Ինքը պատահականություն է հայ ժողովրդի պատմության մեջ, էն, որ ասում են՝ դուրսպրծուկ, ինքը դուրսպրծուկի դասական օրինակ է․ Միքայել սրբազան
Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությանը, որ եկեղեցու ու իշխանությունների միջև տարաձայնություն կա, հիշեց Պողոս առաքյալին․ «Անընդհատ փորձ են անում ներկայացնել, թե Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, խնդիրներ կան այդ հարաբերություններում։ Տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու՝ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա՝ համաձայն քրիստոնական տեսության»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով․
««Ապացուցելու համար մեջբերեմ Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից․ չկա իշխանություն, որ աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, աստծո հրամանին է հակառակում։ Թող եկեղեցին իր էության, տեսության եւ հավատի մասին մտածի։ Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել եւ հզորացնել, խաղաղություն բերել ՀՀ-ին»։
Փաշինյանի այս հայտարարության մասին զրուցեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։ Արձագանքելով Փաշինյանի այս հայտարարությանը, Սրբազան հայրն ասաց․
«Եթե մի մարդ կարող է ասել՝ «իմ զրոյական կետից բանակցում եմ», հետո ասի՝ «չեմ բանակցել», այդ մարդուն դուք լո՞ւրջ եք ընդունում, հիմա էլ դարձավ Աստվածաշնչի մասնագետ, աստվածաբան դարձավ, հա՞։ Ուրեմն եթե մյուս իշխանությունների ժամանակ եկեղեցին հաշտ ապրում էր այդ իշխանությունների հետ, ինքն ինչո՞ւ էր դժգոհում այն ժամանակ եկեղեցուց, ինչո՞ւ էր հակառակը պահանջում եկեղեցուց։ Նախորդ իշխանությունների ժամանակ եկեղեցու հարաբերությունները իշխանությունների հետ բարեկամական էին, չէ՞, ինչո՞ւ էր ինքը այն ժամանակ դժգոհում եկեղեցուց»։
-Փաշինյանն ասում է, որ չկա մի իշխանություն, որը Աստծուց չէ, այսինքն՝ ուզում է ասել, որ իր իշխանությունը Աստծուց է։
- Դե ուրեմն նախորդ իշխանությունն էլ էր Աստծուց, և այդ Աստծուց եղող իշխանության հետ եկեղեցին հաշտ էր, բայց այն ժամանակ ինքը դժգոհ էր և՛ իշխանությունից, և՛ եկեղեցուց, որը հաշտ էր իշխանության հետ։ Այն ժամանակ Աստծուց չէ՞ր, հիմա՞ է Աստծուց, այսինքն՝ երբ որ ինքն է, դարձավ Աստծո՞ւց։ Ուրեմն Պողոս առաքյալը, այո, նման բան ասել է, բայց դա պետք է կոնտեքստի մեջ հասկանաս, համատեքստի մեջ հասկանաս, ընդհանուր Աստվածաշնչի մեջ հասկանաս։ Եվ այո, Պողոս առաքյալը հնազանդ էր իշխանություններին, երբ որ իրեն ձերբակալեցին ու մահվան դատապարտեցին, բայց ինչի՞ համար մահվան դատապարտեցին․ որովհետև ինքը նաև չհնազանդվեց իշխանություններին, չուրացավ Աստծուն, չկատարեց իշխանության կամքը, Քրիստոսից չհրաժարվեց։ Ուրեմն եթե իշխանությունը գործում է հակառակ Աստծո պատվիրաններին, այդ իշխանություններին այդ հարցում հնազանդ լինելու ոչ մի անհրաժեշտություն չկա, նույնիսկ ընդհակառակը։ Այսքանը պիտի որ հասկանա «աստվածաշնչագետը», «աստվածաբանը», բայց որտեղի՞ց հասկանա, իրեն պետք է ճամարտակել, ինչպես բոլոր հարցերում ճամարտակում է, հիմա սկսել է ճամարտակել նաև աստվածաբանական հարցերում։
- Այդ հայտարարությունից մեկ օր առաջ Վեհափառ հայրապետը հարցազրույցով հանդես եկավ, թեև ասաց, որ եկեղեցու ու իշխանությունների միջև հարաբերությունները հարթ չեն, սակայն շատ մեղմ և հավասարակշռված էր արտահայտվում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը այսպես կտրուկ արձագանքեց։
- Դե որովհետև քաշային կարգերը տարբեր են․ ո՜ւր Ամենայն հայոց կաթողիկոսը, ո՜ւր՝ ինքը։ Ինքը ի՞նչ է․ պատահականություն է հայ ժողովրդի պատմության մեջ, էն որ ասում են՝ դուրսպրծուկ, ինքը դուրսպրծուկի դասական օրինակ է։
- Փաշինյանի այդ հայտարարությունից հետո եղան կարծիքներ,որ Աստվածաշնչից նման մտքերը կտրելը, դրանք ուղիղ հասկանալը աղանդավորներին է բնորոշ, կա՞ նման բան։
- Աղանդավորներին բնորոշ երևույթ է ոչ թե ուղիղ հասկանալու կամ չհասկանալու խնդիրը, աղանդավորական մոտեցում է, երբ ինքնուրույն են փորձում հասկանալ Աստվածաշունչը՝ մերժելով ամբողջ մեկնողական ժառանգությունը եկեղեցու, և ամբողջ մեկնողական ավանդությունը եկեղեցու։ 2 հազար տարի է՝ եկեղեցին ունի մեկնողական ավանդություն ցանկացած տողի վերաբերյալ և ցանկացած ասվածի վերաբերյալ, և մարդը, այդ ամենից տեղյակ չլինելով, ինքնուրույն փորձում է վերլուծել։ Սա նման է նրան, որ ամեն թատրոն գնացող իրեն թատերագետ համարի, ամեն կինո դիտող իրեն կինոգետ համարի, ամեն պատկերասրահ գնացող իրեն նկարիչ կարծի, բայց հայտնվում է այն կոշկակարի վիճակում, երբ կոշկակարը մի օր նկարչին կոշիկի վերաբերյալ դիտողություն է անում, նկարիչը ընդունում է այդ դիտողությունը, հետո հաջորդ անգամ ուզում է ուրիշ բանի մասին նկատողություն հայտնել, և նկարիչն ասում է ՝ կոշիկիցդ վեր մի բարձրացիր։ Հիմա այդ մարդկանց՝ ձեր կոշիկից վեր մի բարձրացեք, մի մտեք այն տիրույթ, որը ձեր խելքի բանը չէ։ Դուք նույնիսկ այն հարցերում, որոնք ձերն են, դրանից բան չեք հասկանում, քաղաքական հարցերում բան չեք հասկանում, տնտեսական հարցերից բան չեք հասկանում, ամեն ինչի մեջ դիլետանտ եք և ամեն ինչի մեջ ձախող, հիմա էլ մտել եք աստվածաբանությա՞ն մեջ։ Ոչ մի բանի մեջ ոչ մի բան չգիտեն, բայց խոսում են ամեն ինչի մասին իբրև ամեն ինչի մասին տեղյակ, հիմա աստվածաբանությունն ու աստվածաշնչագիտությունն էր մնացել, հիմա այստեղ էլ են ուզում իրենց քիթը կոխել։ Հիմարություն է։
Կարծիքներ