Սամվել Շահրամանյանը համաձայնել է գնալ քննիչ հանձնաժողով․ օրը հայտնի է

Սամվել Շահրամանյանը համաձայնել է գնալ քննիչ հանձնաժողով․ օրը հայտնի է

«Հրապարակի»-ի աղբյուրները հայտնում են, որ երկար մտորումներից հետո Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու եւ ցուցմունք տալու առաջարկը։ Նախկինում Արցախի ԱԱԾ տնօրեն աշխատած, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Շահրամանյանին Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի սկզբին էր հրավիրել քննիչ հանձնաժողով՝ առանց հստակեցնելու, թե ինչի համար են հրավիրում։

Քոչարյանն ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչեւ լիազորությունների ավարտը եւ իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել, որ գա եւ պատասխանի իրենց հարցերին։ Ըստ մեր աղբյուրի՝ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե որոշել էր չգնալ՝ հաշվի առնելով Քոչարյանի՝ իր հասցեին արված այս հայտարարությունը․ «Սամվել Շահրամանյանն ինքնասպան լիներ ավելի ճիշտ էր»:

Շահրամանյանին մոտ կանգնած անձն ասաց․ «Շահրամանյանը երկար է մտածել քննիչ հանձնաժողով գնալու-չգնալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս ոչ կոռեկտ է արտահայտվել, մի քանի անգամ հրապարակային վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին։ Սակայն կարեւորելով նման հնչեղություն ունեցող գործի իրական բացահայտումները, որին կարող է ինքը նպաստել՝ համաձայնվել է նոյեմբերի 24-ին գնալ քննիչ հանձնաժողով, 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում ունեցած բոլոր տեղեկությունները լիարժեք տրամադրել հանձնաժողովին»։