«Հրապարակ». Հանրային լողափերն անմխիթար վիճակում են, կրկին մրցույթ կհայտարարվի 

«Հրապարակ». Հանրային լողափերն անմխիթար վիճակում են, կրկին մրցույթ կհայտարարվի 

Շրջակա միջավայրի նախարարության «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, 5 հանրային լողափների բարեկարգում, կահավորում եւ սպասարկում իրականացնելու նպատակով, հունիսի 9-ին մրցույթ էր հայտարարել: Լողափերը գտնվում են Շողակաթ, Լճաշեն, Ծովագյուղ, Նորատուս եւ Ծովազարդ համայնքների վարչական տարածքներում: Ըստ սեւանցիների՝ նշված 5 լողափներում այնպիսի անմխիթար վիճակ է, որ տեղացիներն առանձնապես հետաքրքրված էլ չեն դրանցով: Մրցույթը կայանում է, եւ արդյունքում միայն Ծովագյուղի ու Լճաշենի վարչական տարածքներում գտնվող հանրային լողափերի համար են հայտեր ներկայացվում, մյուս 3 լողափների դեպքում առաջիկայում կրկին մրցույթ կհայտարարվի: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե ովքեր են մրցույթում հաղթող անձինք կամ կազմակերպությունները։ «Գրավոր ուղարկեք, կպատասխանենք»,- որոշ բյուրոկրատներից ընդօրինակած պատասխան տվեց տնօրենը: 

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սեւան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում գտնվող հանրային լողափի բարեկարգման, կահավորման եւ սպասարկման պայմանագիրը կնքվել է Երեւան քաղաքի բնակիչ Իլոնա Հարությունյանի հետ: «Լողափի բարեկարգման, կահավորման եւ սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողն ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից: Ծովագյուղի վարչական տարածքում գտնվող հանրային լողափի համար պայմանագիր կնքվել է Վրեժ-Տոնի Հարությունյանի հետ»: 

Մեր տեղեկություններով՝ Ծովագյուղի վարչական տարածքում գտնվող հանրային լողափի բարեկարգում, կահավորում եւ սպասարկում իրականացնող Վրեժ-Տոնի Հարությունյանը երկար տարիներ ապրում է Ռուսաստանում, ունի բիզնեսներ: Հիշեցնենք, որ հանրային լողափերից 3-ի սպասարկումն իրականացնում է «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ն: Սա այն ընկերությունն է, որի սեփականատերը ձեռք է բերել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը եւ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի դղյակը։

Սեւանցիները մեզ պատմեցին, որ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող հանրային լողափերից մեկը, որ գտնվում է Սեւանի թերակղզու հարեւանությամբ, ընկերությունը որոշել է տալ վարձակալության: Շուտով Սեւանա լճում մեկնարկելու է լողասեզոնի բացումը։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության եւ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի՝ հանրային 3 լողափերում հանգստացողների համար կմատուցվեն անվճար տարբեր ծառայություններ՝ փրկարար ծառայություն, բուժսպասարկում, մարզական ու մանկական խաղահրապարակներ կգործեն, ավտոկայանատեղի, հանդերձարաններ, լողաթախտեր, հովանոցներ, նստարաններ կտրամադրվեն։ Լողասեզոնը բացելուն պես կհասկանանք՝ հանրային լողափերը հանրության համա՞ր են նախատեսված, թե՞ ինչ-որ անհատի բիզնեսի աղբյուր են, ով ձգտում է հնարավորինս շատ գումար աշխատել՝ քիչ փող ծախսելով: