Վարչապետին հարցրեք՝ ինչ նկատի ուներ

Վարչապետին հարցրեք՝ ինչ նկատի ուներ

Հարցազրույց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ

- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ մենք պատրաստ ենք անգամ «ցավոտ փոխզիջման», բայց Ադրբեջանի ուզածն Արցախի կապիտուլյացիան է։ Հանրությունն ուզում է իմանալ՝ ի՞նչ ցավոտ փոխզիջման մասին է խոսքը, ինչո՞ւ, եւ ե՞րբ հասանք այս կետին, երբ ընդամենը օրեր առաջ հայտարարվում էր, որ հաղթում ենք։ Ձեր կարծիքով՝ այս իրավիճակից ունե՞նք ելք, եւ ո՞րն է դա։

- Իրավիճակն այն է, որ Արցախը մարտնչում է եւ մարտնչելու է մինչեւ վերջ։ Ես այսքանը կարող եմ ասել, որովհետեւ մենք ունենք «ազնիվ թշնամիներ»՝ ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք երբեւէ չեն թաքցրել, որ ուզում են մեզ ոչնչացնել։ Եվ մենք գիտենք, թե ում հետ գործ ունենք, ու կանգնելու ենք մինչեւ վերջ, անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովենք։

- Իսկ ինչո՞ւ է վարչապետը փոխզիջումներից խոսում, այն էլ՝ ցավոտ, ին՞չ է նշանակում «ցավոտ փոխզիջում»՝ տարածքներ խաղաղության դիմա՞ց, մենք ինչի՞ ենք պատրաստ։

- Ես կարծում եմ, որ վարչապետին պետք է հարցնեք՝ ինչ ինքը նկատի ուներ, իսկ այս պահի դրությամբ մենք մարտնչում ենք։

- Բայց ՀՀ վարչապետը չի կարող, չէ՞, առանց Արցախի տեսակետն իմանալու նման հայտարարություն անել։

- Դուք ճշտեք իրենից։

- Իսկ Դուք չե՞ք ճշտել։

- Թշնամին որեւէ վայրկյան կանգ չի առնում եւ ուզում է ներթափանցել մեր տարածք, հիմա մենք նման բաների մասին չենք մտածում, մենք պարզապես պաշտպանվում ենք։ Հիմա զիջելու-չզիջելու մասին․․․ հիմա պատերազմ է, մեկը գրավում է, մեկը պաշտպանվում է։

- Լավ, այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այս պահին նման հայտարարություն անում։ Դուք ասում եք՝ կռվում ենք, ինքն ասում է՝ մեզ մոտ թասիբը չի եռում, զինկոմիսարիատների դիմաց հերթեր չեն գոյանում եւ այլն։

- Ես չեմ ուզում ներքաղաքական խնդիրներին անդրադառնալ, այս պահին մենք՝ բոլորս, պետք է համախմբված պայքարենք, աստված տա՝ ամեն ինչ նորմալ ավարտվի, մնացած հարցերին հետո կանդրադառնանք եւ մարտական փոփոխություններ կանենք արտաքին քաղաքականության, բանակաշինության, պետականաշինության մեջ։ Սրանք հետագայի խնդիրներ են։ Աշխարհն էլ է հայտարարում, որ կրակը պետք է դադարեցնել, Ադրբեջանն ու Թուրքիան չեն անում, մենք ի՞նչ պետք է անենք․ փախչել չենք կարող, մնում է միայն կռվելը։

- Պարոն Բաբայան, կարծում եք, որ քաղաքական այրերն այլեւս անելիք չունե՞ն դիվանագիտական ճակատում, եւ միայն պատերա՞զմն է միակ ճանապարհն այս պահին։

