Ազգային ժողովից դուրս պայքարող մարդկանց ես չեմ համարում ընդդիմություն

Ազգային ժողովից դուրս պայքարող մարդկանց ես չեմ համարում ընդդիմություն

Նոյեմբերի 18-ին, փորձելով մեղմել մարդկանց ցասումը եւ ժամանակ շահել, Նիկոլ Փաշինյանը հանրության դատին ներկայացրեց 6-ամսյա ճանապարհային քարտեզ։ Նա հանրությունից ժամանակ էր խնդրում՝ իրավիճակը շտկելու համար, եւ խոստանում, որ դրա ավարտին հանդես կգա հաշվետվությամբ ու որոշում կկայացնի իր հետագա անելիքների  հարցում: Շուտով կլրանա 6-ամսյա ժամկետը, բայց արդեն պարզ է, որ Փաշինյանը ոչ միայն պատերազմն է ձախողել, այլեւ հետպատերազմյան ողջ շրջանը եւ իր ճանապարհային քարտեզը գործնականում մնացել են թղթի վրա։ Ուստի ի՞նչ իմաստ ունի նրան նոր շանս տալ։

15 կետից բաղկացած խոստումների առաջին կետով Փաշինյանը խոստանում էր, որ հասնելու է Մինսկի խմբի  ձեւաչափում բանակցությունների վերականգնմանը եւ Արցախի կարգավիճակի ճշգրտմանը, սակայն այսօր փաստ է, որ բանակցային գործընթաց գոյություն չունի, եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում է, թե Արցախի հարցն իրենց համար փակված է։ 

Հաջորդը՝  «Ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը»: Տեղահանված եւ Հայաստանում ապաստան գտած արցախցիների՝ կառավարության եւ պետական այլ շենքերի դիմաց գրեթե ամենօրյա բողոքի ակցիաներից կարելի է պատկերացնել, թե որքանով է իրագործվել նաեւ այս կետը։ Առավել եւս դժվար է պատկերացնել, որ երբեւէ հնարավոր կլինի վերականգնել Արցախի «բնականոն կյանքը», այն էլ՝ «ամբողջությամբ»։ Միայն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը, որը պատերազմից առաջ՝ ընտանյոք հանդերձ, ամեն ամիս Արցախ էր մեկնում, իսկ պատերազմից հետո ոտք չի դրել, վկայում է այն մասին, որ փափուկ կյանքի սովորած Փաշինյանները խուսափում են կոմֆորտի պակաս ունեցող Արցախ մեկնել, որը դեռ չի վերագտել իր նախկին հմայքը։ Իհարկե, դեր է խաղում նաեւ արցախցիների վերաբերմունքն այս ամենի մեղավորի հանդեպ։

Ճանապարհային քարտեզով խոստանում էր նաեւ գերեվարված զինվորականների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, սակայն Ադրբեջանը հրաժարվում է բոլոր գերիներին վերադարձնել, Ալիեւն էլ հայտարարում է, որ էլ գերիներ չկան՝ ահաբեկիչներ են, որոնք պատերազմից հետո են գերի ընկել։ 

Ճանապարհային քարտեզում նշված էր զինված ուժերի բարեփոխումների մեկնարկի մասին, մինչ օրս որեւէ էական քայլ չի արվել։ Անգամ արվել է հակառակը՝ Փաշինյանը հետեւողականորեն շարունակել է քանդել զինված ուժերը, պաշտոնանկ է արել բանակի հրամկազմին, քրեական գործեր է հարուցել եւ այլն։ Պատերազմից հետո առաջացած նոր  սահմաններին ինժեներական աշխատանքներ չեն տարվում, սահմանապահ զինվորները ցելոֆանե վրանների տակ են հերթապահություն իրականացնում, չկան նորմալ խրամատներ, սահմանը հանձնվել է ռուս խաղաղապահների հսկողությանը։ Եվ Սյունիքում Փաշինյանի հանդեպ վերաբերմունքն էլ դրանով է բացատրվում։ Ու թեեւ խորհրդարանում Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան նա պնդեց, որ աշխատանքներ տարվում են, պարզապես՝ տեսանելի չեն մեզ համար, կարող ենք ենթադրել, որ դրանք կա՛մ ստորգետնյա, կա՛մ օդային աշխատանքներ են։

Փաշինյանը նաեւ կարեւորում էր «տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման խնդիրը», բայց ինչքան էլ իշխանությունները փորձեն թվանկարչությամբ հանրությանը համոզել, թե տնտեսությունը վերականգնվում է, միեւնույն է՝ ամեն ինչ մեր աչքի առաջ է։ Անգամ բիզնեսմեն նախարար Վահան Քերոբյանը խոստովանեց, որ իր «Մենյու»-ում 700-ից ավելի աշխատատեղ է կրճատել։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021թ. հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2%-ով։ 

Փաշինյանը խոստանում էր՝ «Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում»: Փաստ է, որ պատերազմից ամիսներ անց հասարակությունը չի հաղթահարել այդ ծանր շոկը, իսկ ովքեր հաղթահարել են, սեփական ուժերով են դա արել, ի՜նչ հոգեբանական ռեաբիլիտացիա, ի՜նչ համակարգ։ Հակառակը՝  շատերը կարծում են, որ Փաշինյանի յուրաքանչյուր ելույթ ավելի է խորացնում շոկն ու ապատիան։

Խոստանում էր «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում», «Հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում», «Սփյուռքի հայկական կառույցների եւ առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան եւ սփյուռքի առանձին անհատների եւ կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ» եւ այլն։ Այս բոլորը սին խոսքեր են։

Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանից փորձեցինք պարզել, թե ինչու պետք է հասարակությունը նորից վստահի իրեն խաբած ղեկավարին։ Նա փորձեց համոզել, որ քարտեզի կեսից ավելին ի կատար է ածվել, մնացածներն ընթացքի մեջ են։ Երբ կոնկրետացրինք հարցը՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ առաջին խոստման մասին, սկսեց փիլիսոփայել․ «Եթե ես ու դու՝ որպես այս երկրի քաղաքացի, որպես հայ եւ որպես մարդ, ով պետությունն ու հայրենիքն ավելի վեր է դասում ամեն ինչից, ցանկություն ունենանք Ղարաբաղը տեսնել ավելի երջանիկ եւ մեր սրտով, այդ դեպքում մենք՝ բոլորս, պետք է լինենք միասնական, ու ես խոստանում եմ, որ ամեն բան էլ կկատարվի։ Հակառակ դեպքում մենք չենք ունենա լավ ապագա եւ մոտ ապագայում հաջողություններ, իսկ եթե մենք բոլորս կուզենանք՝ որպես սրտացավ հայ, երկրի վաղվա օրը երջանիկ եւ մեր բոլորիս  պատկերացումներին համապատասխան տեսնել, ապա պետք է համախմբվենք»։

Հարցրինք՝ ինչո՞ւ, այդուհանդերձ, չհաջողվեց իրագործել տված խոստումները, ի՞նչը խանգարեց։ «Ես նախ չգիտեմ՝ որ 15-ի մասին եք ասում, միգուցե դրանք կատարված են։ Երկրորդ․ եթե ինչ-որ բան չի ստացվել կատարել, դա եղել է միտումնավոր քաղաքական  լարվածություն ստեղծելու ֆոնի պատճառով, որը շատ հարցերում մեր պետությանը վնաս է պատճառել։ Այդ լարվածություն հրահրողները նպատակ են հետապնդել, որպեսզի իշխանությունները ձախողեն։ Այդ մարդիկ թքած ունեն, որ երկիրն իրենց վարած պրոցեսներից բացասական ձեռքբերում կունենա, նրանց հուզում է իշխանության գալը»,- ասաց իշխանական պատգամավորը։

Այսինքն՝ ընդդիմությո՞ւնն է մեղավոր, որ Փաշինյանի ճանապարհային քարտեզը չի իրականացվել։ «Ես իրենց ընդդիմություն չէի ասի, ընդդիմությունը խորհրդարանում է, որոնք շատ հարցերի շուրջ եկել են կոնսենսուսի, իսկ Ազգային ժողովից դուրս պայքարող մարդկանց ես չեմ համարում ընդդիմություն, նրանց մեջ ազգային մտածելակերպ գոյություն չունի, եթե կասեն հակառակը, թող գան անձամբ ինձ ապացուցեն»։ Փորձեցինք ճշտել, թե, օրինակ, խորհրդարանից դուրս ընթացող պրոցեսներն ինչպես են խանգարել «արցախցիների վերադարձին իրենց հայրենի օջախներ»։

«Հիմա թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանության կողմից արվում է ամեն բան, որպեսզի Արցախի ժողովուրդը վերադառնա Արցախ եւ հանգրվանի այն հատվածներում, որոնք այսօր ԱՀ տիրապետության տակ են»։ Բայց երեկ էլ հադրութցիները բողոքում էին կառավարության շենքի դիմաց, որ այս խոստումը չի իրականացվել։ «Միգուցե այդ մարդը չի ուզում վերադառնա Արցախ, այստեղ պետության հաշվին իր ժամանակավոր կեցությունն է ապահովում, մինչեւ այնտեղ կլուծվի իր կարգավիճակի հարցը»։ Բայց հադրութցիներին ինչպե՞ս եք վերադարձնելու իրենց հայրենի օջախ, երբ Հադրութը հակառակորդի տիրապետության տակ է։ «Ի՞նչ ա նշանակում՝ ոնց եք վերադարձնելու։ Ոնց որ մենք պիտի մտածենք՝ ոնց ենք վերադարձնելու, ընենց էլ դուք պիտի մտածեք»։

- Ես իշխանություն չեմ, էլ չեմ ասում, որ ես չեմ խոստացել, որ բոլորին իրենց «հայրենի օջախներ» ենք վերադարձնելու, ես գիտեմ, որ հադրութեցուն հնարավոր չէ վերադարձնել իր հայրենի օջախ կամ Շուշիի բնակչին։

- Հիմա ոնց որ բառախաղերից ենք կախվում, ո՞նց կարելի է սենց մանիպուլյացիոն հարցեր տալ։

- Դուք եք այդ մանիպուլյացիայի հեղինակը, ձեր գրած քարտեզից եմ ցիտում։

- Իմ գրա՞ծ։

- Դուք իշխանության ներկայացուցիչ չե՞ք։

- Իշխանությունը գրել է այն, որ պիտի վերադարձ լինի բոլորին հայրենի օջախներ, հիմա եթե մենք չունենք Հադրութը, կարո՞ղ են դրա հարակից տարածքում մարդիկ բնակվել։

- Թող հարակից վայրերում բնակվեն։

- Ասացի, որ ամեն ինչ արվում է։