Կորոնավիրուսային ուռճացված թվերով փորձել են քաղաքական երկու հարց լուծել

Կորոնավիրուսային ուռճացված թվերով փորձել են քաղաքական երկու հարց լուծել

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ անդրադառնալով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի այն  հայտարարությանը, որտեղ նա մեղադրում է ԱՀԿ-ին` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Հայաստանում COVID-19-ի հետեւանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալների ուռճացվածության մասին խոսելու համար։ Գրել էր, որ ԱՀԿ-ն մեզ մեղադրել է նրանում, որ կորոնավիրուսից մահերի թիվն ուռճացրել են՝ դրանում ներառելով պատերազմի զոհերի թիվը։
«Ուռճացված թվերի մասին խոսել է մեր առողջապահության նախարարությունը, որը մեղադրում է ԱՀԿ-ին, որ վերջինս ուռճացրել է մեր թվերը։ Բայց ԱՀԿ-ին որտեղի՞ց են այդ թվերը հասանելի դառնում, իհարկե՝ միայն մեր նախարարության, մեր հրապարակված թվերի միջոցով։

Այսինքն, այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ ԱՀԿ-ն մեր առողջական վիճակի մասին ունի ներքին տեղեկատվություն՝ իր ներքին ցանցի միջոցով, ինչը հստակ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, կենսաբանական անվտանգությանը, կա՛մ էլ մեր առողջապահության նախարարությունն է այդ թվերը հրապարակել եւ տվել ԱՀԿ-ին, ինչն ընդունելի է, որովհետեւ համավարակի պարագայում, այո, պետք է, որ բոլոր տվյալները կոնցենտրացվեն մի տեղ, եւ այդտեղից զեկույց գնար, հաշվարկներ գնային եւ այլն, եւ այլն։ Երկրորդ տարբերակը՝ որ մեր նախարարությունն է տվել, այսինքն՝ մեր նախարարությունը տվել է տվյալներ, որոնցից հիմա փորձում է, այսպես ասած, ձեռքերը լվանալ ու ասել, որ ԱՀԿ-ն է ուռճացրել մեզ մոտ առկա կորոնավիրուսի ավելցուկային մահացության թվերը։ Երկու տարբերակն էլ անընդունելի են, անկեղծ ասեմ։ Առողջապահության նախարարությունը մեղադրում է ԱՀԿ-ին կորոնավիրուսային թվերում տեխնիկական վրիպակի եւ սխալի մեջ»։

Գեւորգ Գրիգորյանի խոսքով՝ ստացվում է այնպես, որ նման տեխնիկական վրիպակն ու սխալը մեր գործող իշխանությունների համար երկու քաղաքական հարց են լուծել․ մեկը պատերազմի զոհերի թվի նվազեցումն է, իսկ մյուսը՝ քովիդից մահացած անձանց քանակական ավելացումը։
«Մի կողմից, նրանք իրենց գործած հանցանքը՝ պատերազմի հետ կապված, կոծկում են, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն են ունենում, որ բժիշկների քարոզչությունը եւ պատվաստման պարտադրանքը կարողանան արդարացնել։ Ինձ հետաքրքիր է՝ այն բժիշկները, ովքեր ակտիվ խոսում էին կորոնավիրուսի մահացության մասին, արդյոք տեղյա՞կ էին այդ տեխնիկական վրիպակից, եւ արդյոք դա իրենք հաշվի՞ են առնում իրենց ելույթները կամ իրենց արգումենտացիան պատրաստելու պարագայում»։

Մեր այն հարցին, թե ինչու է այս թեմայով գրված ստատուսը հեռացրել իր ֆեսբուքյան էջից, Գեւորգ Գրիգորյանն ասաց․ «Բազմաթիվ զանգեր ստացա, որ գաղափարների տարբերությամբ մարդիկ սկսում են մեկնաբանություններում միմյանց հետ կոնֆլիկտել։ Ես չեմ ուզում, որ հիմա հիմնական օրակարգից շեղվի մեր բնակչությունը։ Իսկ հիմնական օրակարգը հիմա դավաճանական իշխանության փոփոխությունն է եւ մեղավորների պատիժը»։

«Հաշվի առնելով, որ գործող իշխանությունը եւ դրա մաս կազմող առողջապահության նախարարությունը բազմաթիվ անգամ սուտ եւ կեղծիք են տարածել, բազմաթիվ անգամ իրենց տարածած տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը, բազմաթիվ անգամ նրանք այսպես հանդուգն ստել են եւ իրենց գիտելիքային մերկությունն են ցույց տվել, ես կարծում եմ, որ դա ավելի շատ իրենց իսկ արած աֆյորան է, որից հիմա փորձում են հրաժարվել եւ մեղավորությունը բարդել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով զբաղվող տեխնիկական խմբի վրա։ Իսկ հավատացած եղեք, որ ԱՀԿ-ում հիմար մարդիկ չեն աշխատում ու թվեր հաշվել կարողանում են, ի տարբերություն որոշ երկրների պատասխանատու կառույցների։ Եթե բոլորը, 2018 թվականի իշխանազավթումից սկսած, հետեւողական լինեին ստի ու կեղծիքի տարածմանը, կարող է մենք այսօր նման ողբալի վիճակ չունենայինք առողջապահական համակարգում, պաշտպանության համակարգում եւ անխտիր բոլոր համակարգերում, փոխարենն ունենայինք զարգացող երկիր։ Բայց ցավալի է փաստել դա՝ մեր երկրի իշխանությունը մոտակա 4 տարին պրոֆեսիոնալիզմից այնքան հեռու է, որքան ես ածխային արդյունաբերությունից։ Պետք է ընդունենք, որ հետեւողական չլինելու, փորձագետների լռելու, բժիշկներին վախեցնելու եւ այլ կոմպոնենտներից է բաղկացած այսօրվա այս իրավիճակը»։

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մայիսի 10-ին արված հայտարարությունը․

«ԱՀԿ-ի` Հայաստանում COVID-19-ի հետեւանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալներն ուռճացված են։ Առողջապահության նախարարությունը կդիմի կառույցին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետեւանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության: Պարզվել է, որ COVID-19-ի հետեւանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում ավելցուկային մահերի մեջ ներառվել են 44-օրյա պատերազմի հետեւանքով արձանագրված մահերը: Բացի այդ, 2020 եւ 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից: Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ եւ հրապարակված վերլուծության վերանայում»:

Մեզ չհաջողվեց կապվել առողջապահության նախարարի հետ։