Բողոքի ակցիա ԿԳՆ-ի դիմաց․ ԿԱԻ-ն լուծարվում է

 Բողոքի ակցիա ԿԳՆ-ի դիմաց․ ԿԱԻ-ն լուծարվում է

Կրթության ազգային ինստիտուտը, որն ըստ էության ԿԳՆ առանձին ստորաբաժանում է հանդիսանում, լուծարվում է։

Տևական ժամանակ առաջ ԿԳՆ-ից տեղեկացրել էին, որ Կրթության ազգային ինստիտուտի ներկա կարգավիճակը չի համապատասխանում այն առաքելությանը, որն այսուհետ ակնկալվելու է Կրթության ազգային ինստիտուտից՝ որպես կրթական ծրագրերի և ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգերի մշակման հարցերով զբաղվող ինստիտուցիոնալ կառույց:

Հայտնի է, որ դիտարկվում է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն հիմնադրամ դարձնելու տարբերակը։

ԿԱԻ-ի 25 աշխատակիցներ ԿԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել։

«Հրապարակի» հետ զրույցում ԿԱԻ արդեն նախկին աշխատակից Վարսենիկ Գյուլազյանը նշում է, իրականացվող փոփոխությամբ իրենք առանց աշխատանքի են մնում․ «Կենսաբան եմ, մանկավարժական գիտությունների թեկնածու եմ, բայց, փաստորեն, ստացվում է այնպես, որ այլևս աշխատանք չեմ ունենալու։ Ես չեմ հասկանում՝ էլ ինչ պետք է ունենամ, որ կարողանամ այս երկրում ապրեմ։ Հիմա 55 տարեկան եմ, ես ի՞նչ պիտի անեմ։ Ոչ մեկ շան տեղ չի դնում, բա եթե պիտի էս երկրի ավարտածին էլ շան տեղ չդնեք, էլ ի՞նչ կրթության մասին է խոսքը»։

Վարսենիկ Գյուլազյանի խոսքով, ԿԳՆ-ի՝ նման որոշում կայացնելու  պատճառաբանությունն  այն է, որ դասագիրքը լավը չէ, իրենք չեն համապատասխանում սահմանված չափանիշներին։

Կրթության ազգային ինստիտուտի մյուս նախկին աշխատակիցներից մեկն էլ՝ Կարինե Ավետիսյանը նշում է, որ նախարար Արայիկ Հարությունյանի  հետ երկու անգամ հանդիպում է տեղի ունեցել․ «Նախարարը հանդիպման ժամանակ նշեց, որ կառույցի լուծարման նպատակը հիմնադրամ ստեղծելն է, սակայն դեռ ոչ մի բան հայտնի չէ, որևէ հեռանկար չկա, իսկ մեզ ոչինչ չեն ասում։ Մենք էդ հեղափոխությանը մասնակցեցինք, որ հիմա նման իրավիճակո՞ւմ հայտնվենք»։

ԿԳՆ-ից տեղեկացրին, որ վաղը 14։30-ին նախարար Արայիկ Հարությունյանի և բողոքի ակցիային մասնակցող մարդկանց միջև նախարարությունում հանդիպում է տեղի ունենալու։