Դա սուտ ա, խնդրում եմ ինձ հավատացեք. Սպիտակցի Հայկո

Դա սուտ ա, խնդրում եմ ինձ հավատացեք. Սպիտակցի Հայկո

Հայկարամ Ղեւոնդյանին՝ նույն ինքը հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:
Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Երգիչը իր մեղադրանքի վերաբերյալ «Հրապարակ»֊ի հարցին ի պատասխան ասաց. «Տենց բան չկա, սաղ սուտ բաներ ա, մի հավատացեք ոչ մի բանի։ Դա սուտ ա, էնքան որ կեղծիք ա։ Մեղադրանք չկա»։

Հարցին՝ Քննչական կոմիտեն խաբո՞ւմ է, Ղեւոնդյանը պատասխանեց. «Խնդրում եմ ինձ հավատացեք, Քննչական կոմիտեն չի ստում։ Հլը փորձաքննություններ են լինելու։ Ո՞նց կարամ ես մեղադրանքը ընդունեմ, ինձ չեն քննել հլը, դրան որ հասնի էն ժամանակ կզանգեք, ես սաղ կասեմ Ձեզ»։

ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին՝ 2018թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Լևոնի Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

Նախաքննության ընթացքում պայմանագրային զինծառայող Արայիկ Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Իսկ վրաերթի հետևանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրաանցման ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար մեղադրանք՝ Հ.Ղեւոնդյանին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: