Շարունակվում են հայոց պատմության նոր դասագրքերի շուրջ հանրային քննարկումները։ Ամենից աղմուկ հանածը 7-րդ դասարանի հայոց պատմության դասագրքի թեման է: Այսօր «Խոտանել խեղաթյուրված դասագրքերը» վերտառությամբ հանրային քննարկում էին կազմակերպել «Թեքեյան» կենտրոնում, որին տարբեր մասնագետներ, իրավապաշտպաններ, պատմաբաններ էին մասնակցում: Նրանք իրենց մտահոգությունները հայտնեցին, որ անթույլատրելի են համարում այդ դասագրքերի կիրառումը և նշեցին, որ ամեն ձևով պայքարելու են, որ այդ դասագիրքը չգործի։
Քննարկմանը ելույթ ունեցավ նաև փաստաբանական պալատի նախկին նախագահ, Փաստաբանների դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը: Նա նշեց. «Այս բարդ ժամանակ՝ երբ ունենք բազմաթիվ կորուստներ, կարող են այս հարցին շատերը նշանակություն չտալ, բայց այս դասագրքերը մատաղ սերնդի առջև հանցագործություն են` բառիս բուն իմաստով։ Եվ բնականաբար մենք չենք կարող անտարբեր լինել։ Այսօր էլ շահերը և դերակատարները չեն փոխվել՝ նույն շահերն են, նույն դերակատարները, փոխվել են միայն տերմինները։ Այսօր ասում են՝ դեմարկացիա, դելիմիտացիա, և այլն, բայց նպատակները նույնն են։ Իրականում հարց է ծագում, ինչո՞ւ է հայրենի իշխանությունը սա անում՝ շատ պարզ հարց է ծագում, ընդ որում, հայի պատկանելություն ունեցող պաշտոնյան է այս գործընթացը կազմակերպում՝ մեր պատմական հիմքերը թուլացնելու համար։ Ի վերջո, մեր ազգը նաև պարծենկոտ ազգ է՝ չեղածը մերը դարձնելով՝ Մակեդոնացուն ասում ենք` հայ է, մյուս նշանավոր մարդիկ հայ են, բայց այսօր լրիվ հակառակ ուղղություն են վերցրել, և ցանկանում են նսեմացնել այն ամենը, ինչը իրականում մեր պատմությունն է։ Խորենացուն դարձնում է առասպել, բալկանյան տեսությունը համադրում է առասպելին, ընթերցող մանուկին մղելով ճշմարտության խեղման։ Լավ, ինչո՞ւ է այսպես անում։ Հռոմեական լավ խոսք կա, ասում են՝ արել է նա, ում ձեռնտու է։ Հիմա պետք է հասկանալ, սա ո՞ւմ է ձեռնտու։
Սա ձեռնտու է թուրք-ադրբեջանական ուժերին՝ ունենալ մեղու, առանց փշերի, որպեսզի չկարողանա պաշտպանվի։ Այս ամենը շատ պարզ իրողություն է, որը պետք է հասկանալ։ Հիմա, եթե օրինակ, մի մարդ թույն բերի տա իր երեխային, և մենք իմանանք, որ դա թույն է, ի՞նչ կանի ծնողը, կսկսի տոլերանտությամբ բացատրե՞լ, որ չի կարելի այն երեխային տալ, կամ` տոլերանտություն կցուցաբերի՞։ Ես վստահ եմ, որ նույն պահին ֆիզիկական ուժ կկիրառի, և ամենածանր պատասխանատվությունը կդնի այդ մարդու վրա։ Ընդ որում, տոլերանտություն բառը, որը նշանակում է հանդուրժողականություն, որը մեզ ներշնչել է միջազգային հանրությունը, բժշկական տերմինաբանությամբ համարվում է՝ մարդու իմունային համակարգի անկարողություն՝ վիրուսների դեմ պայքարում, և 100% տոլերանտությունը մահ է։ Հիմա մեզ ներշնչել են, որ դուք տոլերանտ եղեք՝ հանդուրժեք ամեն ինչ՝ ԼԳԲՏ-ներին, այս թույնը, ձեզ ձեր արմատներից կտրում են՝ հանդուրժեք։ Այս ամենը հանդուրժելով մենք տեսնում ենք ուր ենք գնում։ Վերջերս սկսել եմ մտածել, եթե այս պարտված իշխանությունը մեր ինքնության նկատմամբ այսքան լկտի է իրեն պահում, բա եթե սրանք 44-օրյա պատերազմը հաղթեին ի՞նչ էին անելու։ Պատկերացնու՞մ եք, այս իշխանությունը 44-օրյում հաղթեր․ ինչ լկտի ձևով կջնջեր մեր ինքնությունը՝ դեմը չէինք կարողանա առնել, հիմա չենք կարողանում։
Նշեմ նաև, որ այս դասագիրքը նախարարի հրամանով է գործածության դրվել, և մի քանի հարցումներ ենք արել, չեն տրամադրում, բայց եթե չտրամադրեն էլ, մենք մեր քայլերն անելու ենք։ Մենք՝ փաստաբանների խմբով հարցումներ ենք կատարում՝ տեղեկատվություն ենք հավաքում դատարան դիմելու համար, թե մրցույթները ինչպես են անցկացրել, որը մեզ համար շատ մութ է։ Մենք ունենք բազմաթիվ հարցեր, թե ինչպես է անցկացվել մրցույթը, ինչու հենց այդ թիմը հաղթեց։ Մեր համոզմամբ, այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան՝ շահերի բախում, և փորձելու ենք այս ամենը իրավական առումով հանել ջրի երես։ Այս պրոցեսին մենք ցանկանում ենք ներգրավել 7-րդ դասարանում սովորող երեխաների ծնողներին՝ հայցվոր լինելու համար լավ կլինի, որ իրենք էլ միանան մեզ, որովհետև ուղիղ շահառուներ են իրենք։ Վստահ եմ, որ համատեղ ուժերով, գոնե կկարողանանք խանգարել այս իշխանությունների ծրագրերին», – նշեց Զոհրաբյանը։