Կարեն Կարապետյանը կդիմի դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի

Կարեն Կարապետյանը կդիմի դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի

Մենք երեկ գրել էինք, որ օրերս հանգուցալուծվել է Դավիթ Անանյան-Կարեն Կարապետյան կոնֆլիկտը՝ արհեստական ճանապարհով միավորելով երկու վարչություն:

Կարապետյանը ՊԵԿ օպերվարչության պետն էր, և ինչպես ինքն էր ասել Hraparak.am-ի հետ զրույցում, հուլիս ամսից ի վեր աշխատանքի չէր գնում, քանի որ Անանյանն արգելել էր նրա մուտքը ՊԵԿ, բայց աշխատավարձ ու պարգևավճար էր ստանում։ ՈՒ թեպետ Կարեն Կարապետյանը հրաժարվել էր իր չաշխատածի դիմաց փոխանցվող վարձատրությունից և պարբերաբար հետ էր ուղարկում իր աշխատավարձը, միևնույն է, ՊԵԿ-ից նորից այն փոխանցում էին նրա հաշվին։

Դավիթ Անանյանը, սակայն, չէր էլ կարողանում նրան ազատել պաշտոնից՝ չկարողանալով դրա պատճառն ու հիմնավորումը գտնել։ Ի վերջո, կառուցվածքային արհեստական փոփոխությամբ մի քանի օր առաջ նա վերջապես գտավ Կարապետյանից ազատվելու ձևը։

Անանյանը միավորեց երկու վարչություն իրար՝ ստեղծելով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, որի պետ նշանակեց  ՊԵԿ քննչական վարչության պետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ այդպիսով Կարեն Կարապետյանին դուրս թողնելով ՊԵԿ համակարգից ու փոխարենը որևէ այլ աշխատանք չառաջարկելով։

Կարեն Կարապետյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս հարցը այսպես չի թողնելու և սկսելու է դատական գործընթաց ընդդեմ ՊԵԿ-ի՝ վերականգնելու իր խախտված աշխատանքային իրավունքները։

«Ես ազատման հրամանը ստացել եմ երեկ՝ փետրվարի 14-ի ամսաթվով։ Սա, որքանով հասկանում եմ, հերթական ապօրինի քայլն է այս ամիսների ընթացքում իմ դեմ, այս տեխնոլոգիան ՊԵԿ-ում ընդունված տեխնոլոգիա է, որ մանցել է դեռ նախորդ իշխանություններից ու, ցավոք սրտի, մինչև հիմա դեռ պահպանվում է։  Էն գիտելիքներով զինված նորմալ կադրից որ չեն կարողանում ազատվել, երկու վարչություններ են միավորում արհեստականորեն, որի արդյունքում համարում են, որ հաստիքի կրճատում եղավ՝ մարդուն ազատելով աշխատանքից, այսինքն՝ կացնային տարբերակով ազատվում են մարդուց»,-ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ նույն կերպ վարվել են իր հետ։ 

Նրա խոսքով՝ ՊԵԿ հետաքննական վարչությունը, որը մոտ 27 աշխատակից ունի, միավորել են 220-հոգանոց վարչությանը, որից հետո նշանակում են այլ ղեկավար ու իրեն չեն էլ առաջարկում այլ պաշտոն զբաղեցնել։

Կարեն Կարապետյանն ասաց, որ ինքը հիմա պատրաստվում է օգտվել օրենքով ընձեռված բոլոր հնարավորություններից, որպեսզի պաշտպանի իր խախտված իրավունքները, այդ թվում՝ պատրաստվում է դիմել դատարան։

Ինչ վերաբերում է կոնֆլիկտի հանգուցալուծմանը, Կարապետյանն ասաց․ «Չեմ իմանում, թե հանգուցալուծում ասելով՝ ինչ նկատի ունեք, իրենց մասով հանգուցալուծվեց՝ ինձ ազատեցին աշխատանքից։ Իսկ մեր մասով՝ փաստաբանի հաղորդման հիման վրա ինձ հրավիրել են ԱԱԾ, ես և փաստաբանս հաղորդում ենք տվել հանցագործության մասին, ինչքան տեղյակ եմ՝ ինձ ծանուցվել է, որ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, և մի դրվագով էլ, որ ինձ չէր թողնում գնալ աշխատավայր, բայց ես աշխատավարձ էին ստանում, էդ մասով էլ հաղորդում է ուղարկվել գլխավոր դատախազին, բայց դեռ տեղեկություններ չունեմ՝ դրանով գործ հարուցվել է, թե ոչ»։

Նա նաև կարծիք հայտնեց, որ ՊԵԿ նորաստեղծ այս վարչությունը այս կառուցվածքով չի կարող ավելի արդյունավետ աշխատել տնտեսական հեղափոխության համար, սա արհեստական միավորում էր իրենից ազատվելու համար, և շատ մոտ ժամանակներում, ըստ իր կանխատեսման, այս վարչությունը կվերադառնա իր նախկին տեսքին։