Հասարակություն

Ընդդիմադիր հայացքների համար 34 տարվա ուսուցչին հեռացրել են դպրոցից

Ընդդիմադիր հայացքների համար 34 տարվա ուսուցչին հեռացրել են դպրոցից

Հրաչյա Մկրտչյանը, ով մոտ 34 տարի աշխատել է վաղարշապատի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում որպես դաշնակահար, դաշնամուրի ուսուցիչ և կոնցերտմեյստեր։

«Երաժշտական դպրոցը հիմնադրել է հայրս՝ Լևոն Գասպարի Մկրտչյանը, ով ունի մի շարք պարգևատրումներ ՀԽՍՀ կառավարության և ԽՍՀՄ մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցովայի կողմից պատվոգրեր։ Ինձ աշխատանքից ազատել են 2022 թվականի մայիսի 30-ից, որպես ազատման հիմք են ներկայացրել կրճատումը, ուրիշ ոչ մի հիմք չկա։ Ասացին, որ համայնքի խոշորացման հետ կապված կրճատվել ես։ Այսինքն, քաղաքապետարանը համայնքապետարանի է վերածվել, հաստիքը լուծարվել է, այսինքն՝ երբ քաղաքապետարանը համայնքապետարան է դարձել, քաղաքապետարանին պատկանող հիմնարկները լուծարվել են հաջորդ համակարգի մեջ, այդ պահին, ասենք, կրճատվում ես։ Մի քանի հոգու կրճատեցին, որոնցից մեկը ես էի»,- ասաց Մկրտչյանը։

Մկրտչյանին հարցրինք՝ կրճատվելուց հետո Դիանա Գասպարյանի հետ զրույց ունեցե՞լ է այդ թեմայով․ «Անձամբ իր հետ ոչ մի կոնտակտ չեն ունեցել, բայց Էջմիածնում բոլորը գիտեն և Հայաստանում գիտեն, որ այդ դպրոցը իմ հայրն է հիմնադրել, 1954 թվականից մինչև 1997 թվականը հայրս այդտեղ աշխատել է»։

Հրաչյա Մկրտչյանին հարցրինք, թե իր կարծիքով, ո՞րն է իր ազատման իրական պատճառը․ «Ինձ ասացին, որ ուղղակի համայնքապետարանը ազատել է, մենք դատարան դիմեցինք և անգամ դատարանում աշխատանքային խախտման ոչ մի դեպք չեն բերել։ Ասացին՝ համայնքապետարանը չի պարտավորվում վերականգնել այն մարդկանց, որոնց հետ որ ինքը գործ չի ունեցել։ Դիանա Գասպարյանի հետ հակասությունը այն է, որ ես ներկա վարչակազմին դեմ եմ, գործող տնօրենն էլ իրենց դրածոն է։ Այդքան բան, մանրամասնելու կարիք էլ չկա, որովհետև դա պարզ բան է»։

Այսինքն՝ ընդդիմադիր հայացքների համա՞ր են կրճատել՝ հարցրինք Մկրտչյանին․ «Այո, ես՝ ինքս, ազատական մտածողության տեր մարդ եմ։ Երբ որևէ հավաք է լինում, դա կլինի ընդդիմությունը, թե ուրիշ բան, ես կարող եմ ազատ գնալ և այնտեղ կանգնել, և, բնականաբար, անցանկալի հայացքների տեր մարդ ես դառնում իշխող ուժի համար»,- ասաց Մկրտչյանը
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image