որովհետեւ մենք ենք շահառուն, մենք ենք ներկայացուցչական քիչ թե շատ կարծիք ներկայացնում: Եվ մենք կկարողանանք այս տեսանկյունից նաեւ Արցախի ժողովրդի կարծիքը, շահերը ներկայացնել: Ցավոք, ես չեմ տեսել այդ ներառական գործընթացը, բայց հույս ունեմ, որ գոնե որոշումը հրապարակելուց հետո հնարավոր կլինի փորձագիտական քննարկումներ անել, պատշաճ կարծիքներ, առաջարկներ ներկայացնել, եւ իրենք հաշվի կառնեն ու կվերանայեն որոշումները։
- ՀՀ-ում քննարկում կա՝ վերաբացել Արցախի պետական համալսարանը, թանգարանները եւ այլն: Դուք տեղյա՞կ եք` ի՞նչ ճակատագիր է սպասվում այս կառույցներին, Արցախի պետական ինստիտուտներին։
- Ես՝ ինքս, կարծում եմ, որ Արցախի որոշ ինստիտուտներ, կառույցներ` կրթական, մշակութային, համայնքային, պետք է պահպանվեն հնարավորինս: Ասեմ, որ Արցախի Հանրապետության պետական մարմինները հիմնականում պետք է պահպանվեն, ինչի մասին ես գրել եմ հրապարակային, կարեւոր է, որ հնարավորինս շատ խորհրդանշական ինստիտուտներ պահպանվեն՝ Արցախի ժողովրդի հավաքական ինքնությունը եւ երկարաժամկետ քաղաքական պայքարը պահպանելու համար, լուծումները քիչ թե շատ երկրորդային եւ տեխնիկական են, պետք է դրա համար քաղաքական կամք լինի, բայց ես՝ ինքս, առայսօր չեմ տեսել ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական կամք` Արցախի Հանրապետության թե՛ պետական, թե՛ կրթական, մշակութային, համայնքային, սոցիալական ինստիտուտները՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ, պահպանելու հարցում։ Բայց դա չի նշանակում, որ մենք` արցախցիներս, եւ այս հարցում շահագրգռված մնացած հայերը որեւէ բան չունեն անելու։ Ես կարծում եմ, որ մենք ավելի դժվար, բայց որոշակի լուծումներ ունենք տալու, եւ այդ ուղղությամբ ես առավելագույնը կատարելու եմ: Ես ներգրավված եմ տարբեր քննարկումներում, նախաձեռնություններում եւ աջակցելու եմ, որ մենք հասնենք այդ նպատակին։
- Կառավարության տարբեր ներկայացուցիչներ իրենց ելույթներում խուսափում են «Արցախ» բառը գործածելուց, երբեմն, երբ արտաբերում են, ներողություն են խնդրում, փոխում են «Լեռնային Ղարաբաղի»՝ պատճառաբանելով, թե դա միջազգային տերմինաբանության մեջ է մտնում։ Դուք այս մասին ի՞նչ կասեք` արդյոք արդարացի՞ են նրանց մեկնաբանությունները։
- Նայեք, դա, իհարկե, ինձ համար հաճելի չէ, բայց դա ավելի շատ խորհրդանշական տիրույթում է, քավ լիցի` թող չօգտագործեն «Արցախ», թող ասեն «Ղարաբաղ», որը նույնպես ընդունելի է, նաեւ՝ Արցախի Հանրապետության սահմանադրությամբ, բայց Արցախի ժողովրդի իրավունքների մասով հստակ քաղաքական օրակարգ ձեւավորեն եւ առաջ մղեն Ադրբեջանի հետ բանակցություններում եւ միջազգային տարբեր դերակատարների հետ աշխատանքներում, այդ թվում՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ու Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ապրելու համար անվտանգության միջազգային բարձր երաշխիքների եւ Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման, այդ թվում` ինքնորոշման իրավունքի երաշխավորման հստակ միջազգային երաշխիքների ուղղությամբ պետք է աշխատանք կատարել, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ եւ անվտանգ ու արժանապատիվ ապրել իր սեփական հայրենիքում: Ես կարծում եմ՝ սա պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում` հատկապես այս ամենից հետո: Հատկապես ՀՀ իշխանությունների մոտեցումների ռազմավարական ձախողման արդյունքում պետք է մոտեցումները հստակորեն վերանայվեն։ Այս տեսանկյունից ես էական չեմ համարում՝ «Արցա՞խ» կասեն, թե՞ «Լեռնային Ղարաբաղ», էականը բովանդակությունն է, որը ես չեմ տեսնում, ցավոք սրտի։