«Հրապարակ». Ըստ Նիկոլի` չկա այլընտրանք, կա այլընտրանք` իր հեռացումն է

«Հրապարակ». Ըստ Նիկոլի` չկա այլընտրանք, կա այլընտրանք` իր հեռացումն է

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է Ալիեւի վերջին հոխորտանքներին, մասնավորապես ասելով. «Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որեւէ դրույթի կատարումից հրաժարվելու համար: Կրկնում ենք` Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, եւ պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես: Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջեւ սահմանազատման աշխատանքներն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին»: Մենք զրուցել ենք նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի եւ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ: 

Նաիրա Զոհրաբյան. «Նազելի Բաղդասարյանի հայտարարությունը կարդալիս մի անեկդոտ հիշեցի. ամուսինը կնոջը բռնում է դավաճանության ժամանակ, եւ այդ պահին սիրեկանը տան մեջ շրջանակ է գծում ու տան տղամարդուն ասում է` չհամարձակվես այդ շրջանակից դուրս գալ: Առավոտյան, երբ սիրեկաններն իրենց գործն ավարտում են, ամուսինը կնոջը սկսում է հերոսաբար պատմել, որ գիշերը երկու անգամ ոտքը շրջանակից դուրս է հանել: Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Ալիեւն ասում է, որ կա՛մ Հայաստանը կտա այն, ինչ պահանջում է Ադրբեջանը, կա՛մ իրենց ուզածը կվերցնեն պատերազմի միջոցով: Այս ամենը փաստում է այն մասին, որ Հայաստան պետություն այլեւս չկա: Չի կարող պետության ղեկավարը նման հայտարարություններ անել եւ ասել, որ չկա այլընտրանք, պետք է շարունակ տալ այն ամենը, ինչ ցանկանում է Ալիեւը: Ըստ Նիկոլի` չկա այլ տարբերակ, սակայն այլընտրանքն իր հեռացումն է: Նա հասարակությանն անընդհատ փորձում է վախեցնել՝ պնդելով, թե որ ուժերն էլ գան, միեւնույն է` պատերազմ է լինելու: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Հայաստանում կա պատերազմ բերող մեկ ուժ, դա «Քաղաքացիական պայմանագիրն» է: Քանի այդ կուսակցությունն իշխանության ղեկին է, ամեն օր զոհեր ենք ունենալու, ամեն օր կորուստներ ենք ունենալու: Հիմա Փաշինյանը մեկ խնդիր ունի՝ բռնել Արեւմուտքի օձիքից եւ ստիպել Ալիեւին` խեղդել, որպեսզի բերեն խաղաղության պայմանագիր կնքելուն: Ներեցեք այս բառի համար, որ ասեն «քյասթըմ» վերջ, սրանով ավարտվում է ամեն ինչ… Ալիեւը խաղաղության պայմանագիր չի կնքելու, քանի դեռ Հայաստանից չի ստացել այն ամենը, ինչ ցանկանում է: Կա երրորդ տարբերակ` այս իշխանությունները պետք է հեռանան: Սպասել, որ սրանք կամավոր կհեռանան, անգամ սյուրռեալիզմ եւ աբսուրդ էլ չէ, չի լինելու նման բան:  Պետք է Հայաստանում ձեւավորվի այն քաղաքական էլիտան, որը կկանգնեցնի այս մահաբեր ընթացքը: Մենք այլեւս ժամանակ չունենք»:

Արմեն Բաղդասարյան. «Եթե թշնամին մտել է քո տարածք, քեզ վրա կրակում է, քո զինվորը պատասխան կրակ է արձակում, եւ դու ասում ես, որ պետք է հետաքննություն սկսես եւ պարզես` ով է կրակող զինվորը, ու նրան ենթարկես պատասխանատվության, դա նշանակում է, որ պետության քաղաքականությունն անատամ է, մեղմ, վախեցած, որ հանկարծ Ադրբեջանն ինչ-որ հարցում չբարկանա: Այնպես որ, շատ նորմալ է, որ նման քաղաքական տրամաբանության մեջ վարչապետի խոսնակը նման անատամ պատասխան է տվել Ալիեւին: Այս իշխանության ընդհանուր քաղաքականությունն է` որեւէ պարագայում չբարկացնել Ադրբեջանին, չնայած Ադրբեջանը գնալով ավելի է լկտիանում, ցանկանում է ճնշումների միջոցով կա՛մ Հայաստանից պոկել լրացուցիչ տարածքներ, կա՛մ էլ ռազմական ճանապարհով լեգիտիմություն ձեռք բերել: Նրանց պետք չէ խաղաղություն, բանակցային գործընթաց, որը միտված է խաղաղության պայմանագրին: ՊՆ-ն, Ռազմական ոստիկանությունը եւս հայտարարություններով հանդես եկան, նշեցին, որ պետք է մեղավորներին գտնել եւ պատժել: Ռազմական ոստիկանությունը ճիշտ կաներ՝ հետաքններ եւ հասկանար, թե ում հանցավոր անգործության արդյունքում է Ադրբեջանը ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք»: