«Հրապարակ». Անդրանիկ Թեւանյանը՝ քաղաքապետի թեկնածո՞ւ

«Հրապարակ». Անդրանիկ Թեւանյանը՝ քաղաքապետի թեկնածո՞ւ

Հրաչյա Սարգսյանի հրաժարականով կարող ենք արձանագրել, որ Երեւանում սկսվել է նախընտրական քարոզարշավը, նախընտրական մթնոլորտ է ձեւավորվել մայրաքաղաքում։ Պարզ է, որ եթե անգամ արտահերթ ընտրություններ չլինեն, ապա հերթական ընտրությունն էլ սարերի ետեւում չէ։ Եվ պարզ է, որ այս ընտրությունը խիստ կարեւոր է իշխող ուժի եւ, առհասարակ՝ իշխանության եւ իշխանափոխության համար։ Ինչ մնում է ընդդիմությանը, ապա ներքին քննարկումներ են ընթանում, բայց հայտարարում են, որ դեռեւս հստակ որոշում չունեն: Տարբեր շշուկներ եւ թեկնածուների անուններ են պտտվում: Խոսքը պաշտոնական ընդդիմության մասին է՝ խորհրդարանական ուժերի․ Արթուր Վանեցյան, Արմեն Աշոտյան, Լեւոն Քոչարյան, Տարոն Մարգարյան, սակայն դեռեւս չկա որեւէ հստակ որոշում: Ընդդիմությունը կհամախմբվի՞, կկոնսոլիդացվի՞ մեկ ուժի, մեկ անձի շուրջ․ սա այսօրվա օրախնդիր հարցն է: Կան տեսակետներ, որ եթե ընդդիմադիրներն ամեն մեկն իր թեկնածուին առաջադրի, իշխանությունները հաղթանակ կտանեն: Մենք տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը եւս ցանկանում է քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրել: Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Թեւանյանի հետ:

- Եթե առաջիկայում Երեւանն անգամ արտահերթ ընտրությունների չգնա, ապա աշնանն անպայման տեղի են ունենալու հերթական ընտրությունները: Իշխանություններն իրենց սրտի թեկնածուն ունեն, հետաքրքիր է` ընդդիմությունն ի՞նչ ծրագրեր ունի եւ, ի վերջո, ընդդիմությունը, ըստ Ձեզ, կկոնսոլիդացվի՞ մեկ ուժի, մեկ անձի շուրջ, թե՞ առանձին-առանձին կմասնակցեն ընտրություններին:

- Քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝ մեզ մոտ դեռ քննարկում չի եղել, իսկ եթե ընդհանուր տարբեր գործոններ հաշվի առնենք, ապա ես կարծում եմ, որ ինչքան համախմբվածությունը լայն լինի, այնքան ավելի լավ: Այդպես ավելի ճիշտ կլինի: Քաղաքապետի ընտրությունները պետք է վերածել իշխանափոխության գործընթացի:

- Բայց հնարավո՞ր է քաղաքապետի ընտրություններով հասնել իշխանափոխության: Ի վերջո, քաղաքապետն ի՞նչ կարող է փոխել: Կան տեսակետներ, որ քաղաքապետը քաղաքի մենեջեր է միայն….

- Ցանկացած ընտրություն քաղաքական պրոցես է: Երեւանը Հայաստանի կեսն է` թե՛ բնակչության եւ թե՛ տնտեսական առումով: Տնտեսական մասով կարող ենք ասել, որ մեծամասնություն հենց Երեւանն է կազմում: Երեւան քաղաքի ընտրությունները պետք չէ դիտարկել միայն մենեջերի ընտրություններ: Դա քաղաքական ընտրություն է, քաղաքական ուժերի պայքար: Քաղաքական պրցեսներն այստեղ կարող են զարգանալ:

- Իշխանությունների թեկնածուն Տիգրան Ավինյանն է: Ըստ Ձեզ` ինչո՞ւ հենց Ավինյանը:

- Որպես նորաթուխ օլիգարխ, հավանաբար, ավելի մեծ ֆինանսական միջոցներ ունի: Որոշել են, որ նա պետք է լինի քաղաքապետը, ուրեմն նա պետք է լինի, ուրիշին ցանկանան՝ ուրիշը կլինի:

- Մենք տեղեկություն ունենք, որ Ռոբերտ Քոչարյանի թիմի քաղաքապետի թեկնածուն Դուք եք:

- Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը:

- Ձեզ որպես քաղաքապետի թեկնածու պատկերացնո՞ւմ եք:

- Այդ հարցին դեռ չեմ անդրադարձել, երբ գա ժամանակը, հանրությանը կտեղեկացնենք:

- Այսինքն` այդ մասով քննարկումներ լինելո՞ւ են:

- Այո, բնականաբար, կքննարկվի այդ հարցը, բայց չգիտեմ երբ:

- Ձեր թեկնածության հարցը կա՞ օրակարգում:

- Մեծ հաշվով, ոչինչ չեմ բացառում, բայց դեռ չենք քննարկել:

- Ի՞նչ եք կարծում` ընդդիմադիրները կկոնսոլիդացվե՞ն Ձեր շուրջ: Կարդարացնե՞ք նրանց հույսերը:

- Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը, դուք կոնսոլիդացվելու եւ արդարացվելու մասին եք խոսում: Ժամանակը կգա, ամեն ինչ իր տեղը կընկնի: Կյանքը ցույց կտա (ծիծաղում է):