Քայլ առ քայլ

Քայլ առ քայլ

Իհարկե՝ լավ է, որ բանակում զինծառայողների սննդի կազմակերպման նոր կարգ է սահմանվել։ Վաղուց ժամանակն էր՝ սոված զինվորն ինչպե՞ս կարող է իր պարտքը կատարել հայրենիքի առաջ, եթե այդ հայրենիքը պատշաճ չի կատարում իր «պարտքը» նրանց առաջ՝ սննդի, հսգուստի, կացարանի, ջերմության ապահովման առումով։ Երեկ էլ արդարադատության նախարարությունն էր պրեսս-տուր կազմակերպել լրագրողների համար դեպի «Արմավիր» ՔԿՀ՝ ծանոթանալու սննդի նոր ծրագրին։ Սա էլ է հարկավոր ողջունել, քանզի 21-րդ դարում որեւէ մեկը քաղցած կամ թերի սնված չպետք է լինի։ Իսկ դատապարտյալը կամ կալանավորը պատիժը պետք է կրի քաղաքակիրթ պայմաններում։ Սովահարությամբ խոշտանգելն արգելված է միջազգային չափանիշներով, եւ հանցանք կատարած մարդու պատիժը պետք է լինի մեկուսացումը հասարակությունից, այլ ոչ թե ցուրտը, քաղցը, հիվանդությունը։ Երեկ մեր լրագրողը հիացած էր եկել «Արմավիր» ՔԿՀ-ից, որտեղ կարողացել էին ծանոթանալ նաեւ խցերին, գրադարանին, արհեստանոցին, զրուցել էին դատապարտյալների հետ։ Ու թեպետ կալանավայրում խոնավություն է եղել եւ տհաճ հոտ, սակայն, ընդհանուր առմամբ, պայմանները եղել են տանելի։

Բայց պետք է հաշվի առնել, որ «Արմավիրն» ամենանոր կալանավայրն է, կառուցվել եւ շահագործման է հանձնվել 2014-2015 թվականներին, ուստի այստեղ առկա պայմաններն ու մյուս կալանավայրերում տիրող վիճակն անհամեմատելի են։ Ասենք, «Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններ են, եւ սննդի նոր ծրագիրն էլ այնտեղ դեռ չի հասել։ Հուսանք, որ սա առաջին քայլն է, եւ հերթը նաեւ մյուս կալանավայրերին կհասնի։ Ասում են՝ պետության որակը երեւում է բանտերի ու բանակի նկատմամբ վերաբերմունքից։ Քաղաքակիրթ երկրներում մարդու համար մարդկային պայմաններ են ստեղծում՝ որտեղ ուզում է նա գտնվի։