- Դիվանագիտական ճանապարհով կա լուծում, բայց մինչ այդ լուծումը կլինի, պետք է կանգնել պատերազմում։ Կա պատերազմը կանգնեցնելու երկու ճանապարհ՝ մարտնչում ենք մենք միայնակ, կամ պետք է կողմնակի միջամտություն լինի։ Ես կարծում եմ՝ վերջին ուղղությամբ գործընթացներ են ընթանում, եւ պետք է որ լինի կողմնակի միջամտություն, չի կարող չլինել, որովհետեւ այդպիսի ապտակներ, որ տալիս է Թուրքիան, չի կարող մարսվել։ Եթե արձագանք չկա, դա նշանակում է՝ կա՛մ ի վիճակի չեն, կա՛մ հանդուրժում են։ Բայց ես չեմ կարծում, որ պետք է հանդուրժել, չեմ էլ կարծում, որ ի վիճակի չեն, պատասխան լինելու է։ Նկատի ունեմ Ռուսաստանին։ Եվ այնպես չէ, որ Ռուսաստանը հապաղում է, քանզի սա միայն Ադրբեջանի հարցը չէ, Թուրքիա կա, եթե պետք լինի խաղաղության պարտադրանք, ապա ոչ միայն Ադրբեջանին պետք է պարտադրեն, այլեւ՝ Թուրքիային, իսկ սրանք արդեն այլ քայլեր են պահանջում։ Թեպետ ես կարծում եմ, որ միայն Ադրբեջանին պարտադրելով՝ հնարավոր կլինի կանգնեցնել պատերազմը, եւ կկանգնեցնեն, որովհետեւ չեմ կարծում, որ նստելու են նայեն, թե ինչպես է Թուրքիան գրավում Անդրկովկասը, որովհետեւ առանց Արցախ չի լինելու Հայաստան, Հայաստանը լինելու է ոչ թե աշխարհաքաղաքական սուբյեկտ, այլ օբյեկտ, տարածք, որի վրա ոտնձգություններ են անելու Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ առանց Արցախի Հայաստանի պետականության ապագան․․․ ինչ ասեմ՝ շատ վատ է լինելու։

- Պարոն Բաբայան, հիմա ունենք այն, ինչ ունենք, անգամ Արցախի նախագահը Պուտինին ուղղված օգնության դիմում-խնդրանքով հանդես եկավ, բայց, փաստորեն, դա էլ բավարար չեղավ կրակը կանգնեցնելու համար։

- Մենք տեսանք Պուտինի կողմից սթափ գնահատական, թե ինչպիսին են հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ակունքները, հետեւաբար, պատմությունը չի կարող կրկնվել։ Մենք էլ մեր կողմից պետք է հատուկ քաղաքականություն վարենք, երկրները խմբավորենք ըստ կարեւորության եւ համար մեկ խմբում պետք է դնենք եղբայրական երկրները եւ զարգացնենք հարաբերությունները, այդ երկրների առաջին տեղում, իհարկե, պետք է լինի Ռուսաստանը։ Անթույլատրելի է, որ մեր եղբայրական երկրներին ինչ-որ մեկը քարկոծի։ Տեսնում ենք, չէ՞, ինչ է կատարվում, հատկապես պետական համակարգում չպետք է իրավունք ունենա որեւէ մեկը նման երկրների նկատմամբ սուր հայացք ունենալ։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի կեղտոտ բաներ են գրում ֆեյսբուքներում, անգամ հրադադարի երրորդ պայմանավորվածության օրը տեսանք, թե ինչ հակառուս հայտարարություններ էին արվում։ Այդ մարդիկ կա՛մ աննորմալ են, կա՛մ հակահայ գիծ են տանում։ Այդպիսի հիվանդագին քայլեր են արել, որ ունենք խնդիրներ։ Պետք է ասել, որ Ռուսաստանը մեր եղբայր երկիրն է, այլ կարգավիճակ չունի մեզ համար։

- Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, երբ ասում է, որ ժողովուրդը պատրաստ է ցավոտ լուծման․ ինչպե՞ս են դա պարզել, ո՞վ է այդպիսի որոշում կայացնելու մանդատ տվել եւ, վերջապես՝ զիջումների կամ կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելու մանդատ ո՞վ ունի։

- Այս պահի դրությամբ մարդիկ չեն մտածում նման մանդատների մասին, նրանք կանգնած են եւ մարտնչում են, իրենց արյունով են երկրի ապագան կերտում, մենք էլ պիտի կենտրոնանանք միայն պաշտպանության վրա, մնացածը՝ հետո։

- Զինվորը պաշտպանում է, բայց քաղաքական այրերն էլ իրենց տեղում պետք է ադեկվատ եւ համապատասխան գործեն․ Դուք կարծում եք, որ ամեն ինչ նորմա՞լ է այդ ասպարեզում։

- Կարծիքներ հայտնելու ենք, բնական է, բայց այս պահին ճիշտ չէ կարծիքներ հայտնելը, Հայաստանում կսկսվեն շահարկումները։

- Վազգեն Մանուկյանը հայտարարությամբ հանդես եկավ, որ ներկա իրավիճակում կարելի է բեկում մտցնել միայն մի ճանապարհով՝ կառավարության հրաժարականի՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը։

- Ես ցանկություն չունեմ խառնվել ՀՀ ներքին քաղաքական հարցերին, կրկնում եմ՝ մենք մարտնչում ենք, մնացած հարցերը՝ հետո։