Քաղաքականություն

Նոր Հայաստանում ընդունված «հեղափոխական» օրենքները

Նոր Հայաստանում ընդունված «հեղափոխական» օրենքները

 Շուտով կլրանա յոթերորդ գումարման ԱԺ գործունեության մեկ տարին։  
Ի՞նչ գնահատական կարելի է տալ մեկ տարվա գործունեությանը, թողնենք յուրաքանչյուրիդ, մի բան փաստ է՝  այն հեռու է հեղափոխական կոչվելուց, եթե չասենք՝ ճիշտ հակառակը։ Նորերը շարունակում են հին ավանդույթը, ու տասնամյակների քննադատությունը, որ խորհրդարանները չեն աշխատում, այլ պարզապես կառավարության դակիչն են, մեր օրերում էլ արդիական է։ Պատգամավորների թվի 27-ով ավելացումը նույնպես որակական արդյունքի չբերեց։ Այսօրվա իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մինչ հեղափոխությունը եւ հեղափոխության օրերին մեղադրում էր նախկիններին Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի «հագով կարելու», օրենքներն անձերին հարմարեցնելու մեջ, մեկ տարվա մեջ, սակայն, որեւէ փորձ չարվեց հրաժարվելու Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումից»։ Պարզվեց՝ այն նաեւ Նիկոլ Փաշինյանի «վրայով» է, եղածին ավելացան նորերը՝ արդեն հեղափոխականների «հագով»։ Որոնք են մեկ տարվա ընթացքում ընդունված այն հիշարժան օրենքները, եւ որքանով են դրանք փոխում ՀՀ շարքային քաղաքացու կյանքը, դիտարկենք միասին։ Այսպիսով՝ ամենահեղափոխական օրենքը, որն ընդունվեց ի պատիվ թավշյա հեղափոխության, ապրիլի վերջին շաբաթ օրը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր սահմանելու մասին է։ «Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»,- պաշտոնապես հիմնավորել էր  կառավարությունը։ Խորհրդարանն ընդունեց նաեւ «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենք, որի հեղինակներն են ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը։ Օրենքն աջակցություն է սահմանում 10 զոհերի իրավահաջորդներին եւ այն անձանց, որոնք մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով ստացել են ծանր կամ միջին ծանրության մարմնական վնասվածք, զոհերի իրավահաջորդներին՝ 30 միլիոն դրամի չափով։

Օրենքն արդեն ուժի մեջ է մտել եւ հարուցել սոցիալական այլ խմբերի, մասնավորապես, զոհված զինծառայողների մայրերի զայրույթը։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անում կառավարության դիմաց եւ պահանջում նաեւ իրենց փոխհատուցել։ Մյուս աղմկահարույց օրենքն էլ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններն էին, որոնց արդյունքում նախարարությունների թիվը 17-ից հասցրին 12-ի: Լուծարեցին սփյուռքի նախարարությունը, որոշ նախարարություններ միավորեցին, վերաձեւեցին, հրաժարվեցին առաջին փոխվարչապետի պաշտոնից, գործընթացի անունը դրեցին օպտիմալացում, պետական միջոցների խնայում։ Նախկինում Փաշինյանը շատ էր թմբկահարում, որ պետական հիմնարկներում ավելորդ ձրիակերներ են, այն արհեստական ուռճացված է, սակայն շուրջ մեկ տարի է անցել, ու այդպես էլ պարզ չէ, թե որքան աշխատող է կրճատվել, որքան տնտեսում է արվել։ Պաշտոնապես կոնկրետ թիվ չեն հրապարակում՝ ասելով, թե գործընթացը դեռ չի ավարտվել։

Հեղափոխության ոգուց է բխում նաեւ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի հեղինակն իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է։ Այն հանրությունն անվանակոչեց «գործ տվողների օրենք»․ ամեն քաղաքացի, հատուկ հավելվածի միջոցով, կարող է նկարահանել եւ ոստիկանությանը տեղեկացնել այլ քաղաքացու կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մասին, բայց ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ։ ԱԺ-ն ընդունեց նաեւ գույքահարկի թանկացում նախատեսող, նվազագույն աշխատավարձը բարձրացնող օրենքներ։

Հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դրամ դարձնելու նախագիծը կտարածվի 57 հազար պետական ծառայողների եւ մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողի վրա։ Օրենքն ուժի մեջ կմտնի եկող տարվա հունվարի 1-ից։ Նախագծի հեղինակներն «Իմ քայլից» Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանն են։ Մի քանի օր առաջ էլ խորհրդարանն ընդունեց քրեական ենթամշակույթը քրեականացնելու աղմկահարույց նախագիծը։ Այլ կերպ ասած՝ օրենքն «օրենքով գողերի» ու գողականների դեմ է, նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու համար, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար։ Հանցավոր խմբավորմանը մասնակցությունը կպատժվի օրենքով, 4-8 տարի ազատազրկմամբ։ Սրանք հիմնական հիշարժան եւ աղմուկ հանած նախագծերն են, որոնք օրենքի տեսք են ստացել այս խորհրդարանում։ Քիչ չեն նաեւ կյանքի չկոչված, բայց աղմկահարույց նախագծերն ու նախաձեռնությունները։ Օրինակ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի ընդունումը կարող էր իրական հեղափոխություն բերել Հայաստանին, քանի որ հեղափոխականների մշակած տարբերակում դուրս էր մնացել իշխանությունների վերարտադրման գլխավոր դրույթը՝ ռեյտինգային ընտրակարգը, բայց իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, ջանքեր չթափեց, ԱԺ-ն չշրջափակեց այդ օրենսգիրքն ընդունելու համար, ինչպես արեց արտահերթ ընտրության հասնելու դեպքում։

Տապալվեց նաեւ դատավորների վեթթինգի աղմկահարույց նախաձեռնությունը, քանի որ այն չարժանացավ Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքին։ Առաջիկայում խորհրդարան կբերվի դատաիրավական բարեփոխումների փաթեթը, որտեղ վեթթինգի փոխարեն ներառված է բարեվարքության կանոնների մասին օրենսդրական դրույթը։ Անհայտ է նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի ճակատագիրը․ ամիսներ շարունակ խոսվում էր այն խորհրդարանի կողմից վավերացնելու մասին, բայց դրան դիմադրում են անգամ իշխող ֆրակցիայում, ինչի պատճառով էլ կոնվենցիայի՝ օրակարգ բերելը հետաձգվում է։

Իշխանությունը մի քանի օր հետո մեկնարկող քառօրյայի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կընդունի նաեւ հերթական օրենքը, որը բխում է իր շահերից։ Խոսքն ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոններում քաղաքացիական անձանց նշանակելու նախագծի մասին է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image