Դերասանների դար

Դերասանների դար

Օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ցավով ու ափսոսանքով խոսում էր այն մասին, որ ամաչում է դրսում ներկայացնել մեր ընտրությունների արդյունքները․ եվրոպացիները ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչպես կարող է ազգը համախմբված՝ 70-80 տոկոս ձայն տալ մեկ քաղաքական ուժի, անգամ եթե անչափ հիասթափված է նախկին իշխանություններից, եւ այս ընտրությունն ավելի շատ «ընդդեմ» է, քան «կողմ»։

Եվ իսկապես․ առողջ մտածող մարդիկ դեմ են մենաշնորհներ, գերհզոր ու անվերահսկելի իշխանություն ձեւավորելուն եւ գիտակցաբար ընտրում են նաեւ այլ ուժերի՝ հակակշիռներ ձեւավորելու, «մոնստր-կուսակցություններ» չունենալու համար։ Այս առումով՝ մեր բոլոր դժբախտությունների պատճառը հենց մեր ընտրության, մեր չկողմնորոշվելու մեջ է։ Մենք, որպես կանոն, մեր ձեռքով մեր գլխին փորձանք ենք բերում, հետո գերմարդկային ճիգեր գործադրելով՝ այդ փորձանքի դեմ սկսում պայքարել։

Բայց երբ հետեւում ես համաշխարհային պրոցեսներին եւ հատկապես այլ երկրներում ընթացող ընտրություններին ու դրանց արդյունքում իշխանության եկող ուժերին եւ անձանց, հասկանում ես, որ 21-րդ դարն անհեթեթ ընտրությունների, էմոցիոնալ որոշումների, խեղկատակներին իշխանության բերելու դար է, եւ «մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք»։

Ահա՝ Ուկրաինայի նման մեծ ու Եվրոպային մերձ պետությունում նախագահի ընտրություններ են ընթանում։ Ընտրություններ՝ վատի ու վատագույնի միջեւ։ Եթե մի մեծ պետություն կարող է իր համար վճռորոշ պահին սեղանին ունենալ մի Պորոշենկո, մի Տիմաշենկո, մի Զելենսկի ու էլի մի քանի անհասկանալի թեկնածուներ, իսկ երկրորդ փուլում կանգ առնել ընդամենը էկրաններից հայտնի դերասան, կոմիկ, շոումեն, «համակրելի տղա» Վլադիմիր Զելենսկու վրա, ի՞նչ ենք պահանջում մեր ժողովրդից։