Ցլամարտի մեջ ցուլերն են մտնում, իսկ դու կարմիր շոր ես․․․

Ցլամարտի մեջ ցուլերն են մտնում, իսկ դու կարմիր շոր ես․․․

Կոկորդիլոսի թռչուն լինելու մասին ՔՊ-ից իմացանք։ Մինչ այդ ո՞վ էր իմանում, որ կոկորդիլոսը թռչող երամի մաս է կազմում։ Կոկորդիլոսի ձվերը բերվեց, բայց ձագերից առ այսօր խաբար չունենք։ Մեծացա՞ն, Գարիկ Սարգսյանը խնամու՞մ է նրանց, թե թռել, գնացել են տաք երկրներ։ Վարչապետի մակարդակով այսօր էլ խոսվում է նոր կենդանատեսակի՝ ցուլի մասին։ Պարզվում է, որ այդ նոր կենդանին պոզեր ունի, ու նա կարմիր գույնից գազազում է։ Ո՞վ է այդ այլաբանական կենդանին, կարո՞ղ ենք եզրակացնել Փաշինյանի՝ հանրային ռադիոյին տրված հարցազրույցից։ Նա այլաբանորեն է բացատրում, որից հետևում է, որ ցուլը Ադրբեջանն է։ ՀՀ Սահմանադրությունը, Մայր օրենքը կարմիր շորն է, որը գրգռում է Ադրբեջանին։ Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ Ադրբեջանը չի պարտադրում, որ ՀՀ Սահմանադրությունը փոխվի, մյուս կողմից էլ հաստատում է, որ հենց Ադրբեջանն է պարտադրում, որ այն փոխվի։ Ու այդ անուղղակի պարտադրանքն արտահայտում է հետագա վտանգների մասին խոսելով։ Երբ կարմիր շորը տեսնում է ցուլը, ըստ Փաշինյանի՝ ցուլը գազազում, գրգռվում է, և Փաշինյանն առաջարկում է փոխել այդ կարմիր շորը։

«Էդ կարմիր շորի հարցն ա պետք լուծել, բայց կարմիր շորը փոխելով այլ երանգի շորով՝ մենք երաշխիք չենք ստանում: Կարմիր շորով մենք նեգատիվ երաշխիք ենք ստանում, մյուս շորով մենք շանս ենք ստանում, բայց ոչ՝ երաշխիք, և եթե գրագետ գործենք, էդ շանսը կդարձնենք երաշխիք»:

Փաշինյանի այլաբանությանը գիտականորեն պատասխանեմ․ կեղծ է այն գաղափարը, որ կարմիր գույնը զայրացնում է ցուլին, նրանք դալտոնիկ են, պարզապես արձագանքում են մուլետայի (կարմիր շորի) շարժումներին։ Ցուլը, ինչպես նաև գետաձին, բուն, այլ կենդանիներ գույները չեն տարբերում։ Ցուլը կատաղում է ոչ թե կարմիր շորից, այլ այդ կտորի սպառնալից շարժումից, որը արվում է ցլամարտի ժամանակ։ 

Ի վերջո ինչ գույնի շոր էլ հագնես, միևնուն է, ցուլը վրա է տալու։ Եթե անգամ շորերդ հանես, ցուլը հետապնդելու է քեզ, որովհետև ցլամարտի մեջ ցուլերն են մտնում, իսկ դու կարմիր շոր ես։ Քանի՞ անգամ շորերդ փոխել տվեց, անգամ հանել տվեց ցուլը, բան փոխվե՞ց․․․